Սոչիի Օլիմպիական խաղերի անվտանգությունն ապահովելու է ավելի քան 30.000 ոստիկան. ՌԴ ՆԳՆ
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականին Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ կարող է սահմանափակվել տրավմատիկ զենքի ու ամեն տիպի պայթուցիկ նյութերի վաճառքը:
Այս մասին ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, ով Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգության հարցը քննարկել է ԱՄՆ պետդեպարտամենտի դիվանագիտական անվտանգության բյուրոյի ղեկավարության հետ.
«Անվտանգության ապահովման նպատակով պլանավորված է Օլիմպիական խաղերի անցկացման շրջանում սահմանափակել զենքի, զինամթերքի, հատուկ միջոցների, ինչպես նաև պայթուցիկ ու թունավոր նյութերի վաճառքը:
Խաղերի մասնակիցների ու հյուրերի անվտանգությունը կապահովի ավելի քան 30.000 ոստիկան և Ներքին զորքերի զինծառայող: ՆԳՆ-ը Օլիմպիական խաղերի նախաշեմին հատուկ ուշադրություն է հատկացնում այն կադրերի նախապատրաստմանը, որոնք մասնակցելու են դրանց անցկացման ժամանակ կարգուկանոնի պահպանմանը»: