Բաժիններ՝

Վերահսկիչ պալատը լուրջ խախտումներ է հայտնաբերել Հյուսիս-Հարավ ճանապարհի շինաշխատանքներում

Վերահսկիչ պալատը մի շարք խախտումներ է բացահայտել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրագործման շինաշխատանքներում: Հյուսիս-Հարավ ծրագրի Երևան-Աշտարակ, Աշտարակ-Թալին և Երևան-Արարատ ճանապարհահատվածների վերակառուցման համար 2012թ. ապրիլին կայացած բաց միջազգային մրցույթի արդյունքում հաղթել էր իսպանական «Իզոլյուքս կորսան» ընկերությունը, վերահսկումն իրականացնում են ֆրանսիական «Սաֆեժ» և իսպանական «Էպտիսա» ըներությունները:

 

Այսօր ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ՎՊ 5-րդ վարչությունն օպերատիվ հսկողության արդյունքում արձանագրել է, որ այն շինարարության ձևը, որ իրենք ընտրել են, ուղղակի խայտառակություն է. ճանապարհի հիմքում 3 սմ քարեր օգտագործելու փոխարեն՝ 30 սմ քարեր են օգտագործվել, տեխնիկական վերահսկող ընկերությունը չի իրականացրել իր լիազորությունները, որի համար ՎՊ-ն արձանագրություն է կազմել: Ջրահեռացման մասով ոչ թե ջրահեռացում են արել, այլ ջրագոյացում, կամուրջն ուժեղացնելու հետ կապված բացարձակ անորակ աշխատանք է իրականացվել, և դա երևում է՝ առանց որևէ լաբորատոր հետազոտության, բետոնն անորակ է:

 

Ի. Զաքարյանն այս մասին զեկուցել է ՀՀ նախագահին, արդյունքում՝ ծրագրերի իրականացման տնօրեն Արա Հովսեփյանն ազատվել է աշխատանքից: Ի.Զաքարյանը հայտնեց, որ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների խնդրանքով ընդունել է նրանց, սակայն բերված պատճառաբանություններն անհիմն են եղել: Օրինակ՝ 6 մլն դոլար շահած կազմակերպությունն ունի ընդամենը 8 հսկիչ: «Բայց ի՞նչն է իրենց խանգարում ունենալ ավելի շատ հսկիչներ: Պարտավոր են ամեն օր հսկել կատարված աշխատանքները: ՎՊ-ն արձանագրել է, որ վերահսկող կազմակերպությունը պայմանագրով իր լիազորությունները չի կատարել»,- ասաց Ի.Զաքարյանը:

 

ՎՊ խորհուրդն այսօր որոշել է կառավարությանն առաջարկել մեկամսյա ժամկետում շտկել իրավիճակը, հակառակ դեպքում՝ լուծարել պայմանագիրը և հայտարարել վերահսկող կազմակերպությունների նոր մրցույթ:

 

Հարցին՝ հայկական որևէ պաշտոնյա առնչություն ունի՞ մրցույթը շահած ընկերությունների հետ, Ի.Զաքարյանը պատասխանեց, որ դա ՎՊ գործառույթի մեջ չի մտնում:

 

«Անհասկանալի և ուռճացրած տոկոսադրույքներ են կիրառվել, որը, մեր կարծիքով՝ հիմք է հանդիսանում ատկատների համար: Օրինակ. ԱԱՀ-ն՝ 20%, շահույթը՝ 11%: Դրա արդյունքում  շինոլորտում 83%-ով ավելանում են գումարները: Մենք երկար ժամանակ խոսել ենք ատկատներից, ՎՊ նախագահն ուղիղ երկու տարի առաջ ԱԺ ամբիոնից խոսել է տրամաբանությունից դուրս կիրառվող տոկոսների մասին: Ուղիղ երկու տարի նախագիծը գնացել է մի նախարարությունից մի նախարարություն, հիմա հետ է եկել Քաղաքաշինության նախարարություն»,- ասաց ՎՊ նախագահը՝ օրինակ բերելով, որ 70 հազարանոց մետաղապլաստմասսե դուռը բյուջեի միջոցներով գնվում է 119 հազար 419 դրամով, իսկ ՎՊ-ն առաջարկում է 99 հազ. 435 դրամով գնել. «Գումարային տարբերությունը շատ լուրջ է: Տարբեր արժեքի զուգարանակոնքերի տեղադրման դեպքում՝ 30հազար դրամանոցը բյուջեի վրա նստում է 64 հազար 606 դրամ»:

 

168.am-ի հարցին՝ լուրեր էին շրջանառվում, որ ձեռք է բերվում ոչ տեղական շինանյութ, հաշվարկ կա՞, որքանո՞վ է դա ազդել գների վրա, Վ.Զաքարյանը պատասխանեց, որ իր տեղեկություններով՝ նման բան չկա, օգտագործվում է տեղական շինանյութ:

 

Զաքարյանը նշեց, որ գործը Դատախազություն ներկայացնելու համար պետք է ֆինանսական խնդիրների հետ առնչվեն, իսկ առայժմ աշխատանքն ընթանում է լուրջ խախտումներով:

 

Նշեն, որ Հյուսիս-Հարավ ծրագիրը ՀՀ և ՎՀ սահմանային անցման կետից միջազգային ճանապարհաշինությանը համապատասխան մայրուղու կառուցում է, որի ավարտը 2017-ին է: Ասիական զարգացման բանկը տրամադրում է 500 մլն վարկային միջոցներ, իսկ ծրագրի ընդհանուր արժեքը 962 մլն դոլար է, գումարը հատկացվում է 3 տրանշներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս