Սամիթը` գեղարարության մեջ
Բուժիչ նամակներ
Գեղարարության մեջ օգտագործվում են սամիթի կանաչին և սերմերը։ Սամիթը պարունակում է մաշկին օգտակար վիտամիններ և հանքային նյութեր, իսկ սերմերն ունեն մի շատ հետաքրքիր հատկություն` կլանում են սելեն և արծաթ։ Հայտնի է, որ արծաթի իոններ պարունակող ջուրն օգտակար է մարդու օրգանիզմին և մաշկին, սակայն պետք է հաշվի առնել, որ լույսը բացասաբար է ազդում արծաթաջրի հատկությունների վրա։ Պատրաստեք սամիթի ջրային թուրմ (1։10 քաշային հարաբերությամբ), հաջորդաբար դրեք սառը և տաք թրջոցներ։
Ճարպոտ մաշկ. Մանրացրեք սամիթի թարմ կանաչին, 1 ճ/գ հումքը խառնեք 1-ական ճ/գ խնձորի քերուկի և յոգուրտի հետ։ Քսեք դեմքին, 30 րոպեից լվացեք ծորակի ջրով։
- Խառնեք 1-ական ճ/գ սամիթի կանաչի, գազարի քերուկ, ցորենի ալյուր, ավելացրեք մածուն։ Համասեռ խիտ զանգվածը քսեք դեմքին, 20 րոպեից լվացեք սառը ջրով։
- 1ճ/գ հացի խմորիչը լուծեք սամիթի թարմ հյութի մեջ։ Ստացված քսուքը 15 րոպե պահեք դեմքի վրա, լվացեք սառը ջրով։
Չոր մաշկ. Խառնեք 1ճ/գ սամիթի կանաչի, 1 ձվի դեղնուց, 1 թ/գ ձիթապտղի յուղ։ Քսեք դեմքին, 30 րոպեից լվացեք գոլ ջրով։
- Խառնեք 1-ական ճ/գ սամիթի հյութ, վարունգի պտղամսի քերուկ, եփած (թարմ) կաթ։ Քսեք դեմքին, 15 րոպեից լվացեք գոլ ջրով։
- Խառնեք 2 ճ/գ սամիթի հյութ, 1-ական ճ/գ կաթնաշոռ և գազարի հյութ, 1 թ/գ սերուցք։ Քսեք դեմքին, 15 րոպեից լվացեք գոլ ջրով։
- Խառնեք 1 ճ/գ սամիթի կանաչի և 1 թ/գ ձիթապտղի յուղ, ավելացրեք փոշիացրած վարսակի փաթիլ։ Քսեք դեմքին, 20 րոպեից լվացեք գոլ ջրով։
- Խառնեք 1-ական ճ/գ սամիթի կանաչի և լորենու թարմ (կամ չոր) տերև, 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Թուրմը սառեցրեք հատուկ նախատեսված տարայում, առավոտյան շփեք դեմքը սառցե խորանարդիկներով։
Կորյակներ և պզուկներ. Սամիթի հասունացած սերմը 1 ժամ թրմեք եռջրի մեջ` 1։10 քաշային հարաբերությամբ։ Թրջոցը դրեք դեմքին, պահեք 20 րոպե։ Կատարեք օրը մեջ, ընդամենը 15 անգամ։
- Խառնեք 20-ական գ սամիթի կանաչի և վաղենակի ծաղիկ, 15-ական գ դաղձի տերև, հազարտերևուկի և եղեսպակի խոտեր, լցրեք 800 մլ եռջրի մեջ, 15 րոպե եփեք, 4 ժամ թրմեք, քամեք, ավելացրեք 50 մլ վաղենակի 10 տոկոսանոց ոգեթուրմ։ Լոսյոնն ունի հակամանրէ հատկություն, նախատեսված է ճարպոտ մաշկի խնամքի համար։
- Սամիթի կանաչին խառնեք ձվի սպիտակուցի հետ։ Խիտ զանգվածը քսեք մաշկին։ 20 րոպեից լվացեք դեմքը սամիթի գոլ թուրմով։ Կատարեք շաբաթը 2 անգամ, շարունակեք 1-1,5 ամիս։
- Խառնեք 1-ական ճ/գ սամիթի թարմ կանաչի (կարելի է չորացրած կամ 2 թ/գ սամիթի սերմ) և երիցուկի չորացրած ծաղիկ։ Հումքը լցրեք 200 մլ եռացրած ջրի մեջ, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա, 30 րոպե թրմեք, քամեք։ Հումքը քսեք դեմքին, 25 րոպեից մաքրեք քամված թուրմով։
- 1ճ/գ սամիթի կանաչին 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։
- Խաշեք լոբու հատիկները, տրորեք։ Խառնեք 2 ճ/գ լոբու հատիկի խյուս, 1-ական ճ/գ սամիթի թուրմ և կռատուկի արմատի հյութ։
Խառնուրդը քսեք դեմքին, 20 րոպեից լվացեք սառը ջրին ավելացրած սամիթի թուրմի լուծույթով (1։1)։
Հակաբորբոքային դիմակ, հողմահարված մաշկի խնամքի համար. Խառնեք 1-ական թ/գ չորացրած (կամ թարմ) սամիթի կանաչի, երիցուկի և լորենու ծաղիկներ, վարդի և մասուրի ծաղկաթերթեր, 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում` կիպ փակված տարայում, քամեք։ Խառնուրդը քսեք դեմքին, 20 րոպեից լվացեք հանքային ջրի և թուրմի լուծույթով (1։1)։
Ծակոտիները նեղացնող դիմակ. Աղացեք սամիթի կանաչի, տատրակի տերև, խառնեք (2։1)։ Քսեք դեմքին, 20 րոպեից լվացեք սառը ջրով։
Թառամող մաշկ. 1 թ/գ սամիթի սերմը 2 ժամ թրմեք 50 մլ եռջրում, քամեք։ Խառնեք 1-ական ճ/գ թուրմ և կաթ, 1 թ/գ մեղր։ Քսեք դեմքին, 10 րոպեից լվացեք գոլ ջրով։
Մաշկը սնուցող. Խառնեք 1-ական թ/գ սամիթի, մաղադանոսի, երկտուն եղինջի հյութեր և թթվասեր։ Քսեք դեմքին, 15 րոպեից լվացեք սառը ջրով։
Կրծքերի աճին նպաստող խոտաբույսեր
Սամիթի, հազարտերևուկի, գայլուկի կոնը, հոռոմ-սամիթի, հացհամեմի խոտը կամ սերմերը, փիփերթի արմատը, գայլուկի կոնն ունեն կրծքերի զարգացմանը նպաստող հատկություն.
- Խառնեք խոտերը ցանկացած հարաբերությամբ, 1 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք, խմեք օրվա ընթացքում։
- Կարելի է դնել թրջոցներ թուրմով, խաշած խոտով կամ գայլուկի եփած-տրորած կոներով։
- Չորացրեք փիփերթի արմատը, 3 ճ/գ հումքը 15 րոպե եփեք 600 մլ ջրում, քամեք։ Խմեք 70-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ, դրեք թրջոցներ կրծքերի վրա։ Շարունակեք 1 ամիս, ընդմիջեք 1 շաբաթ, կրկնեք` ըստ անհրաժեշտության։ Խորհրդակցեք բժշկի հետ, կարևոր է նաև ծանոթանալ կիրառվող բույսերի հատկություններին և հակացուցումներին։
«168 ԺԱՄ»
Հ.Գ. Արդեն վաճառքում է Ջուլիետա Սահակյանի հեղինակած «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը, որը վաճառվում է «Նոյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից։