Գարեգին Նժդեհ. ՀՀԿ-ի բրենդը
Հայ քաղաքական, ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի անունը, ի տարբերություն մեր շատ մեծերի, բարեբախտաբար, հաճախ է հիշատակվում: Նրա անունն ամենից հաճախ հնչում է իշխող, հետևաբար՝ ամենամեծ կուսակցության` ՀՀԿ էլիտայի շուրթերից: Այս կուսակցության գաղափարախոսությունն ընդունված է համարել նժդեհականությունը: Եթե փորձենք գտնել ՀՀԿ-ի խոսքերի և գործերի ներդաշնակությունը, այն գտնելը շատ բարդ է, գրեթե անհնար: Համոզվելու համար կարող ենք հղում անել հենց Նժդեհին. «Դատապարտելի և բարոյազուրկ է այն երջանկությունը, որ հակասության մեջ է հավաքական երջանկության հետ»:
Նժդեհի անունը կուսակցական նոմենկլատուրայի կողմից հնչեցնելը ստվեր է գցում Նժդեհի վրա, և այս դեպքում օգնության են գալիս գիտության մարդիկ, պատմաբանները, որոնք` առանց կուսակցական փաթեթավորումների, «ներկայացնում են Գարեգին Նժդեհին այնպես, ինչպես որ է»: Այս առումով հետաքրքիր է վերջերս լույս տեսած մի գիրք` «Յիշիր պատերազմը» խորագրով: Գրքում ամփոփված է Բոստոնի «Հայրենիք» օրաթերթի 1930թ. մայիս, հունիս ամիսների համարներում հայտնաբերված Գարեգին Նժդեհի «Յիշիր պատերազմը» հոդվածաշարը: Այն կազմել ու խմբագրել է պատմական գիտությունների թեկնածու Խաչատուր Ստեփանյանը:
– Գարեգին Նժդեհի այս հոդվածաշարը հայտնաբերել եք տակավին վերջերս: Մինչդեռ թվում էր` նրա ողջ գրական ժառանգությունն արդեն հայտնի է ու ի մի բերված: Ամեն դեպքում, այս հոդվածաշարի ուղերձը ևս, եթե չեմ սխալվում, նույնն է, ինչ նախորդ բոլոր աշխատություններում` բարոյականության գերակայություն:
– Գիրքը նախևառաջ ուղղված է մեր կառավարող վերնախավին, զինվորականությանը: Այն պատգամ է, ըստ որի՝ պատերազմական վիճակում հատկապե՛ս պիտի ապրել բարոյապես ճիշտ, պատրաստ ինքնազոհողության: Մեր քաղաքական վերնախավը, որը որդեգրել է Նժդեհի գաղափարախոսությունը, հակասությունների մեջ է հենց նրա առաջարկած գաղափարների հետ:
– Այն խնդիրները, որոնք բարձրացրել է Նժդեհն այս հոդվածաշարում, նույնությամբ հասել են մեզ` հայոց լեզվի պահպանման անհրաժեշտությունը, բարոյազուրկ վերնախավի խնդիրը, երկպառակության վտանգները, ազգային միասնության կարևորությունը: Որպես պատմաբան` ունե՞ք հարցի պատասխանը` ինչո՞ւ են այս խնդիրները բոլոր ժամանակներում մեր առջև նույն սրությամբ դրվում:
– Նժդեհի այս աշխատությունը թեև գրվել է 83 տարի առաջ, արդիական է նաև այսօր: Այս գրքում վեր է հանված մեր պատմական անցյալը, ի ցույց են դրված մեր սխալների պատճառները, ձեռքբերումների հիմքերը: Որտեղ գործել ենք հանուն ազգի և ոչ թե անձնական շահերի, հաղթել ենք, որտեղ իր սև գործն է արել անձնական շահը, երկպառակությունը, որկրամոլությունը, պարտություն ենք կրել: Մեր ժողովուրդը դարեր շարունակ կրկնում է նույն սխալները: Այսօրվա իշխող քաղաքական ուժը` ՀՀԿ-ն, կրկնում է Նժդեհի մատնանշած սխալները, որոնք չպետք է թույլ տալ` դավաճանություն, ցոփություն, շահամոլություն, անբարոյականություն, հավաքական շահի ստորադասում անձնական շահին:
– Որպես հայրենասեր, ռազմական գործի վարպետ` այսօր հնչում է հիմնականում Գարեգին Նժդեհի անունը: Սակայն մենք ունենք նաև արժանավոր շատ այլ զինվորականներ, քաղաքական, պետական գործիչներ, որոնց անունը հանիրավի մոռացված է:
– Ցավալի է, բայց այդպես է: Ես զբաղվել եմ Ռուբեն Տեր-Մինասյան գործչով: Նա ոչ միայն ռազմական գործիչ էր, այլև գրչի մարդ. նա ոչ միայն անկրկնելի հուշագիր է, այլև երկրառազմավարության տեսաբան: Շատ է խոսվում, որ եթե չլիներ Նժդեհը, Սյունիքը կհայտնվեր Ադրբեջանի կազմում: Այդ դեպքում ինչո՞ւ չենք կարևորում Ռուբեն Տեր-Մինասյանի դերը` Արարատյան դաշտավայրում թուրք-թաթարական ըմբոստությունները 1918-20թթ. ճնշելու գործում: Ռուբեն Տեր-Մինասյանն ինքը նախաձեռնեց թուրքերի թուրք-թաթարական հակապետական ընդվզումների ճնշումը, նրանց վտարումը: Թաթարներով բնակեցված և ազատագրված այդ բնակավայրերում նա վերաբնակեցնում էր արևմտահայ գաղթականներին: Պատկերացնո՞ւմ եք, 1918թ. Առաջին Հանրապետության մայրաքաղաք Երևանն ամբողջովին շրջապատված էր թուրք-թաթարներով, և գրեթե անհնար էր դարձել Երևանի և Արտաշատի միջև կապը:
Նա իր սասունցի ֆիդայիներով մաքրեց նրանց, և այդ մասին այսօր շատ քիչ է խոսվում: Դրոյի համառության շնորհիվ էր, որ Հարավային Լոռին ազատագրվեց վրաց զավթիչներից:
– Կարծում եք, որ մեր ռազմական գործիչների վերլուծությունները Հայաստանի ապագայի մասին այնքան ունիվերսալ են, որ կարող են կիրառելի լինել նաև այսօ՞ր:
– Այո: Այլ հարց է` ինչպե՞ս ենք ընկալում այդ պատգամները, կամ փորձո՞ւմ ենք կիրառել: Տեսեք, Առաջին Հանրապետության տարիներին Հովհաննես Քաջազնունին վերարկու չուներ, որ գնար ԱՄՆ` Հայաստանի համար օգնություն խնդրելու: Նրա որդին զոհվեց պատերազմի ժամանակ: Պատկերացնո՞ւմ եք մեր իշխանավորներին` առանց թանկարժեք մեքենայի, կամ որոնց զավակներն առաջին գծում են: 1919թ. մեր ժողովուրդը ծանր կորուստ կրեց. տիֆից մահացավ Արամ Մանուկյանը:
Արամ Մանուկյանը` որպես երկրի ղեկավար, կարող էր գնալ, դրսում բուժվել, գալ: Նա չգնաց, որովհետև այդ ժամանակ հազարավոր այլ մարդիկ ևս տիֆից մահանում էին, և բարոյական պատասխանատվությունը նրան թույլ չտվեց զատվել նրանցից: Այսօրվա մեր պաշտոնյաներից մեկի մատը փուշ է մտնում, չարթերային թռիչքով` ուղիղ Փարիզ` ստուգվելու: Արամ Մանուկյանն այսօր տուն-թանգարան չունի, երբ կարող էր ունենալ: Այն շենքը, որտեղից նա հայտարարեց Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման մասին, այսօր կոմերցիոն տարածք է:
Մինչդեռ այն պետք է Առաջին Հանրապետության թանգարան լիներ, պետք է լիներ հատուկ ցուցանակ, որտեղ գրվեր, որ այս շենքի պատշգամբից Արամ Մանուկյանը հավաքված ժողովրդին ավետեց մեր անկախ պետականության վերականգնման փաստը: Այսօր այդ պատշգամբից պիցերիայի ցուցանակ է կախված (Հանրապետության հրապարակի հարևանությամբ): Դրանով պարզ արտացոլվում է մեր վերաբերմունքը մեր անցյալի, մեր անկախ պետականության գաղափարի հանդեպ:
– Ինչո՞վ եք պայմանավորում, որ որպես «թիրախ»` իշխող կուսակցությունն ընտրել է հենց Նժդեհին:
– Նժդեհի գրելու ոճը, փիլիսոփայությունը դուրեկան է: Հետո` Նժդեհը հեռացավ Դաշնակցությունից: Այսօրվա իշխող էլիտան, որն, իմ կարծիքով, չի ընդունում ՀՅԴ գաղափարախոսությունը, գտնում է` քանի որ Նժդեհը դաշնակցական չէ, նրան կարելի է կարևորել, իսկ մյուսներին, որ դաշնակցական էին, ոչ այնքան: Սակայն Դաշնակցությունն, անկախ ամեն ինչից, ազգային արժեք է:
– Քիչ կադրեր են պահպանվել մեր պետական, ռազմական գործիչներից, սակայն լուսանկարներից արդեն կարելի է համեմատել` նրանք վայելչակազմ էին, մտածող հայացքով: Այսօրվա բարձրաստիճան զինվորականներին առանց համազգեստի տեսնելիս` կարող ես շփոթել խոհարարների հետ: Արտաքուստ նմանություն ունեն Գարգանտյուայի հետ…
– Բարձրաստիճան զինվորականները, իրո՛ք, պետք է օրինակ ծառայեն: Սակայն, հավատացեք, բանակում կան գաղափարական զինվորականներ, ովքեր ցանկանում են, որ բանակը կարգի գա: Բայց ընդունում եմ, որ բանակի գեներալիտետի մի մասը բանակն օգտագործում է հարստանալու, գերշահույթներ ստանալու նպատակով: Բանակային գեներալներն ունեն առանձնատներ, բիզնես: Բայցև չենք կարող չնկատել` այսօր մենք` որպես պետություն, կայացած ենք միայն և միայն մեր բանակով: Ո՛չ կրթական համակարգ, ո՛չ տնտեսությունգ Դրանք դոփում են:
– Ռազմական գործի մասին խոսելիս` հղում ենք անում մեր 100-ամյա վաղեմության գործիչների աշխատություններին: ժամանակակից զինվորականության մեջ չունե՞նք մտածող, վերլուծությունները թղթին հանձնած զինվորական գործիչներ:
– Ցավով եմ ասում` չունենք: Եթե թերթում ենք 1918-20թթ. մեր պատմությունը, բոլորը մտածողներ էին, մարդիկ էին, ովքեր հետո գրեցին: Գրում էր ֆինանսների նախարարը, ռազմական նախարարն էր գրումգ Հայ քաղաքական միտքն այսօր դոփում է, ռազմական միտքը` առավել ևս: