Ադրբեջանի կառավարությունը շարունակում է ահաբեկել ու ազատազրկել իր քննադատներին. Amnesty İnternational
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Amnesty İnternational (AI) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն այսօր հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի մասին իր տարեկան զեկույցը:
Զեկույցում արտացոլված է 2012 թվականին աշխարհի 159 երկրում մարդու իրավունքների վիճակը: Զեկույցի՝ Ադրբեջանին նվիրված հատվածում նշված է, որ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է ահաբեկել ու ազատազրկել իր քննադատներին.
«Խաղաղ ակցիաներն արգելված են և ցրվում են ոստիկանության կողմից՝ ուժի չափազանց կիրառմամբ: Ոստիկանությունում կտտանքների ենթարկելը դարձել է սովորական երևույթ:
Ադրբեջանում առկա են «խղճի բանտարկյալներ», որոնցի մի մասը պետության ղեկավարի կողմից համաներվել է դեկտեմբերի 26-ին: Նրանք բոլորն էլ դատապարտվել են հնարովի մեղադրանքներով: Պետությունը հետապնդում, ահաբեկում և ձերբակալում է իրավապաշտպաններին ու լրագրողներին:
Մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոլորտում գործունեություն ծավալած հասարակական կազմակերպությունները բախվում են ճնշումների ու հետապնդումների, նրանց համար դժվար է դառնում անգամ հավաքներ անցկացնելը կամ ազատ գործելը, ինչը հատկապես ակնառու է Բաքվից դուրս: Դրա վառ օրինակն Նախիջանն է:
Բաքվի կենտրոնում նախկինի պես արգելված են հասարակական բողոքները: Նոյեմբերին իշխանություները խստացրին «չարտոնյալ» բողոքների կազմակերպման ու անցկացման համար պատժաչափը: Ուղղումների համաձայն, պատժաչափը կազմելու է մինչև 3 տարվա ազատազրկում և 10.000 դոլարի տուգանք:
Վերջին մեկ տարում հարյուրավոր մարդիկ ենթարկվել են վարչական ձերբակալությունների, իսկ մի քանի տասնյակ կազմակերպիչների դեմ ներկայացվել են քրեական մեղադրանքներ: Բողոքների պատճառներ են հանդիսացել քաղաքացիների դժգոհությունները՝ կապված կոռուպցիայի, խաղաղ պայմաններում զինվորների մահվան և իշխանությունների կեղծիքների հետ»: