
Կառավարության առընթեր մարմինները պետք է դառնան նախարարություննե՞ր

Ազգային ժողովում քննարկման ներկայացվեց ՀՀ կառավարության կողմից «Կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ փոփոխությունները կհանգեցնեն կառավարության առավել արդյունավետ աշխատանքին:
Անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը Հ. Թովմասյանից հետաքրքրվեց, թե արդյոք մամուլի հրապարակումները, որ կառավարության առընթեր մարմինները պետք է դառնան նախարարություններ, իրար միացվեն, ընդգրկվեն Կառավարության կազմում` որքանո՞վ են հավանական: Նաև հետաքրքրվեց՝ արդյոք նոր նախարարություն ունենալու դեպքում արդյոք բյուջեի ծախսերը չե՞ն մեծանա:
Արդարադատության նախարարն ասաց, թե ինչ-որ ժամանակ առընթեր մարմինները եղել են նախարարություն, բայց Կառավարության բարեփոխումների արդյունքում որոշում եղավ, որ պետք է առանձնացվեն դրանք, քանի որ չեն մասնակցում «քաղաքական մշակմանը»:
Հ. Թովմասյանը նաև նշեց, որ Կառավարության գործունեությանը հետևելու դեպքում՝ կտեսնեքն, որ «քաղաքական մշակմանը նրանք, այնուամենայնիվ, մասնակցություն ունեն»:
Ինչ վերաբերում է բյուջեի ծախսերին, ապա նախարարն ասաց, թե «միգուցե մի քանի հազար դրամի տարերություն կլինի», բայց էական ծախսեր չեն լինի, որովհետև միայն կարգավիճակն է փոխվում:
Է. Մարուքյանը ճշտեց` «Ձեզ ճի՞շտ եմ հասկանում. հարցը փակված չէ՞ ու հնարավորություն կա բաց քննարկումներ անցկացնել, որ կառավարությանն առընթեր մարմինները դառնան նախարարություննե՞ր»:
Ի պատասխան նախարարն էլ նշեց, որ հարցը օրակարգում է, քննարկման առարկա է ու քննարկվում է կառավարության օրակարգում: