Բաժիններ՝

Առաջին անգամ պետական միջոցներով ձեռք են բերվելու գիտական սարքավորումներ

«Առաջին անգամ պետական միջոցներով արդիականացվելու է գիտական կազմակերպությունների նյութատեխնիկական բազան. ձեռք են բերվելու գիտական սարքավորումներ: Հայաստանում նման բան երբևիցե չի եղել, սակայն սա արդեն իրողություն է, այդ մասին որոշումը ես երեկ եմ ստորագրել»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը՝ նշելով, որ գիտական սարքավորումների ձեռքբերման մրցույթին կարող են մասնակցել բազմաթիվ հիմնարկներ, և մրցույթում հաղթողները համապատասխան աջակցություն կստանան՝ սարքավորումների ձեռքբերման համար:

Ս. Հարությունյանի խոսքով՝ Հայաստանում կան լաբորատորիաներ, որոնք դրամաշնորհային տարբեր ծրագրերի միջոցով էապես թարմացրել են իրենց գիտական պարկը. խոսքը թե  համալսարաններում և թե ակադեմիական ինստիտուտներում գործող տարբեր լաբորատորիաների մասին է։ Այդուամենայնիվ, ըստ բանախոսի, գիտության ոլորտի կարևորագույն խնդիրներից մեկը դեռևս կապված է հենց գիտական սարքավորումների արդիականացման հետ, և ներկայումս բազմաթիվ նոր սարքավորումների կարիք կա, քանի որ շատ հաստատություններում սարքավորումները շատ հին են:

Ս. Հարությունյանի խոսքով՝ գիտական կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի արդիականացմանն ուղղված ծրագրերի մրցույթին 2013թ. նախատեսված է հատկացնել 305մլն 570 հազ դրամ: «Ճիշտ է՝ այդ գումարների ծավալը մեծ չէ, սակայն ենթադրում ենք, որ այդ գումարով 5 լաբորատորիաներ ձեռք կբերեն նոր սարքավորումներ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ հայտեր մենք կստանանք. եթե օրինակ՝  հայտ լինի, որտեղ պահանջվում է, ասենք, 30 մլն դրամ, ոչ թե 60 մլն դրամ, ուրեմն 5-ի փոխարեն 6 լաբորատորիայի կկարողանանք աջակցություն ցուցաբերել»,- ասաց Ս. Հարությունյանը՝ նշելով, որ, հավանաբար, ծրագրով տրամադրվող գումարների 40%-ը կտրվի հումանիտար ոլորտին, իսկ 60%-ը՝ բնական գիտություններին:

«Մասնավորապես, ես գիտեմ, որ լուրջ սարքավորումների խնդիր ունեն մեր հնէաբանները:  Բազմաթիվ հնագիտական ուսումնասիրություններ են կատարվում Հայաստանում, որտեղ գտածոների տարիքի որոշման և այլ տարբեր քիմիական ուսումնասիրությունների համար ստիպված ենք լինում այդ նմուշները ուղարկել արտերկիր և մեծ գումարներ վճարել Իսրայելին կամ, ասենք, Միացյալ նախանգներին, որպեսզի համապատասխան ուսումնասիրություններ կատարվեն: Մինդեռ եթե Հայաստանում ստեղծվի նմանատիպ ուսումնասիրությունների համար նախատեսված սեփական լաբորատորիա, ապագայում այն կարող է դառնալ տարածաշրջանային, քանի որ հնագիտական ոլորտի լաբորատորիաներ մոտակա երկրներում՝ Թուրքիայում, Վրաստանում կամ Ռուսաստանում չկան»,-ասաց Ս. Հարութունյանը՝ նշելով, որ մենք ունենք բավարար քանակի որակյալ մասնագետներ, ուստի ստեղծվելիք լաբորատորիան կարող է ծառայել նաև մեր հարևան երկրների նմանատիպ ուսումնասիրությունների իրականացմանը:

Կարդացեք նաև

Ս. Հարությունյանի խոսքով՝ ֆինասնսավորվող ծրագրերից մեկ ուրիշը կարող է նպաստել Մատենադարանում իրականացվող թվայնացման աշխատանքներին: «Մատենադարանում կան ավելի քան 18 հազար ձեռագրեր, որոնք թվայնացման կարիք ունեն: Թվայնացման ծրագիրը արդեն մի քանի տարի է՝ ինչ իրականացվում է, սարքավորումները չեն բավարարում, որպեսզի այդ գործընթացը ավելի արագ ընթանա։ Կարծում եմ, որ հումանիտար ոլորտում աջակցություն ստացող լաբորատորիաներից մյուսը հավանաբար կլինի Մատենադարանի հենց այդ ծրագիրը»,- ասաց Ս. Հարությունյանը: Նրա խոսքով՝ բազմաթիվ այլ ծրագրեր կարելի է կյանքի կոչել, ուստի ցանկացած գիտական կառույց կարող է հայտ ներկայացնել և մասնակցել մրցույթին:

Ս. Հարությունյանի խոսքով՝ լաբորատորիաների վերազինման ծրագրերը լինելու են մշտական և ամենամյա, իսկ այդ ծրագրերին հատկացվող գումարների ծավալները ամեն տարի ավելացվելու են:

«Այս տարի շուրջ 305 մլն ենք ծախսելու, եկող տարի կծախսենք ավելի շատ, մյուս տարի՝ էլ ավելի շատ և այդպես շարունակ: Այսինքն, իմ հաշվարկներով՝ առաջիկա 5 տարիներին սարքավորումների ձեռքբերման համար ծախսվելու է ավելի քան 1.5 մլրդ դրամ, իսկ դա արդեն բավական լուրջ գումար է»,- ասաց Ս. Հարությունյանը:

Նրա տեղեկացմամբ, գիտական կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի արդիականացման մրցույթի մասին հայտարարությունը հունիսի 3-ին կլինի ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ինտերնետային կայքում՝ http://scs.am/, և ցանկացած հիմնարկ, որն ունի սարքավորումների խնդիր, կարող է համապատասխան ձևով կոմիտե ներկայացնել իր հայտերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս