Բաժիններ՝

Խուժանությունը նաև բանակում է

Այսօր մի փոքր ուշ գնացի խմբագրություն` կարծելով, թե հավանաբար շաբաթ առավոտյան դժվար որևէ ֆորսմաժորային կամ արտառոց հասարակական-քաղաքական իրադարձություն տեղի ունենա, սակայն ներս մտնելուն պես` ինձ տեղեկացրին, որ բանակում` ավելի կոնկրետ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին տեղակայված զորամասերից մեկում, երկու օր առաջ տեղի ունեցած զինվորի սպանությունը բողոքի լուրջ ալիք է բարձրացրել, և Երևանում ու Գեղարքունիքի մարզում սկսվել են զանգվածային ակցիաներ: «Այսօր առավոտից միայն բացասական լուրեր են»,- ինձ ասաց թերթի խմբագիրներից մեկը:

Նման լուր լսելիս` առաջին հերթին մտածում ես, թե զինվորը սպանվել է հակառակորդի գնդակից` սահմանին: Բայց ոչ, սպանությունն իրականացրել էր ծառայակիցը` մեկ այլ ժամկետային զինծառայող, այսինքն՝ հայ զինվոր, ինչպես սպանված Լյուքս Ստեփանյանը: Պատկերն արդեն սովորական է. հերթական, ողբերգական ու ցավալի դեպքը, հերթական զոհը Զինված ուժերում, այն էլ՝ խաղաղ պայմաններում: Պարզապես այս անգամ իրավիճակը նախորդներից տարբերվում է նրանով, որ զինվորի մահն աննախադեպ բողոքի ցասում է առաջացրել ոչ միայն հարազատների և համագյուղացիների, այլև ավելի լայն հասարակական շերտերի կողմից: Լյուքս Ստեփանյանի հարազատները Երևան-Սևան ավտոճանապարհին արդեն հանդիպել են ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ով հավաստիացրել է, որ «բոլոր մեղավորները խստագույնս պատժվելու են»: Իհարկե, այդպես էլ պետք է լիներ, այլ կերպ դժվար էր պատկերացնել, բայց ինչո՞ւ են շարունակվում նման երևույթները երկրի պաշտպանությունն իրականացնող և ազգի պարծանքը հանդիսացող Զինված ուժերում:

Նախ` մինչ բուն խնդրին անդրադառնալը, կա մի հարց, որը զուտ զինվորական բնույթ ունի, և հատկանշական եմ համարում դրան անդրադառնալը: Խոսքս այն փաստի մասին է, որ զինվորը սպանվել է ժամապահի կողմից, այսինքն` ժամապահի պարտականություններն իրականացնող զինվորի կողմից: Իսկ սա արդեն կարևոր հանգամանք է, քանի որ զորամասերի մեծ մասում ժամապահներին, այսինքն՝ այսպես ասած, «կարաուլի» զինվորներին, ովքեր ծառայությունն իրականացնում են զորամասի ներսում, արդեն վաղուց չեն տրվում մարտական փամփուշտներ` նման միջադեպերից խուսափելու համար:

Միանգամից պետք է նշեմ, որ ամենևին կողմ չեմ այս հարցում որևէ շահարկման` հատկապես այն մարդկանց կողմից, ովքեր այնքան էլ ծանոթ չեն զինվորական ծառայության էությանը: Հիշում եմ` մի անգամ հայտնի քաղաքացիական ակտիվիստներից մեկը երկրի ղեկավարության և բարձրաստիճան պաշտոնյաների առջև բողոքի ակցիա էր իրականացնում` հանդես գալով բանակում տեղի ունեցող հանցագործությունների դեմ, սակայն, երբ նրանից հետաքրքրվեցի, թե նա ե՞րբ է վերջին անգամ եղել զորամասում, պարզվեց, որ տվյալ ակտիվիստը երբևէ չի այցելել որևէ զինվորական զորամաս: Բայց մյուս կողմից` միանգամայն կիսում եմ սպանված զինվորների ծնողների վիշտը: Որպես նախկին ժամկետային զինծառայող` կարող եմ իմ հերթին կիսվել իմ տպավորություններով, որոնք ստացել եմ մի քանի տարի առաջ` ԶՈՒ-ում ծառայելիս: Ասում են` ամեն ինչ հարաբերական է, և, իհարկե, 90-ականներին և 2000-ականների սկզբին բանակում տեղի ունեցած զարհուրելի խոշտանգումների ու «չաստ նայողների» մասին պատմվող առասպելների համեմատությամբ` ՀՀ բանակը զգալիորեն առաջընթաց էր ապրել, սակայն, միևնույն է, նման դեպքերը շարունակում էին տեղի ունենալ: Եվ այս տրամաբանությամբ` այժմ այդպիսի հանցագործությունները կարծես թե պետք է նվազեին, սակայն, զարմանալի տրամաբանությամբ` գնալով ավելի են շատանում: Ուրեմն ո՞րն է խնդիրը:

Կարդացեք նաև

Ինչո՞ւ է սպանված զինվորի հայրը ցանկանում որդու դին տեղափոխել Երևան և բողոքի ցույց անցկացնել ՀՀ կառավարության շենքի դիմաց, արդյո՞ք սա զուտ բանակային խնդիր է, ինչո՞ւ են քաղաքացիներն այսքան դյուրագրգիռ դարձել ցանկացած ոլորտում տեղի ունեցող որևէ բացասական երևույթի նկատմամբ: Կարծում եմ` եթե վերհիշենք միայն վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած ընդամենը մի քանի հատկանշական իրադարձություն, սկսած Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից՝ մինչև Արմավիրի մարզում գյուղացիների ընդվզումը և, իհարկե, գազի գնի բարձրացման հետևանքով հասարակության բուռն ցասումը, հարցի պատասխանն ակնհայտ կդառնա: Իրավիճակը գնալով այնքան պայթյունավտանգ է դառնում, որ ցանկացած նման կայծ` քաղաքական, բանակային կամ բնապահպանական դաշտում, կարող է դառնալ լուրջ ընդվզման պատճառ: Իշխանությունները, կառավարության անդամները` իրենց տաքուկ ու հարմարավետ գրասենյակներում նստած, այժմ հավանաբար կարող են զարմանալ, թե ո՞րն է պատճառը, որ, օրինակ, Բյուրականում գյուղացիները ոտքի են կանգնում ինչ-որ չինովնիկի կողմից կառուցվող ու բնությունն ապականող հէկ-ի դեմ` երդվելով մեռնել, բայց թույլ չտալ դրա կառուցումը, Արմավիրի մարզում բնության արհավիրքների դեմ միայնակ մնացած գյուղացիները փակում են ճանապարհները, իսկ նույն իշխանությանը ծառայող գեներալ Մանվելը ոչ միայն զարմանում, այլև արգելում է Արցախում կռված ազատամարտիկներին Ազատության հրապարակում պաշտպանել իրենց իրավունքները: Այս հարցերի պատասխանը շատ պարզ է. քաղաքացու ձայնը, նրա ուղերձը չի հասնում իշխանությանը ոչ, առաջին հերթին, ընտրությունների, ոչ էլ այլ միջոցներով, կամ, եթե հասնում է, ապա այն որևէ կերպ չի դրսևորվում:

Ակնհայտ է, որ հասարակ քաղաքացին հոգնել է իշխանության` մարդկանց աչքին «թոզ փչելու» քաղաքականությունից: Իհարկե, արդարության համար պետք է նշել նաև հարցի մյուս կողմը. կարծում եմ` օրինակ, նույն գյուղացին այդքան արհամարհված չէր լինի, եթե նույնքան ջանասիրությամբ և նույն ոգով պայքարեր իր գյուղում ավելի արդար ընտրությունների անցկացման համար և միայն իշխանություններին ծառայող գյուղապետերի ու մարզպետների դեմ, պահանջեր ավելի համակարգային փոփոխություններ` նույն գյուղատնտեսության ոլորտում, պայքարեր վաշխառուական բանկային համակարգի դեմ, իսկ երբ այդ հուսահատության պահին որևէ հարուստ բարերար, ավելի ճիշտ` օլիգարխ, գալիս և ինչ-որ ֆինանսական օգնություն է խոստանում կամ, ասենք, մատաղի սեղան է գցում` շատ «ժողովրդական» դեմքի արտահայտությամբ, նրան միանգամից  չաստվածացներ` «մեռնելով» վերջինիս «ջանին»:

Վերադառնալով բանակի խնդրին` պարզապես նշենք, որ ԶՈՒ-ում արտառոց որևէ բան տեղի չի ունենում` բացի ողբերգությունից: Այդ նույն զինվորները, սպաները և հրամանատարները նույնպես վերևում նկարագրված հասարակության անդամներն են: Կարծում եմ` բոլոր սպաները և հրամանատարներն էլ ունեն մարդկային հատկանիշներ, և յուրաքանչյուրն՝ իր չափով, հայրենասեր է (ես դեռ դիտարկում եմ միայն հրամանատարությանը), այլապես 21-ամյա լեյտենանտից՝ մինչև ավելի տարեց գնդապետներ և գեներալներ, օրնիբուն չէին անցկացնի անքուն գիշերներ հենակետերում և շտաբներում` իրենց ծառայությունն իրականացնելով ու շատ հաճախ իրենց կյանքը ուղղակի վտանգի ենթարկելով:

Պարզապես, այդ նույն ղեկավարները` հրամանատարները, ինչպես, ասենք՝ գյուղապետերը կամ մարզպետները, աշխատում ու ծառայում են մի համակարգում, որտեղ գերխնդիրը ոչ թե քաղաքացիական պարտքն իրականացնելն է, այլ վերևների իշխանությանը հնազանդվելը և նրան ծառայելը, իսկ հարկ եղած դեպքում` զինվորներին իշխանության օգտին քվեարկել տալը կամ նույնիսկ սեփական ժողովրդի դեմ հանելը: Կարծում եմ` կարիք չկա անդրադառնալու նույն, այսպես ասած, գողական բարքերին, որոնք գերիշխում են թե՛ քաղաքացիական, թե՛ զինվորական կյանքում: Բանակում առկա է նույն անհանդուրժողականությունը, ինչ քաղաքական և քաղաքացիական կյանքում, բանակում նույնպես կարող են իրար հանդեպ թշնամանալ` մոռանալով, որ գլխավոր խնդիրը ոչ թե սեփական անձի ինքնահաստատումն է, այլ քաղաքացիական պարտքի իրականացումը, ծառայությունը հայրենիքին:

Դժվարանում եմ ասել, թե ինչպե՞ս պետք է լուծվի այս խնդիրը, իհարկե, լավագույն լուծումը կլիներ այն հակամարտության կարգավորումը, որն ընթանում է ավելի քան 20 տարի և Հայաստանի Հանրապետությունը և ԼՂՀ-ն պահում է համեմատական զինադադարի պայմաններում: Սակայն, թերևս, կարելի է սկսել, օրինակ, Պաշտպանության նախարարի այն մոտեցման վերանայումից, թե՝ «բանակում որևէ հրամանատար բիզնեսով չի զբաղվում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս