Բաժիններ՝

Պոլիտեխնիկը Հայաստանի ապագայի բանալին է

«Կարծում եմ՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը Հայաստանի ապագայի բանալին է: Հայաստանն ունի հզոր մարդկային ներուժ, ինժեներական հզոր միտք, որը գալիս է դեռևս Խորհրդային տարիներից: Մարդիկ այստեղ խելացի են, սակայն այս պահին այդ մասին չէ, որ ուզում եմ նշել, այլ այն, որ՝ որպեսզի ստեղծել բարձր տեխնոլոգիական տնտեսություն՝ այդ ուղեղները պետք է վարժել, որպեսզի նրանք որոշակի հմտություններ ձեռք բերեն: Իմ տեսիլքը Հայաստանի նկատմամբ բարձր տեխնոլոգիական տնտեսություն ունենալն է, ինչը Հայաստանը կարող է կառուցել մարդկանց հզոր ներուժի շնորհիվ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Սինոփսիս» ընկերության մարքեթինգի գծով փոխնախագահ և «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը՝ նշելով, որ Պոլիտեխնիկը հենց այդ ուղղությամբ է շարժվում և այս առումով կարևոր առաքելություն ունի Հայաստանի համար:

«Այդ բնական հարստության՝ ինտելեկտուալ կապիտալի զարգացման գործում Պոլիտեխնիկը իսկապես մեծ դերակատարություն ունի: Պոլիտեխնիկը կարելի է համարել Հայաստանի ապագայի բանալին»,- ասաց Ռ. Գոլդմանը՝ նշելով, որ Պոլիտեխնիկի միջֆակուլտետային ամբիոնը, որը գտնվում է «Սինոփսիս Արմենիա»-ի մասնաշենքում, ընկերության՝ Հայաստանում ունեցած հաջողությունների հիմքն է, իսկ ուսումնական բաժանմունքի այդ կրթական մոդելը գոյություն չէր ունենա առանց ՀՊՃՀ-ի:

«Սա բացառիկ համագործակցություն է, ես չգիտեմ աշխարհում համագործակցության որևէ նման օրինակ որևէ մեկ այլ տեղ: Սա ինովացիա է կրթական ոլորտում և այդ կրթական մոդելը գոյություն չէր ունենա առանց ՀՊՃՀ-ի հետ համագործակցության»,- ասաց Ռ. Գոլդմանը՝ նշելով, որ դա տեղի ունեցավ նաև Պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Յուրի Սարգսյանի շնորհիվ, ով այն ժամանակ խիզախություն ունեցավ աջակցելու այդ կրթական մոդելին, ինչը նաև այժմ, լուրջ աջակցություն է ունենում նաև ներկայիս ռեկտոր՝ Արա Ավետիսյանի կողմից:

Ըստ մեր զրուցակցի՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն իրենց ազատություն է տալիս կրթելու ուսանողներին հենց «Սինոփսիս» ընկերությունում աշխատելու համար: Այսինքն՝ ուսանողներն այդ ծրագիրն ավարտելուն պես՝ արդեն ունենում են բոլոր հմտությունները աշխատանքի անցնելու համար: «Նրանք կարողանում են արդյունավետ աշխատել «Սինոփսիս»-ում հենց ավարտելու հաջորդ իսկ օրվանից, ինչը իսկապես յուրահատուկ երևույթ է: Իսկ մինչ այդ մենք նրանց հնարավորություն ենք տալիս նաև դասերից հետո կես դրույքով աշխատել մեր ընկերությունում»,- ասաց Ռ. Գոլդմանը՝ նշելով, որ ուսանողներն այդպիսով փորձառություն են ձեռքբերում հենց ուսմանը զուգահեռ՝ տեխնոլոգիական ընկերությունում: Նրա խոսքով՝ ընկերությունում ուսումն ավարտելիս աշխատանքի են վերցնում շրջանավարտների 71%-ին, մնացած 29 %-ը աշխատանքի են անցնում այլ ընկերություններում: Այսինքն՝ բոլոր շրջանավարտները գտնում են աշխատանք՝ ըստ իրենց մասնագիտության:

Կարդացեք նաև

Ընդհանուր առմամբ, «Սինոփսիս Արմենիա»-ի աշխատակիցների մոտ կեսը հենց այդ ծրագրի շրջանավարտներն են:

Մեր հարցին, թե մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ նշել էիք, թե ինժեներների մոտ 40 թափուր աշխատատեղեր ունեք ընկերությունում, հիմա ինչպե՞ս է վիճակը, Ռ. Գոլմանը պատասխանեց. «Հիմա նույնպես մենք այդքան ազատ տեղ ունենք: Կարծում եմ՝ բոլոր նրանք, ովքեր իսկապես կարծում են, որ համապատասխանում են «Սինոփսիսի» չափորոշիչներին, համապատասխան հմտություններ ունեն, խելացի են և ամբիցիոզ, պետք է դիմեն մեզ»,- ասաց Ռ. Գոլդմանը:

«Սինոփսիս» ընկերության մարքեթինգի գծով փոխնախագահ և «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի վաղվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս