Բաժիններ՝

Ինչո՞ւ է փոխվել Պարույր Հայրիկյանի գործով դատախազը

Մայիսի 14-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ իրականացնելու գործով առաջին դատական նիստը: Գործով մեղադրյալները երեքն են` նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը, Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը: Պարույր Հայրիկյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն առաջին դատական նիստից հետո հայտարարեց, որ մեղադրող կողմը խախտում է օրենքը, քանի որ փոխվել է գործով մեղադրող դատախազը:

««Դատախազության մասին» օրենքի 25-րդ հոդվածն ասում է, որ քրեական վարույթ իրականացնող դատախազն անփոփոխելի է, իսկ քրեական գործի նախաքննությունը ղեկավարել և հսկել է դատախազ Հովսեփ Սարգսյանը: Ընդ որում, «Դատախազության մասին» օրենքը դատախազ փոխելու մեխանիզմ ոչ միայն չի նախատեսում, այլև արգելում է»,- դատական նիստի ավարտից հետո ասել էր Վարդան Սեդրակյանի պաշտպանը: Նշենք, որ դատական նիստին որպես մեղադրող դատախազ` ներկայացել էր Արամ Ամիրզադյանը: Ա.Սիրունյանը նաև նշել էր, թե չգիտի՝ ինչով է բացատրվում նման փոփոխությունը:

ՀՀ գլխավոր դատախազի զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության հարցերով խորհրդական Սոնա Տռուզյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված գործով մեղադրողի փոփոխությունը: Ի պատասխան` Սոնա Տռուզյանն ասաց. «Նախաքննության սկզբնական փուլում այս գործով օրինականության նկատմամբ հսկողություն է իրականացրել Գլխավոր դատախազության Ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործով վարչության պետի տեղակալ Հովսեփ Սարգսյանը, ով հետագայում նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ, և գործով դատավարական ղեկավարումը շարունակել է իրականացնել նույն վարչության ավագ դատախազ Արամ Ամիրզադյանը:

Եթե այդուհանդերձ փաստաբանը դատական նիստի ժամանակ պաշտոնապես բացարկ հայտնի դատախազին, դատախազն իրավական հիմնավորումները բացարկին կներկայացնի»: Սակայն, ըստ Սոնա Տռուզյանի՝ փաստաբանը դատական նիստի ժամանակ դեռևս պաշտոնապես նման բացարկ չի հայտնել, ուստի ինքն այս փուլում չի ցանկանում խոսել իրավական հիմնավորումների մասին: «Քանի որ գործը գտնվում է դատարանի վարույթում, և դատարանի դահլիճից դուրս հեռակա դատավարություն չի իրականացվելու, և բացարկի հիմքեր չեն վիճարկվելու, կա դատական հստակ ընթացակարգ, և եթե փաստաբանն, իրոք կարծում է, որ այստեղ կա որևէ խախտում, և, այդուհանդերձ, ինքը կգտնի իրավական հիմնավորումներ և կփորձի դատական նիստում բացարկ հայտնել, դատախազը կներկայացնի իր պատճառաբանությունները և օրենքի տառն ու ոգին»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության հարցերով խորհրդականը:

Նշենք, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդածի 1-ին կետը սահմանում է, որ հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն, որպես կանոն, իրականացնում է տվյալ քրեական գործով քրեական հետապնդում հարուցած դատախազը, բացառությամբ` երբ նրան օրենքով նախատեսված դեպքերում փոխարինում է վերադաս դատախազը:

Եթե քրեական հետապնդումը հարուցել է վերադաս դատախազը, ապա նա կարող է տվյալ քրեական գործով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունը հանձնարարել ստորադաս դատախազի: Նույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետն ամրագրում է, որ մեղադրանքի պաշտպանությունը դատարանում, որպես կանոն, իրականացնում է տվյալ քրեական գործով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացրած դատախազը, բացառությամբ, երբ նրան օրենքով նախատեսված դեպքերում փոխարինում է վերադաս դատախազը: Բացառիկ դեպքերում մեղադրանքը պաշտպանող դատախազի դատավարական լիազորությունների իրականացմանը վերադաս դատախազն իրավունք ունի ներգրավելու նաև այլ մեղադրողների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս