Ադրբեջանն այսպես է գնում «Եվրատեսիլ 2013»-ի ձայները. լիտվական բացահայտում (տեսանյութ)
Haqqin.az-ի փոխանցմամբ՝ լիտվական15min.lt լրատվական գործակալության լրագրողները բացահայտել են Ադրբեջանի ներկայացուցիչների մեքենայությունները՝ կապված երաժշտական «Եվրատեսիլ 2013» մրցույթում բարձր տեղ գրավելու հետ:
Լիտվական գործակալության ներկայացրած տեսանյութում պատկերված է երկու ռուսալեզու տղամարդու հանդիպում, որոնք լիտվացիներին գումար են առաջարկում՝ մրցույթի մասնակիցների մեկի օգտին իրենց քվեն տալու համար:
Մայիսի 18-ի առավոտյան գործակալության խմբագրություն են դիմել մի շարք ուսանողներ, որոնք պատմել են, որ Վիլնյուսի փողոցներում իրենց մոտեցել են անհայտ անձինք և առաջարկել են գիշերը հնարավորինս շատ քվեարկել «Եվրատեսիլի» նշված մասնակցի օգտին և դրա դիմաց ստանալ 20-ական եվրո:
Ընդ որում, այդ անձինք խոստացել են ուսանողներին ապահովել sim քարտերով, որոնց վրա նախապես պետք է փոխանցված լինի գումար: Նրանք պատմել են, որ Ադրբեջանը նման կերպ գործում է 15 երկրում: Արդյունքում, Լիտվան «Եվրատեսիլ 2013» մրցույթում Ադրբեջանին հատկացրել է 12 միավոր, իսկ Ադրբեջանը գրավել է 2-րդ տեղը: