Պետական ռեկետն ու գյուղատնտեսության ողբը
«ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանի նախաձեռնությունը` կարկտահարությունից տուժած արմավիրցի գյուղացիների համար ֆինանսական օժանդակություն հայթայթելու համար գործարարներին կոչով դիմելը, թույլ է տալիս եզրակացնել, որ պետական գանձարանը դատարկ է: Փաստորեն, ՀՀ կառավարությունը սեփական պահուստային միջոցներ չունի, որ աջակցի բնության արհավիրքից տուժած գյուղացիներին»,- մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ, 1994-1998թթ. Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը` ավելացնելով, որ դա պետական մակարդակով ռեկետ է, ինչպես թաղի խուժանն ընտրությունների ժամանակ էր ձայն բերում, այժմ էլ ասեն` «գնա փող բեր ու կեսն էլ նրանց տան»:
«Դա տարբերակ չէ: Փաստորեն, կառավարությունն ընդունում է, որ արդյունավետ հարկային մեխանիզմ չունի, և դիմում է գործարարներին: Այդ դեպքում բերեք հարկային համակարգը վերացնենք, բոլոր գործարարներին դիմենք, ասենք` մեր երկրում խնդիրներ կան, առողջապահության, բանակի, ուսուցիչներ կան, և այլն, ու կամավորության սկզբունքով հարկեր վճարեն: Եվ ստվերը կտրուկ կնվազի, ուղղակի ստվեր հասկացություն այլևս չի լինի: Ամեն ինչ ստվերում կլինի: Դա շատ նման է, երբ սփյուռքի նախարարը «Եվրատեսիլի» ժամանակ դիմեց մեր հայրենակիցներին: Պետությունը չպետք է այդպես անի: Դա ընդունելի կլինի, եթե գումար հանգանակելու համար դիմի որևէ բարեգործական կազմակերպություն: Անլուրջ է»,- ասաց Բ.Ասատրյանը:
Սերգո Կարապետյանի նամակ-կոչն ուղարկվել է շուրջ 250 գործարարների: Նախարարի մամլո քարտուղար Անի Սմբատյանը մեզ տեղեկացրեց, որ մի քանիսն արդեն փոխանցումներ կատարել են, սակայն հրաժարվեց նշել, թե կոնկրետ ովքեր են այդ բարերարները, նաև դժվարացավ հայտնել, թե որքան գումար է հավաքվել:
Մենք փորձեցինք մի քանի գործարարներից պարզել, թե ինչպիսի արձագանք կլինի իրենց կողմից այդ կոչին: «Grand holding»-ի նախագահ Հրանտ Վարդանյանը հայտնեց, որ նամակ-կոչ դեռ չեն ստացել, բայց պատրաստվում են օժանդակություն ցուցաբերել, իսկ օժանդակության չափը և ձևը առայժմ քննարկման փուլում է:
ԱԺ պատգամավոր, Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը մեզ հայտնեց, որ հարցն իրենց կողմից դեռևս չի քննարկվել, երբ քննարկվի ու որոշում ընդունվի, պատշաճ կարգով կտեղեկացնեն այդ մասին: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության հանրային կապերի պատասխանատու Վահե Իսահակյանը նշեց, որ իր գործունեության ընթացքում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը մշտապես ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին՝ այդ նպատակով նախապես սահմանված զգալի միջոցների շրջանակներում:
Գյուղատնտեսության նախարարությունը պատասխանն ակնկալում է ստանալ սեղմ ժամկետներում և, բացի այդ՝ ներկա դրությամբ ընկերությունը համապատասխան բյուջետային միջոցներ չունի: «Հարցը դեռևս քննարկման փուլում է»,- հավելեց նա:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Արսօյլ» ՀՁ ՓԲԸ և «Հայագրոբանկի» խորհուրդների նախագահ, Ագրոարդյունաբերական բանկերի միջպետական ասոցիացիայի փոխնախագահ Գուրգեն Արսենյանը «168 Ժամի» հետ զրույցում հայտարարեց, թե կոչն ուղղված է եղել գործարարներին և ոչ պատգամավորներին, իսկ ինքը պատգամավոր է:
ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ մեզ հայտնեց, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն Արմավիրի մարզի համայնքներին նախապես 200 մլն դրամի ֆինանսավորում էր հատկացրել հետագայում ստացվելիք բերքի դիմաց, և որպես կարկտահարությունից տուժածներին աջակցություն` նվիրաբերել է այդ գումարը:
ՀՀԿ-ական պատգամավոր, «Նուշիկյան ասոցիացիայի» հիմնադիր նախագահ Գարեգին Նուշիկյանը պատրաստակամություն հայտնեց իր մեկ ամսվա աշխատավարձը հատկացնել որպես օժանդակություն, սակայն հավելեց, որ «Նուշիկյան ասոցիացիայի» անունից չի կարող պատասխանել:
Մինչ կառավարությունն ուղիներ է փնտրում կարկտահարությունից տուժածներին ինչ-որ կերպ օգնելու և գյուղացիների բորբոքված կրքերը հանդարտեցնելու համար, ավելի պարզ է դառնում գյուղատնտեսության իրական ողբալի վիճակը: Հավանաբար, անցած տարի պետական այրերի հնչեցրած գովասանքից «չար աչք է կպել»: Արմավիրի մարզն ապահովում է հանրապետության գյուղարտադրության մոտ 30%-ը, և կարկտահարության պատճառով բերքի ոչնչացման հետևանքով հատկապես մրգի գների բարձրացում է սպասվում:
Ի՞նչ պետք է անի կառավարությունը` իրավիճակը մեղմելու համար: «168 Ժամի» այս հարցին գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Զադոյանը պատասխանեց, որ կառավարությունն առաջին հերթին` պետք է կարողանա գյուղացիների վերցրած վարկերի կապակցությամբ բանկերի հետ համաձայնության գալ՝ 1 տարով երկարաձգել վարկերի մարման ժամկետը, որովհետև առանց դրա գյուղացին չի կարող վարկը փակել. «Երկրորդ քայլը՝ պետք է տուժած գյուղացիներին ապահովեն պարարտանյութով, բայց ոչ միայն ազոտական, այլ նաև կալիումական և ֆոսֆորական պարարտանյութեր տալ, որովհետև ազոտական պարարտանյութը միայն նպաստում է բերքի ավելացմանը, իսկ այս դեպքում հողն ամբողջովին զրկվել է իր բոլոր սննդատարրերից: Այս պահին գյուղապետարաններին պետք է կարողանան դոտացիա տալ, որ հողի հարկից ազատեն տուժածներին, նաև պետք է հողերը ավելի շատ ջրել, ու ջրի վարձի բեռը պետք է ինչ-որ կերպ մեղմեն»:
Ըստ Դ.Զադոյանի` խնդիրն այն է, որ հանրապետությունում կիրառվող հակակարկտային համակարգը սպառված է, իրեն չի արդարացնում և չի կարող արդարացնել: Հատկապես Արարատյան դաշտավայրի համար հակակարկտային կայանների կիրառումն արդարացված չէ, քանի որ Արարատյան դաշտավայրում կարկտային ամպերը կուտակվում են Արարատ լեռան փեշերին, որտեղ իրավունք չունենք կրակել, իսկ երբ կարկտաբեր ամպը ձևավորված գալիս է մեզ մոտ, ու այդ ժամանակ ենք կրակում, մենք ընդամենն արագությունն ենք փոխում, ու ոչ մի օգուտ չի տալիս: Դրան էլ եթե գումարենք հայկական մենթալիտետը, որ մի գյուղապետ իր հակակարկտային կայանն ունի, մյուսը` իր, դրանք էլ, եթե ոչ համակարգված են կրակում, ապա ոչ ճիշտ ժամանակին կրակելու դեպքում հակառակ արդյունքն է ստացվում, և մեծ քանակությամբ կարկուտ է առաջանում: «Եթե ոչինչ չանեին, չկրակեին, վնասն ավելի քիչ կլիներ»,- ասաց Դ.Զադոյանը:
Նախկին նախարարի խոսքով` կարկտից պաշտպանվելու համար այսօր ամբողջ աշխարհն ավելի արդյունավետ համակարգից` ցանցերից է օգտվում: Այն սկզբնական շրջանում մի փոքր ավելի թանկ է, բայց տարեցտարի գյուղերում խաղողի և պտղատու այգիները ցանցապատելու դեպքում կմնան միայն բանջարաբոստանային կուլտուրաները, որը փոքր մաս է կազմում, ու ամեն տարի չէ, որ կարկուտ կարող է գալ:
«168 ԺԱՄ»