
Հայերին կօգնեն նաև երկնքից (տեսանյութ)

ՀՀ ԱԻՆ օդադեսանտային փրկարարական ջոկատի անդամներն այսօր պարապմունք են անցկացրել ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող զորամասերից մեկի օդանավակայանում։
Օդադեսանտային փրկարարական ջոկատի 19 անդամներ ՊՆ մասնագետների անցկացրած 2-օրյա տեսական դասընթացներից հետո իրականացրել են 2-օրյա վերգետնյա պարապմունքներ, որոնց ընթացքում փրկարարները հատուկ սարքավորումների օգնությամբ սովորել են օդում կառավարել անկարգելը (պարաշյուտ)։
Դասընթացի մասնակիցներից 11-ն արդեն թռիչքի փորձ ունեին, իսկ 8-ն առաջին անգամ էին մասնակցում նման պարապմունքների։
Այսօր վաղ առավոտյան, նախապատրաստական աշխատանքներից և բժշկական ստուգում անցնելուց հետո` փրկարարներն ուղղաթիռով բարձրացել են երկինք և շուրջ 800 մետր բարձրությունից իրականացրել ուսումնական թռիչքներ։
ՀՀ արտակարգ իրավիճակների և պաշտպանության նախարարությունների միջև պայմանավորվածության համաձայն` օդադեսանտային փրկարարական ջոկատի անդամները շարունակելու են պարբերաբար մարզվել ՊՆ մասնագետների հետ և ուսումնական թռիչքներ իրականացնել` մշտական պատրաստվածությունն ապահովելու համար։