
ԱԺ մեծամասնությունը մերժեց «Ժառանգության» նախաձեռնությունը

Ազգային ժողովը մայիսի 22-ին մերժեց «Ժառանգություն» խմբակցության կողմից հրատապ ճանաչված և նախօրեին քննարկված ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
Նախագծով առաջարկվում էր ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու նպատակով ընտրությունների ավարտից հետո 2 օրվա ընթացքում ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում՝ ըստ տեղամասերի որոնման և ներբեռնման հնարավորությամբ:
Ինչպես և ակնկալվում էր, նախագծի ընդունումը մերժվեց քաղաքական մեծամասնության կողմից: Վերջինս որպես հիմնավորում նշել էր մասնակցության գաղտնիության սկզբունքի խախտումը, այդ հարցով Սահմանադրական դատարանի որոշումը և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը:
Նախագծին կողմ էին արտահայտվել ոչ իշխանական 4 խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, «Հայ ազգային կոնգրես»-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգություն»-ը:
ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը ստացավ 41 «կողմ», 66 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներ: