Թափանցիկ ու քաղաքական կապերից զուրկ ընկերությունները Հայաստանում այնքան էլ շատ չեն
Գյուղատնտեսության ոլորտը Հայաստանի ամենամեծ գործատուն է և ունի արտահանման հզոր ներուժ: Այլ հարց է, որ այդ ներուժը լիարժեք չի օգտագործվում, իսկ երբեմն-երբեմն բնության «անակնկալներն» ավելի են գաղջացնում իրականությունը: Իսկ առաջիկայում սպասվող գազի և էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումն, իր հերթին, ոչ մի լավ բան չի խոստանում գյուղոլորտի արտադրողներին: Սակայն Համաշխարհային բանկի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում արտադրության, ագրոբիզնեսի և ծառայությունների գծով տնօրեն Գի Էլլենան այնքան էլ չի կարևորում էներգակիրների թանկացումը և գտնում է, որ ամեն մի իրավիճակից կա ելք: IFC-ն առաջին անգամ ներդրում է իրականացնում Հայաստանի գյուղարտադրությունում՝ վարկավորելով ընկերություններին:
– Պարոն Էլլենա, Հայաստանում գյուղոլորտի ո՞ր ենթաուղղություններն են առավել հեռանկարային, ո՞ր ապրանքներն են միջազգային շուկայում մրցունակ:
– Ես գտնում եմ, որ հեռանկարային է մրգահյութերի արտադրությունը, մի ուղղություն, որին մենք աջակցում ենք: Սունկ աճեցնող որոշ ընկերություններ կան, որոնք կարողացել են արտադրությունն ավելացնել թե՛ ներքին սպառման համար, թե՛ արտահանում են: Մենք գտնում ենք նաև, որ զարգացման հնարավորություններ ունի ձկնարդյունաբերությունը:
Մենք փորձում ենք ուսումնասիրել այլ տարբեր ոլորտներ և այլ տարբեր ոլորտների տարբեր ընկերություններ: Հայաստանում զարգացած է կոնյակագործությունը, և հայկական կոնյակը հայտնի է, բայց մենք ալկոհոլային խմիչքների արտադրություն չենք կարող ֆինանսավորել:
– Գազի և էլեկտրաէներգիայի թանկացումն ի՞նչ ռիսկեր կարող է առաջացնել:
– Կան ընկերություններ, որոնք էներգախնայողությանը մատների արանքով են նայում և համապատասխան ժամանակ անհրաժեշտ ներդրումներ չեն արել էներգախնայող սարքավորումներ ձեռք բերելու համար, որ էներգետիկայի գինն իրենց ապրանքի ինքնարժեքի վրա մեծ կշիռ չունենա: Իհարկե, ընդհանուր էներգակիրների գների բարձրացումն իր ազդեցությունը կունենա, բայց հաշվի առնելով ոլորտի ընդլայնումը և ծավալների ավելացումը, գտնում եմ, որ դա էական չի լինի: Գները միշտ են բարձրանալու, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ պետք է դադարեցնել, փակել: Կարծում եմ, որ պետք է շարունակել աշխատել, ընդլայնվել և երկիրը դարձնել ավելի հարմարավետ, ավելի արդյունավետ:
– Բացի գյուղատնտեսությունից, այլ ոլորտների մասին ի՞նչ կարծիքի եք, որո՞նք են հեռանկարային:
– Գյուղատնտեսությունը խոշոր ոլորտ է: Բացի դրանից, մենք ուշադրություն ենք դարձնում անշարժ գույքի ոլորտին, հիմնականում դա ոչ բնակարանային, այլ կոմերցիոն տարածքների շինարարությունն է: Նախկինում IFC-ն ֆինանսավորել է «Էլիտ գրուպ» ընկերությանը` նոր գրասենյակային բիզնես կենտրոնի կառուցման համար:
Կարևոր է, որպեսզի լինեն համապատասխան ենթակառուցվածքներ կորպորատիվ հատվածի, այսինքն` բիզնես հատվածի զարգացման համար: Հնարավոր է, որ կուսումնասիրենք նաև անշարժ գույքի ֆինանսավորման բնակարանաշինության ոլորտը, բայց ոչ էլիտար, այլ` ցածր արժեք ունեցող բնակարանաշինության ֆինանսավորման հարցը: Մեծ քաղաքներում տեսնում ենք` շատ է հին, մաշված բնակարանային ֆոնդը, և շատ երիտասարդներ կան, ովքեր մատչելի բնակարանի կարիք ունեն: Տեսնում ենք՝ էլիտար բնակարանների պակասություն չկա, բայց մատչելի բնակարանների պակասություն Հայաստանում կա: Մենք դեռ չենք սկսել գործել այդ ուղղությամբ, մենք ուղղակի ուսումնասիրում ենք, թե ինչ պոտենցիալ հնարավորություններ կան մեզ այդ ոլորտին աջակցելու համար:
– Ձեր գնահատականով` այսօր Հայաստանում ընդհանրապես գործարարությամբ զբաղվելը դյուրի՞ն է:
– Ինձանից ավելի լավ գիտեք իրավիճակը: Հայաստանում այնքան էլ շատ չեն ընկերությունները, որոնց հետ մենք IFC-ում կցանկանայինք աշխատել: Մեզ հետ աշխատելն էլ հեշտ չէ, որովհետև հաճախորդի հետ աշխատելու ժամանակ մենք պահանջում ենք, որ մեր պոտենցիալ հաճախորդը բավարարի մի շարք պահանջներ: Առաջին հերթին` դա պետք է լինի բիզնես, որն ունի աճի պոտենցիալ, և նրա մոտ կա կայունություն, կենսունակություն, զարգանալու հեռանկար:
Երկրորդ` մենք ցանկանում ենք աշխատել ընկերությունների հետ, որոնք ամբողջովին թափանցիկ են: Տեղյակ եք, որ Հայաստանում ոչ բոլոր ընկերություններն ունեն թափանցիկության նույն մակարդակը, կորպորատիվ կառավարման համապատասխան մակարդակը: Մենք քաղաքական վերնախավի հետ կապեր չունեցող ընկերությունների հետ ենք ցանկանում աշխատել:
Եվ վերջինը` մենք ցանկանում ենք, որ ընկերություններն ունենան նույն տեսլականը, ինչ որ մենք, այսինքն` լինեն շրջակա միջավայրի հանդեպ հարգալից, ինչպես նաև ունենան աճի և զարգացման նույն տեսլականները` ինչ-որ մենք:
– Այդ առումով հայկական ընկերությունների ո՞ր մասն է համապատասխանում Ձեր պահանջներին, որոնց հետ IFC-ն կցանկանար աշխատել:
– Ես չգիտեմ, թե Հայաստանում քանի ընկերություն գոյություն ունի, որ իմանամ` դրանց որ մասն է համապատասխանում մեր պահանջներին: