Բաժիններ՝

Բողոքի ակցիա ԱԺ շենքի մուտքի մոտ

«Եկեք կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության անդամները բողոքի ցույց են անցկացնում ԱԺ-ի շենքի դիմաց: Գալա-ի փոխանցմամբ՝ նրանք պահանջում են հասարակությանն այդքան հուզող գազի գնի բարձրացման հարցի քննարկմանը ապահովել նաև հասարակական սեկտորի մասնակցությունը, և որ այդքան կարևոր և հասարակությանն այդքան հուզող հարցը չի կարող և չպետք է քննարկվի փակ դռների հետևում:

Հիշեցնենք, որ այս պահին Ազգային ժողովում փակ ռեժիմով քննարկվում է գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին հարցը, որին հրավիրված են և մասնակցում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության անդամներ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Իսկ շենքի դրսում բողոքի ակցիա են անցկացնում ակտիվիստները, որոնք պահանջում են, որ այդ և նմանատիպ քննարկումները պետք է հանրային սեփականությունը լինեն, և մասնավոր սեկտորն ու քաղաքացիները պետք է ներկայացուցիչ ունենան ներսում:

Արդեն մեկ ժամ շարունակվող ակցիայի ժամանակ մասնակիցները տարբեր կոչերով ու վանկարկումներով պահանջում են, որ քննարկման մասնակիցները դուրս գան ԱԺ շենքից:

ԱԺ շենքից դուրս եկավ և ակտիվիստների հետ հանդիպեց ԱԺ աշխատակազմի ղեկավարը, ում ակտիվիստները ներկայացրին իրենց օրինական պահանջը: Աշխատակազմի ղեկավարը, սակայն, նշեց, որ ակտիվիստները և քաղաքացիական նախաձեռնության անդամները իրենց խնդիրը ներկայացնեն գրավոր, ինչին ի պատասխան՝ «Եկեք կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության ներկայացուցիչները տեղեկացրին, որ իրենք նախօրեին են նման բովանդակությամբ գրավոր նամակներ ուղարկել ՀՀ վարչապետին, ԱԺ նախագահին, ինչպես նաև՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռ. Նազարյանին:

Բողոքի ակցիան ԱԺ շենքի դիմաց շարունակվում է:

Լուսանկարը՝ «Ա1+»-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս