Բաժիններ՝

«Երևան, իմ սեր» ծրագրի ուղերձը (լուսանկարներ)

Ուելսի արքայազն Չարլզը մայիսի 28-30-ը մասնավոր այցելությամբ կլինի Հայաստանում՝ որպես «Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր: Արքայազնն Արքայական ընտանիքի առաջին անդամն է, ով կայցելի Հայաստան: Վերջին տարիների ընթացքում Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան պաշտոնյաները պաշտոնական այցով Հայաստանում չէին եղել: Այդ է պատճառը, որ ըստ որոշ փորձագետների՝ այցը պատմական է, հետաքրքիր և աննախադեպ:

Ներկայացնում ենք «The Times» թերթի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բյուրոյի նախկին ղեկավար, «Երևան, իմ սեր» ծրագրի լրատվամիջոցների խորհրդական Թոնի Հալփինի հոդվածը «Երևան, իմ սեր» ծրագրի մասին:

Եթե մենք Հռոմով հիանում ենք՝ կոչելով այն Հավերժական քաղաք, ապա ի՞նչ կոչում տանք Երևանին, որը 30 տարով առավել տարեց է: Հայաստանի մայրաքաղաքի մշակութային և ճարտարապետական ժառանգության արժանապատվությունը վերածնելու համար բարեգործական մի կազմակերպություն առաջարկում է իր սերը:

Charles (3)

Կարդացեք նաև

«Երևան, իմ սեր» բարեգործական հիմնադրամը ներկայանում է որպես «ճարտարապետական ժառանգության վերածնման նախագիծ՝ զուգորդված սոցիալական ազդեցության լուրջ ծրագրերով»: Հիմնադրամը, որ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի մտքի արգասիքն է, իր կիզակետում ունի երկու հիմնարար նպատակ, որոնք յուրաքանչյուր մեծ քաղաքի կենսունակության բաղադրիչներն են՝ գեղեցիկ ավանդույթների պահպանություն, ինչպես նաև՝ խոստումնալից ապագա մանուկների համար:

Բարեգործական աշխատանքներն ուղղված են վերականգնելու և վերակառուցելու Երևանի պատմական շենքերը, միաժամանակ նոր շունչ հաղորդելով դրանց, հարմարեցնելով քաղաքացիների ժամանակակից պահանջներին: «Երևան, իմ սեր» ծրագրերի ջանքերը, մասնավորապես, ուղղված են օժանդակելու երեխաների և երիտասարդների կրթության, ինչպես նաև՝ կենսապայմանների բարելավմանը: Սա վերաբերում է հատկապես ծնողազուրկ և անապահով ընտանիքներում մեծացող  մանուկներին:

Charles (4)

Բարեգործական հիմնադրամի հիմնադիր և նախագահ, Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, Միացյալ Թագավորությունում անկախ Հայաստանի առաջին դեսպան Արմեն Սարգսյանն այսպես է բացատրում. «Երևան, իմ սերը» ոչ միայն բարեգործական կազմակերպություն է, այլև, որ խիստ կարևոր է, համընդգրկուն կենսափիլիսոփայություն կամ կյանքի մշակույթ: Սա, բառիս բուն իմաստով և գաղափարի ամենալայն առումով՝ սերն է հարազատ քաղաքի և հայրենի եզերքի հանդեպ»: «Երևան, իմ սերը», նախ և առաջ՝ ձգտում է վերափոխել վերաբերմունքը քաղաքի հանդեպ և ներդնել գիտակցություն, որ հարգանքի են արժանի ոչ միայն ֆիզիկական մաքրությունը, գեղեցիկ համայնապատկերները և տեսարժան վայրերը, այլև մշակութային արժեքները և ժառանգությունը»:

Նա հավելում է, որ բարեգործականի անվանումն այն պարզ իրողության արտացոլումն է, որ «յուրաքանչյուր հայ, որտեղ էլ բնակվելիս լինի, սրտի անկյունում իր սիրելի մայրաքաղաքի համար յուրահատուկ տեղ ունի»: Ծրագրերի նպատակները հավակնոտ են, սակայն այսօր արտահայտվում են երեք ստույգ նախաձեռնություններով, որոնք բազմաթիվ նշանակալի աջակիցներ են գրավել:

Charles (8)

Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը և Արմեն Սարգսյանը Վինձորի պալատում 2010 թվականին պատմական ընթրիք տվեցին՝ միասին տոնելով Շոտլանդիայում գտնվող եզակի ճարտարապետական հուշարձան Դամֆրիների տան վերականգնման՝ արքայազնի հաջողված նախաձեռնությունը, որտեղ և միաժամանակ մեկնարկեց հայկական ճարտարապետական ավանդույթների պահպանմանն ուղղված «Երևան, իմ սեր» ծրագիրը:

Արքայազն Չարլզն այդ երեկո հրավիրված հյուրերին ասաց. «Կարծում եմ, կարող եմ որոշակի վստահությամբ պնդել, որ վերջին մոտ հազար տարում Վինձորի պալատում առաջին անգամ է տեղի ունենում անգլիահայկական համատեղ տոնակատարություն»: Երեկոյին ներկա էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետը, հայ և բրիտանացի առաջատար գործարարներ և մշակույթի գործիչներ:

Charles (9)

Արքայազնը, ով խոսք ու զրույցի ականավոր վարպետ է, արտահայտեց իր հիացմունքը հայկական «բացառիկ և վեհ ճարտարապետական ժառանգությամբ», միաժամանակ բոլորին հիշեցնելով՝ «երկրի հոգին արտահայտող՝ «բաց երկնքի տակ գտնվող թանգարանի» նկատմամբ հոգատար վերաբերմունքի անհրաժեշտության մասին»: Նա շարունակեց. «Այդ է պատճառը, որ ես անչափ ուրախ եմ մասնակցելու ի նպաստ «Երևան, իմ սեր» բարեգործական ծրագրին տրվող ընթրիքին, որը կօգնի քաղաքի հնագույն հատվածների վերակենդանացմանը և վերազարգացմանն այնպես, որ դա կնպաստի հայկական ավանդական ճարտարապետության և արհեստագործության պահպանմանն ու շարունակականությանը»:

Charles (1)

Արմեն Սարգսյանը միջոցառմանը տվեց առավել լայն ենթատեքստ, ասելով՝ «Աշխարհը գնալով փոքրանում է և ավելի ու ավելի է ծանրաբեռնվում մարդկության բախումներով, տնտեսական մարտահրավերներով և գոյապահպանական հոգսերով: Ինչպիսի՞ ապագա ենք ցանկանում մեր երեխաներին: Ի վերջո, կարծում եմ, սա է գերագույն խնդիրը»:

Առավել մաքուր գոյապահպանական խնդիրների հետ մեկտեղ, նա շեշտեց. «Հոգևոր և մշակութային ժառանգության պահպանումը կենսական է յուրաքանչյուր ազգության համար, անշուշտ, նաև ողջ մարդկության համար»:

Դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանն իր թոռան՝ կրտսեր Ջիվանի հետ Լոնդոնի ֆիլհարմոնիայում կայացած գալա համերգին ներկայացրեց «Գլադիատոր» կինոնկարի երաժշտական թեման՝ Հայաստանի երիտասարդական նվագախմբի երիտասարդ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Հանրահայտ տաղանդավոր երիտասարդ ջութակահար Միքայել Սիմոնյանը Նյու Յորքից նվագեց Չայկովսկու Ջութակի կոնցերտը, մեցցո-սոպրանո Դարիգա Նազարբաևան կատարեց հայկական և ղազախական ազգային երգերի ընտրանին: Ներկայացվեց նաև Արամ Խաչատրյանի «Սպարտակ և Ֆրիգիայի» ադաջիոն:

Մեկ տարի անց արքայազն Չարլզը և Արմեն Սարգսյանը բանկետ հրավիրեցին Բուքինգհեմյան պալատում՝ ի շնորհակալություն երկու բարեգործական ծրագրերի նվիրատուների և աջակիցների: Արքայազնը նկատեց. «Ես վաղուց ի վեր հիացած եմ Հայաստանով, որպես առաջինը քրիստոնեություն ընդունած ազգի օրրանով, իր բացառիկ ճարտարապետական ժառանգությամբ: Անչափ ոգևորիչ է, որ «Երևան, իմ սեր» ծրագիրը պահպանում և շարունակում է հայկական ավանդական ճարտարապետությունը և արհեստագործությունը»:

Charles (5)

Երեկոյի տոնակատարության ընթացքում կրկին  կենտրոնական դեր ուներ հայկական հարուստ երաժշտական ժառանգությունը: Ելույթ ունեցան աշխարհահռչակ սոպրանո Րենի Ֆլեմինգը, ջութակահար և դիրիժոր Մաքսիմ Վենգերովը, Լոնդոնի ֆիլհարմոնիկը և «Բաչ» երգչախումբը: Վենգերովն առաջին անգամ իր արտիստական գործունեության ընթացքում նվագեց Կոմիտասի «Կռունկը», որպես իր ներդրումը բարեգործական ծրագրին, իսկ երգչախումբը կատարեց հուզիչ հատվածներ հայկական պատարագից, Մակար Եկմալյանի «Սուրբ-Սուրբը» և «Հայր մերը»:

Տեր և տիկին Արմեն և Նունե Սարգսյանները «Երևան, իմ սեր» ծրագրի գլխավոր նվիրատուներին և աջակիցներին բանկետի հրավիրեցին «Րոյալ Ասկոտում»՝ հատուկ «Հայկական օրվա», ի երախտագիտություն բարեգործական հաջող աշխատանքներին նրանց ներդրման:

Charles (10)

Բարեգործական նպատակներին աջակցելու համար 2011 թվականի դեկտեմբերին Լոնդոնի աուկցիոներները «Քրիսթիսում» առաջին անգամ անցկացրին հայ ժամանակակից արվեստի աճուրդ: Վիկոնտ Լինլին, ով «Քրիստիսի» նախագահն է և Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ազգականը, վերհիշեց իր այցելությունը Հայաստան, ասելով՝ «Հայաստանը մշակութային առումով կարևոր և մոգական երկիր է»: Հակոբ Հակոբյանի, Նարեկ Ավետիսյանի, Արարատ Սարգսյանի և Համլետ Հովսեփյանի կտավները, ի թիվս ավելի քան 20 նկարիչների գործերի, ներկայացված էին միջազգային հանրությանը, որոնք ներառում էին գնորդների Եվրոպայից, Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից և Հայաստանից:

«Երևան, իմ սերի» առաջին ծրագիրը նախատեսում է Երևանի Կոնդ թաղամասում՝ Սբ. Հովհաննես եկեղեցու հարևանությամբ վերակառուցել 3 պատմական շենքեր, որոնք գոյություն են ունեցել 19-րդ դարից, և այնուհետև դրանք օգտագործել տեղի բնակչության կարիքների համար: Երևան քաղաքը հունվար ամսին պաշտոնապես հողի սեփականությունը փոխանցեց «Երևան, իմ սերին», կառուցապատումը սկսելու նպատակով:

Charles (6)

Մեկ  երկհարկ շենք կդառնա Մոր և մանկան ապաստան՝ ընչազուրկ մայրերի և երեխաների համար, ովքեր բախվել են սոցիալական, հոգեբանական և տնտեսական խնդիրների՝ աղքատության, ընտանեկան բռնության կամ անօթևանության արդյունքում: Կենտրոնը կապահովի նրանց խաղասենյակներով, խոհանոցով և ճաշասենյակով, ընդհանուր սենյակով և հանդիպումների սենյակներով, ուր մայրերը կարող են հավաքվել և ստանալ արհեստավարժների օժանդակությունը՝ կապված առողջական և սոցիալական խնդիրների հետ: Հասանելի կլինեն նաև կենտրոնից դուրս ծառայություններ՝ արհեստավարժ մասնագետները կայցելեն կարիքավոր ընտանիքներին իրենց տներում, որպեսզի օգնեն լուծելու և հաղթահարելու նրանց սոցիալական խնդիրները:

Կից երկհարկանի շենքը կտրամադրվի ծնողազուրկ խուլ և համր երեխաներին՝ մսուրի շահագործման նպատակով, ինչպես նաև կարիքավոր երեխաներին: Տարածքը կներառի ընդհանուր խաղի և հանգստի գոտիներ, խոհանոց և ճաշասենյակ: Երրորդ շենքում կլինի դահլիճ համերգների, ներկայացումների և համայնքային գործունեության համար, ինչը կօգնի մարդկանց մեկտեղվելու և կոտրելու սոցիալական մեկուսացումը, որը պատճառը հաճախ աղքատությունն է:

Charles (7)

«Երևան, իմ սերի» երկրորդ «ժառանգության օազիսը» ստեղծվելու է Երևանի Սբ. Սարգիս եկեղեցու մոտակայքում, որպես Մշակութային կենտրոն, ի նպաստ անապահով ընտանիքների և նրանց երեխաների: Այն բաղկացած կլինի  վեց շենքերից, որտեղ գործելու են արվեստի, արհեստի և համակարգչային դասարաններ, կանցկացվեն ուսումնական ծրագրեր, կլինի թատերական և համերգային դահլիճ, ցուցասրահ, բացօթյա ամֆիթատրոն, որոնք կեզրագծվեն գեղեցիկ կանաչ տարածքով, ի վայելումն երևանցիների:

Լոնդոնն ունի իր նշանավոր Հայդ Պարկը, և «Երևան, իմ սերն»՝ իր հերթին, որպես իր երրորդ ծրագիր՝ ցանկանում է ստեղծել իր Հայ Պարկը, որը հայրենիքում կմիավորի հայերին: Ծրագրված է հիմնել Ազգային զբոսայգի Եղեռնի հուշարձանի և Համերգային համալիրի շրջակա բլրի վրա: Զբոսայգին, որ կհիմնվի 101 հեկտար հողատարածքի վրա, կներառի Սփյուռքի թանգարանը: Աշխարհասփյուռ հայ համայնքները հնարավորություն կունենան ներկայանալ իրենց անհատական տարածքով և տասնյակ հազարավոր ծառեր տնկել այնտեղ: Սփյուռքի յուրաքանչյուր համայնք կարող է աջակցել ծառերի տնկմանը և դրանց պահպանմանը տեղի աշխատակազմի ուժերով Հայ Պարկի իրենց անկյունում: Բնատեսարանների ճարտարապետ բրիտանացի Լորդ Ռենդլ Սիդելլին և գործընկերները լիազորված են մշակել ողջ տարածքի նախագիծը:

Հայ Պարկի համաշխարհային բնույթն արտացոլված է «Երևան, իմ սեր» ծրագրերի խորհրդի և նվիրատուների համաձայնությունում: Այն ներառում է ինչպես հայերին, ովքեր բնակվում են Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Ղազախստանում, Լիբանանում և Արգենտինայում, այնպես էլ ծագումով ոչ հայ մարդկանց՝ Ֆրանսիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից և Վրաստանից:

Բոլոր այս մարդկանց միավորում է մեծ ցանկությունը՝ աջակցելու մի պատմական քաղաքի ճարտարապետական ավանդույթների պահպանմանը, որը հիմնվել է մեր թվարկությունից առաջ 782 թվականին, ի փառս գալիք հայ սերունդների, իսկ առավել լայն առումով՝ համայն մարդկության:

Արմեն Սարգսյանը հիշում է, որ ժամանակին Երևանը հայտնի էր որպես «Վարպետաց քաղաք» և օջախ ամեն կարգի արվեստագետների, բանաստեղծների, գրողների, ճարտարապետների, երաժիշտների, գիտնականների և արհեստավորների օրրան:

Արմեն Սարգսյանն ասում է, որ «Երևան, իմ սերը» ծրագրերի գերագույն նպատակն է, որպեսզի «յուրաքանչյուր երևանցի պահպանի իր քաղաքի հարուստ ժառանգությունը և բացառիկ էությունը»:

Թոնի Հալփին
«The Times» թերթի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բյուրոյի նախկին ղեկավար,
«Երևան, իմ սեր» ծրագրի լրատվամիջոցների խորհրդական
Լուսանկարները՝ Eurasiacentre-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս