Մերի Մուն. «Ես սիրում եմ պայքարի ձևը վերածել գործունեության»
Մայիսի 18-ին տեղի ունեցած «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակներում, բավական հետաքրքիր նախագծեր իրականացնելուց բացի, նաև կիրառվեցին մշակութային տեղեկատվության հասանելիությունը դիպուկ դարձնելու` աշխարհում ընդունված ձևաչափերը:
Նկարչուհի, քանդակագործ Մերի Մունի հիմնադրած «Visualgapgallery» կազմակերպության նախաձեռնությամբ 32 արվեստագետների թվով 160 աշխատանքներ թվայնացված, հատուկ պատրաստված տեսանյութով «պտտվեցին» ոչ միայն մայրաքաղաքում գտնվող մեծամասշտաբ մոնիտորներով, այլև՝ Էջմիածնի, Գյումրիիի, Վանաձորի, Շուշիի և այլ քաղաքների թանգարաններում, ցուցասրահներում: «Թվային թանգարանային գիշեր» խորագրով տեսահոլովակով արվեստագետներին ներկայացնելու այս ձևաչափը շատ մեծ արձագանք ստացավ մեր քաղաքացիների կողմից, քանի որ քաղաքն արվեստ էր քարոզում: Վիզուալ այդ ինֆորմացիայի քարոզչությունը մեծ հետաքրքրությամբ որսում էին փողոցների մոնիտորների մոտ խմբված անցորդները, խոշոր առևտրի կենտրոնների այցելուներն ու բոլոր այն մարդիկ, որոնց ուշադրությունից չվրիպեց մեծ էկրաններով ցուցադրվող նկարչությունը:
«Visualgapgallery»-ի հիմնադիր, նկարիչ, քանդակագործ Մերի Մունը բավականին ճկուն մարտավարություն է վարում նկարչությունն ու դրա տարածումն առավել պրոդուկտիվ դարձնելու համար: Նա համագործակցում է խոշոր ընկերությունների, բանկային համակարգի ներկայացուցիչների և բոլոր այն կազմակերպությունների հետ, որոնց կարողանում է համոզիչ ներկայացնել արվեստի մեջ ներդրում կատարելու անհրաժեշտությունը: Մենք Մերի Մունի հետ զրուցեցինք իր նկարչության, հատկապես` նրա քաղաքային կտավների շարքի, ինչպես նաև` ոլորտի խնդիրների մասին:
– Քաղաքային պատկերների կտավներիդ շարքը կարծես հիշողությունների դրվագներ լինեն: Ի տարբերություն իրական կյանքի, որտեղ մենք քաղաքի հետ շփվում ենք ներքևից, քո գործերում նույն քաղաքային կոլորիտը սկսվում է տանիքներից:
– Ես ծնվել եմ մի շենքում, որտեղ բնակվում էինք 11-րդ հարկում: Մեր պատուհաններից քաղաքը սկսվում էր տանիքներից: Իմ տեսադաշտում բացվում էր տանիքների այնպիսի մի տարածություն, որն աննկարագրելի հետաքրքիր էր: Ի տարբերություն այդ հսկայական տանիքների` մարդիկ աննշան, փոքր-փոքր էին:
Ես հաճախ բարձրանում էի մեր այդ բազմահարկ շենքի տանիք ու քաղաքը տեսնում էի բարձունքից, որտեղ շուկան, փողոցները, աժիոտաժը լրիվ այլ կերպ էին ընկալվում: Կտավներիս մեջ ընդգծում էի շենքերի ճարտարապետությունը, որոնք, դժբախտաբար, հիմա չկան: Հետո սկսեցի այդ շենքերը լուսանկարել, ու բանից պարզվեց, որ այն տարածքները, որտեղով մենք ամեն օր գնում-գալիս ենք՝ վերևից չէինք ճանաչում: Քաղաքային այն հատվածները, որոնք ես նկարում էի վերևից՝ չէին հիշում նաև այն ընկերներս, որոնց համար դրանք ամենօրյա ճանապարհներ են:
Հասկացա, որ մենք ոչ միայն շատ անուշադիր ենք, այլև շատ կարևոր բաներ մեզ համար աննկատ են մնում: Այն կադրերը, որոնք ռեալ կյանքում մոռացվում են, պարզվում է՝ նկարի տեսքով ֆիքսվում են մարդկանց հիշողության մեջ: Այսինքն՝ նույն շենքերը, երբ իրականությունից վերցնում դնում ես կտավի մեջ և մատուցում ես մարդուն` որպես նկար, դա դառնում է նրա համար կարևոր, թանկ հիշողություն:
– Քաղաքային շենքերի ճարտարապետությունը, գույնը, ձևն ու «երկխոսությունն» է փոխվել մարդու հետ: Այսօրվա շենքերի հետ մարդը կռիվ ունի: Ժամանակակից քաղաքը կտավիդ մեջ կարողանո՞ւմ է մարդուն հուզել, հոգեհարազատ զգացողություններ առաջացնել, թե՞ այսօրվա քաղաքը նույնիսկ գեղանկարչության պատկերներով կարող է մարդու մեջ հակազդեցություն, զայրույթ առաջացնել:
– Քաղաքի վերաբերյալ ես ունեմ իմ դիտարկումները: Ես մշտապես քաղաքը դիտարկում եմ` որպես մի միջավայր, և փորձում եմ հասկանալ, թե իմ մարմինն իրեն ինչպե՞ս է զգում այդ միջավայրում:
Այնուհետև քաղաքն եմ որպես ֆիզիկական մարմին դիտարկում և փորձում եմ վերլուծել, թե ինչպե՞ս է այդ մարմինն իրեն զգում իմ մարմնի հետ: Այսինքն՝ քո մարմինը մի ֆորմա է, ճարտարապետությունն էլ` մի ուրիշ ֆորմա, և եթե կա ներդաշնակություն, ուրեմն՝ զիլ է, իսկ եթե դիսհարմոնիա է՝ սկսում ես քաղաքի հետ կռիվ տալ: Օրինակ՝ Սովետական ժամանակաշրջանում կառուցված շատ շենքեր` որպես ֆորմա, շատ կոպիտ են, ամեն ինչ հասցված է մինիմալիզմի, չկա նրբություն, հարմոնիա: Այդ շենքերը կոնկրետ տեղեր են «ապրելու» համար, անգամ աչքի համար տհաճ են, և ոչ մի էսթետիկա գոյություն չունի: Ինչ վերաբերում է այսօրվա քաղաքին, ապա նույնն է, ոչ մի առանձնահատուկ ճարտարապետական լուծում չկա:
Երբ նկարում եմ, նախապես լուսանկարում եմ, որպեսզի շատ բաներ մաքրեմ: Հաճախ լույսի անկյունը փոխում եմ, և տեսարանի կոնցեպտն է փոխվում, մաքրում եմ այն ամենն, ինչն ինձ խանգարում է: Քաղաքներ կան, որտեղ ապշելու աստիճան հաշվի են առնված մարդկանց քանակը, տեսողական դաշտը և բոլոր այն մանրուքները, որոնք մարդու կենսապահովման անհրաժեշտություն լինելուց բացի` աննկարագրելի էսթետիկա ունեն:
– Այսինքն՝ քաղաքը հարմարեցվում է մարդուն: Այսօր երևանցին քաղաքի հետ անհաշտ է, որն արտահայտվում է անհանգստությամբ, անհնազանդությամբ: Քաղաքում բողոքի, դժգոհության մեծ ալիք կա:
– Անշուշտ, քաղաքն ազդում է մարդու վրա, բայց ամեն ինչ չէ, որ պետք է քաղաքում կատարվող կառուցապատման վրա բարդենք: Նման մոտեցումը ստիպում է մարդուն թերագնահատել կամ ստորադասել այնքան, որ կարող է ճարտարապետությունը նրա մեջ անհանգստություն առաջացնել: Մարդն իր կյանքի համար պատասխանատու է, և քաղաքում ամեն մի նոր երևույթ ի հայտ գալու հետ մեկտեղ` չպետք է ընկնի ծայրահեղությունների, ներքին կոնֆլիկտի մեջ:
Շատ դեպքերում մարդն ինքն իր ներաշխարհի հետ խնդիր ունի, ինքն իրենից դժգոհ է, և առիթ է պետք` իր կոնֆլիկտն այլ տարածքում բացահայտելու համար: Երբ ինքն իր հետ համաձայն չէ, ուրեմն՝ արտաքին աշխարհի հետ անհամաձայնություն առաջացնող երևույթները պատրվակներ են իր «ես»-ի հետ ունեցած խնդիրներն արթնացնելու համար: Շատերի համար քաղաքը հարմար պայման է ներքին կոնֆլիկտը թոթափելու համար: Հետևաբար, այդ ներքին, արտաքին կոնֆլիկտները բախվելով իրար` մարդուն դարձնում են երերուն, խոցելի:
– Եթե հաշվի առնենք, որ մեր հասարակության մեծամասնությունը համաձայն չէ քաղաքի նոր ճարտարապետության հետ, ուրեմն՝ պետք է ենթադրել, որ քաղաքացիների զգալի մասը ներքին կոնֆլի՞կտ ունի:
– Ոչ միայն մեր հասարակության, այլև` ամբողջ աշխարհի մարդկության:
– Գաղտնիք չէ, որ նկարչությունն այսօր արվեստի ամենախոցելի ոլորտներից է: Կա ստեղծագործություններն իրացնելու խնդիր: Կարողանո՞ւմ եք Ձեր նկարները հասցնել գնորդին:
– Ես ստեղծել եմ իմ բանաձևը, համաձայն որի՝ շարժվում եմ: Աշխատելու այն կառուցվածքը, որը մշտապես զարգացնում եմ՝ բավականին ֆունկցիոնալ է: Նախ` հրաժարվել եմ լիքը գալերեաներում ցուցադրվելուց և առանձնապես մեր դաշտում ցուցադրման կուլտուրայով չեմ հետաքրքրվում: Ես ստեղծել եմ «Visualgapgallery» տարածքը, որտեղ իրականացնում եմ իմ բոլոր նախագծերը:
Գալերեայի տարածք, որպես այդպիսին, գոյություն չունի, որովհետև այն իմ արվեստանոցն է, որը ծառայում է` որպես ցուցասրահ: Ընկերներիս հետ գաղափարներ ենք քննարկում, նախագծեր ենք մշակում, տեքստերը տարածում ենք Ֆեյսբուքում, հրավիրատոմսեր ենք տպագրում և այն դարձնում ենք իրականություն: Գալերեան ունի կոնկրետ գործընկերներ, աջակիցներ, որոնք համագործակցում են և օգնում են մեր աշխատանքը զարգացնելու հարցում:
Այսինքն՝ իմ բանաձևի համաձայն՝ ես կախյալ վիճակում չեմ, իմ արվեստով այլ մարդիկ կամ գալերեաներ չեն զբաղվում, այլ դա անում եմ ես, իմ տարածքում՝ իմ նախագծերն իրականացնելով:
«Visualgapgallery»-ն ունի էլեկտրոնային կայք, գործում է վիզուալ տարածքում, ինչպես նաև` ֆիզիկական տարածք, որն իմ արվեստանոցի տարածքն է: Ես համարում եմ, որ մեր՝ երիտասարդ սերնդի համար այս փուլը շատ կարևոր է, և այս տարածքում ցուցադրվելու հնարավորությամբ մենք պետք է կարողանանք ընկալել, թե ի՞նչ ենք ստեղծում: Շատ կարևոր են ցուցահանդեսի ընթացքում շփումները, քննարկումները, որովհետև նաև այցելուների սերունդների տարբերությունը խելամիտ երկխոսությունների դաշտ է ստեղծում: Ինձ նաև շատ ուրախացնում է այն փաստը, որ ինձ մոտ գալիս են այն մարդիկ, ովքեր սիրում են արվեստը, բայց գալերեաներ, թանգարաններ չեն գնում:
Գալիս են ինչպես` արվեստի դաշտից, այնպես էլ՝ բանկերից, ընկերություններից: Մեր առաջին ցուցահանդեսը կրում էր «Երբ Սենդին գնացել էր» խորագիրը, որն ամերիկյան փոթորկի հետ էր կապված: Բնականաբար, մենք չէինք կարող ֆինանսական աջակցություն ցուցաբերել և ընկերներով որոշեցինք ցուցահանդեսը նվիրելով` հարգանք մատուցել: Երկրորդը՝ «Արտ օբյեկտն» էր, այնուհետև՝ «Թվային թանգարանային գիշեր» նախագիծը:
– Կարելի՞ է ասել, որ գալերեայի այս ձևաչափը բոյկոտ է հայկական իրականության այն գալերեաների դեմ, որոնք կարծրացած, ճահճացած են և տարվա մեջ մեկ անգամ կարող են թարմ իդեա առաջարկել այցելուին:
– Ես սիրում եմ պայքարի ձևը վերածել գործունեության: Սովորաբար չեմ սիրում գոռալ, աղաղակել` կարծիքս հայտնելու համար, որովհետև ցույց տալու համար, թե ինչպես եմ մտածում` մշտապես ինչ-որ բան անում եմ: Ես սիրում եմ այն, ինչ անում եմ, և հավատում եմ իմ աշխատանքի հաջողությանը: Մշտապես գնում եմ իմ իդեաների հետևից, զարգացնում եմ այնքան, որ արդյունավետությունը շոշափելի լինի, երբեք չեմ կանգնում կեսճանապարհին:
– Հայաստանյան իրականության մեջ նկարի գնային քաղաքականությունը պարադոքսալ բնույթ ունի: Նկարիչները դժգոհում են նկարի վաճառքից, բայց դրա հետ մեկտեղ` չարդարացված գնային քաղաքականություն են վարում: Շարքային արվեստասեր մարդու համար, որը նկարի պոտենցիալ «սպառող» է, հասու չէ նկարը, որովհետև դրանք աստղաբաշխական գներ ունեն: Որքան գիտեմ, Ձեր գործերը նույնպես թանկարժեք են:
– Ես այդ հարցի շուրջ շատ եմ մտածել, թե ինչպե՞ս պետք է գնային քաղաքականություն մշակել, մանավանդ, որ օտարերկրյա և տեղացի գնորդների քսակներն էականորեն տարբեր են: Ես չունեմ հայաստանաբնակ գնորդներ, բայց ունեմ ինչպես` օտարերկրյա, այնպես էլ՝ դրսի հայ գնորդներ: Իմ գալերեայի գործընկերների հետ ես բանակցում եմ՝ ասելով, որ կարող է լինել նաև նկարի վաճառք: Ես նրանց փորձում եմ ինֆորմացիա տալ նկարի արժեքի մասին, քանի որ Հայաստանում մեծ ընկերություններն այդ գիտակցությունը դեռևս չունեն: Պետք է կարողանանք նրանց սովորեցնել նկար գնել, հատկապես սովորեցնել, թե ինչո՞ւ նրանք մեծ գումարով նկար գնեն, ինչո՞ւ են նրանք հարստանում նկարով: Նրանք պետք է իմանան, թե ինչո՞ւ այսօր գումար տան նկարի համար, և ապագայում այդ նկարն ի՞նչ կարժենա: Ես փորձում եմ դրսի մոդելն այստեղ իրացնել՝ հորդորելով ընկերություններին գնել նկարների շարք և ցուցադրել իրենց տարածքներում, մանավանդ, որ դրսից պաշտոնական պատվիրակություններ են ունենում:
Դա նախ` իրենց է պատիվ բերում: Երբ նկարիչը մտածում է իր գործը «ծախելու» մասին՝ դա ինձ համար անընդունելի է: Ես փորձում եմ այսօր այն գիտակցությունը տարածել, որ օրինակ՝ Կոնյակի գործարանն ինչո՞ւ առավել ներկայանալի կլինի, եթե գործարանի տարածքում ցուցադրի որևէ հեղինակի կոլեկցիա: Ինչ վերաբերում է նկարի վաճառքին, ապա գնորդը ոչ թե պետք է գնի, այլ՝ նկարը ձեռք բերի: Մենք հիմա զբաղված ենք նկար «ծախելով», որովհետև նկարիչներն ուզում են գնորդին «կպցնել» նկար «ծախելու» համար: Ես չեմ ուզում մտնել այդ ամենի մեջ, որովհետև դրանից ինչպես` հեղինակի, այնպես էլ` գործի արժեքն ընկնում է: Ինչ վերաբերում է թանկ գներին, ապա իմ գործերը ձեռք են բերում հիմնականում օտարերկրացիները և բարձր գներով, իսկ ես իմ գնորդին հարգում եմ և չեմ կարող նկարի գինն իջեցնել:
«168 ԺԱՄ»