
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կապ չունի էներգետիկ նախագծերի իրագործման հետ. Մորնինգսթար

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կապ չունի էներգետիկ նախագծերի իրագործման հետ.
«Աճում է Արևմուտքի էներգամատակարարումների դիվերսիֆիկացման ու գլոբալ էներգետիկ անվտանգության ապահովման մեջ Ադրբեջանի ու Թուրքիայի դերը: Ադրբեջանն ու Թուրքիան կամուրջ են ստեղծել Արևելքի ու Արևմուտքի միջև, ինչը կարող է ծառայել որպես մոդել:
Ադրբեջանն Արևմուտքին ապահովել է էներգամատակարարումների այլընտրանք: «Շահ Դենիզ 2» հանքավայրի շահագործումը Եվրոպային կապահովի գազի նոր մատակարարումներով: Էներգետիկ մատակարարումների դիվերսիֆիկացումը կծառայի ու կօգտագործվի TAP և Nabucco նախագծերում:
Մենք հանդես ենք գալիս Ղարաբաղյան հակամարտության կարգավորման օգտին, սակայն դա կապված չէ էներգետիկ նախագծերի հետ: Չպետք է գերագնահատել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ էներգետիկայի դերը: Մենք ավելի բարձր ենք դասում տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցը, քան՝ էներգետիկ նախագծերի իրագործումը»:
ԱՄՆ դեսպանը հավելել է, որ Ադրբեջանում ամերիկյան NDI-ի գործունեության հարցում գրանցվել է առաջընթաց՝ նշելով, որ հավատում է այդ խնդրի շուտափույթ լուծմանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը շեշտը դրել էր «Ղարաբաղի դիմաց նավթ» քաղաքականության վրա, սակայն ինչպես վերջին շրջանում այդ մասին արտահայտվում են ադրբեջանական ԶԼՄ-ները, «Այսօր կարելի է փաստել, որ «Ղարաբաղի դիմաց նավթ» բանաձևը չի տվել ակնկալվող արդյունքները։
Սխալ դուրս եկան այն հաշվարկները, թե «նավթային» դիվանագիտությունը և գլոբալ էներգետիկ նախագծերի իրագործումը կխթանեն Արևմուտքին՝ Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման հարցում հետաքրքրություն ցուցաբերելու համար»։
Ինչ վերաբերում է ամերիկյան NDI-ի գործունեությանը, ապա վերջին շրջանում այն մեղադրվել է Ադրբեջանում «Ֆեյսբուքյան հեղափոխություն» նախապատրաստելու մեջ: