«Օձի խելքի» դրսևորումները Երևանի քաղաքապետարանում
Հունիսի 1-ից հասարակական տրանսպորտի ուղեվարձը չի թանկանալու: Մասնավորապես Երևանի քաղաքապետարանում նման հարց չի քննարկվել ու չի քննարկվում: Այդ մասին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, վստահեցրել է Երևանի Քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը: Նա հորդորել է բոլորին զերծ մնալ սույն ապատեղեկատվությունը տարածելուց և անհարկի խուճապ ստեղծելուց:
Իրականում, ոչ ոք չի գրել, որ հասարակական տրանսպորտն արդեն թանկացել է։ Պարզապես, ինչպես թելադրում է առողջ տրամաբանությունը, կարծիքներ են հնչել, որ գազի գնի թանկացումը անխուսափելիորեն կանդրադառնա նաև տրանսպորտի գների վրա։ Դա այնքան պարզ ու կանխատեսելի ենթադրություն է, որ ինչպես պատկերավոր ասել էր տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը. «Օձի խելք պետք չէ ունենալ` հասկանալու համար, որ գազի հնարավոր թանկացումն անդրադառնալու է բոլոր ոլորտների վրա, առավել ևս` տրանսպորտի»:
Այս տեսանկյունից, տրամաբանական կլիներ, որ քաղաքապետարանը այսօրվանից քննարկեր հնարավոր թանկացման հարցը և ուղիներ փնտրեր՝ անցումը սահուն և ոչ ցավոտ կազմակերպելու համար։
Ցավոք, պետական շատ կառույցներ ակնհայտ իրատեսական կանխատեսումները որակում են որպես «խուճապ»։ Նրանք խուճապի մատնելու քաղաքականությանը դեմ են։ Փոխարենը՝ սիրում են «հաճելի անակնկալներ» մատուցել, երբ որոշումներն արդեն կայացված են լինում։