
Մեծ Բրիտանիան գաղտնազերծել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ մի շարք փաստաթղթեր

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի Ազգային արխիվն այսօր գաղտնազերծել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վերաբերյալ մի շարք փաստաթղթեր:
Խաղաղ օվկիանոսում պատերազմի սկսվելուց առաջ բրիտանական հետախուզությունը վարչապետ Ուինսթոն Չերչիլի հրահանգով կազմակերպել է Լոնդոնում Ճապոնիայի դեսպանատան աշխատակիցների հեռախոսազրույցների արդյունավետ գաղտնալսում:
Մասնավորապես, 1941 թվականի փետրվարին բրիտանական հետախուզությունն իմացել է, որ նրանց հանձնարարվել է յուրաքանչյուր պահի պատրաստ լինել տարհանման: Դրանից արվել է եզրակացություն, որ Տոկիոն մտադիր է հիտլերյան Գերմանիայի հետ դաշինքի շրջանակներում հարձակվել Ասիայում բրիտանական տիրույթների վրա:
Հնարավոր տարհանման մասին գաղտնի ցուցումը տվել է Լոնդոնում Ճապոնիայի դեսպան Մամորու Սիգեմիցուն, ով հետագայում զբաղեցնում է արտգործնախարարի պաշտոնը: Փաստաթղթերում նշվում է, որ 1941 թվականի փետրվարին Չերչիլը հրահանգել է համակարգել գաղտնալսված նյութերն ու դրանք ուղարկել ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին:
Ընդ որում, նա պահանջել է պահպանել ճապոնական դեսպանատան աշխատակիցների իրական խոսակցությունների կենդանի բնույթը: Գաղտնալսված զրույցներից մեկում վստահեցվում էր, որ Չերչիլն ավելի մեծ առաջնորդ է, քան՝ Հիտլերը: Դիվանագետի զրուցակիցը հույս է հայտնել, որ Չերչիլը շուտով կմահանա, և Բրիտանիան դրա հետևանքով կվերածվի «անղեկ նավի»: