
Բրիտանացի դիպուկահարը ՊՆ-ից ստացել է 100.000 ֆունտ սթեռլինգի փոխհատուցում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 100.000 ֆունտ սթեռլինգ (151.000 դոլար) փոխհատուցում է վճարվել Աֆղանստանում մարտնչած բրիտանացի զինծառայող Քրեյգ Հարիսոնին, որի անունն անզգուշաբար հայտնվել է մամուլում:
Կապրալ Հարիսոնն Աֆղանստանում ոչնչացրել է նվազագույնը 14 աֆղան զինյալի: Աֆղանստանից վերադառնալուց հետո նա այդ ամենի մասին իր թիմի ավագի թույլտվությամբ պատմել է լրագրողներին: Հարիսոնը համաձայնվել է հարցազրույց տալ՝ կատարելապես վստահ լինելով, որ պաշտպանական գերատեսչությունը գաղտնի կպահի իր անունը՝ բարձրաձայնելով միայն դիպուկահարի գործած սխրանքների մասին:
Սակայն ՊՆ-ում մոռացել են այդ մասին, և ներկայումս հերոս-դիպուկահարի անունը հայտնի է դարձել հանրությանը: Հրապարակումից բառացիորեն մի քանի օր անց ոստիկանությունը կապրալին զգուշացրել է, որ նրա կյանքին վտանգ է սպառնում, քանի որ աֆղան զինյալների համակիրները, որոնք Մեծ Բրիտանիայում քիչ չեն, կարող են փորձել վրեժխնդիր լինել նրանից:
Դրա հետևանքով Հարիսոնն իր կնոջ ու դեռահաս դուստրերի հետ հարկադրված է լինում ժամանակավորապես լքել հայրենիքը: Նրա կինը ստիպված է լինում լքել աշխատանքը, իսկ դուստրերը՝ դպրոցը: