Կառավարությունը փոխհատուցում է արմավիրցիների կրած վնասները

Արմավիրի մարզում մայիսի 12-ին տեղի ունեցած կարկուտից տուժած 46 համայնքներից 22-ը, որտեղ 100 տոկոսով բերքը վնասվել է, տուժած գյուղացիներն ամբողջությամբ կազատվեն հողի և ջրի հարկից, իսկ մնացած 24 համայնքներում ՀՀ կառավարությունը փոխհատուցում կտրամադրի ըստ կորստի չափի: Այս մասին այսօր գործադիրի նիստում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ հողի հարկը փոխհատուցելու համար կհատկացվի մոտ 200 մլն դրամ, ջրի հարկը՝ 530 մլն դրամ: Վարչապետը նշեց, որ գյուղվարկերի գծով առևտրային բանկերի կողմից կլինի օգնություն, բոլոր տնտեսությունների հետ կտարվի առանձին աշխատանք, քանի որ վարկերի պայմաններն ու գրավադրման առարկաները տարբեր են:

Կառավարությունը նաև որոշել է գյուղացիների վերցրած դոլարային վարկերը փոխարկել դրամայինի: «Հակակարկտային կայանները 100 տոկոսով չեն երաշխավորում դաշտերի պաշտպանությունը, բայց միջին ուժգնության կարկուտի դեպքում 60 տոկոսով արդյունավետ են»,- ասաց Տ. Սարգսյանն ու հավելեց, որ որոշվել է 50-ով ավելացնել մարզում հակակարկտային կայանների թիվը՝ այդ նպատակով հատկացնելով 350 մլն դրամ (յուրաքանչյուր կայանի արժեքը 6.2-6.3 մլն դրամ է):

Արմավիրի մարզի պատգամավորների նախաձեռնությամբ նաև կբացվի հիմնադրամ, որտեղ հավաքված միջոցները կուղղվեն գյուղացիների աջակցությանը: Տ. Սարգսյանը նաև հայտարարեց, որ սոցիալապես անապահով ընտանիքներին օրենքով սահմանված կարգով կհատկացվի օժանդակություն:

Տեսանյութեր

Լրահոս