Հրապարակվել է Բենղազիում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակման մասին ամերիկացի չինովնիկների նամակագրությունը
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Սպիտակ տունը հրապարակել է Լիբիայի Բենղազի քաղաքում ԱՄՆ հյուպատոսության վրա նախորդ տարի իրականացված հարձակման հետ կապված ամերիկյան կառավարական գերատեսչությունների աշխատակիցների ծառայողական նամակագրությունը:
Վերջինս բաղկացած է 100 էջից: Բարաք Օբամայի վարչակազմը գնացել է այդ քայլին՝ հուսալով կասեցնել այն սկանդալը, որն արդեն մի քանի ամիս է, ինչ մթագնում է իր գործունեությունը և պատճառում է քաղաքական լուրջ վնաս: ԱՄՆ կոնգրեսում ներկայացված Հանրապետական ընդդիմությունը վարչակազմին մեղադրում է այդ միջադեպի մասին ճշմարտությունը քողարկելու փորձ կատարելու մեջ:
Հանրապետականներն ուշադրություն են հրավիրում նրան, որ 2012 թվականի սեպտեմբերի 11-ին գրանցված այդ միջադեպը, որի հետևանքով զոհվել էր Լիբիայում ԱՄՆ դեսպանը և դիվանագիտական առաքելության երեք աշխատակից, տեղի է ունեցել ԱՄՆ նախագահական ընտրությունների նախաշեմին և կարող էր խաթարել Օբամայի դիրքերը:
Այժմ հրապարակվել է այդ միջադեպի կապակցությամբ Սպիտակ տան նամակագրությունը Պետդեպարտամենտի, Պենտագոնի ու ԿՀՎ-ի հետ: Հրապարակված նամակագրությունը վկայում է, որ այդ աղետի առաջին օրերին կառավարական չինովնիկներն իսկապես որոշել են հրապարակավ չհիշատակել, որ ամերիկյան հյուպատոսության վրա հարձակվել են ահաբեկիչները:
Մասնավորապես, ԱՄՆ պետդեպարտամենտի տվյալ ժամանակվա պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը կարծել է, որ այդ փաստի ճանաչումը պատճառ կդառնա կառավարության հասցեին լուրջ քննադատությունների առաջացման:
Իսկ տվյալ ժամանակ ԿՀՎ-ի ղեկավար Դևիդ Պետրեուսը կասկածելի է համարել նման մոտեցման ճշմարտացիությունը՝ դրա հետ մեկտեղ ընդգծելով, որ վերջնական խոսքը պատկանում է Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդին:
Ավելի վաղ վարչակազմի աշխատակիցների՝ 100 էջանոց ծառայողական այդ նամակագրությունը ցույց էր տրվել ամերիկացի օրենսդիրներին: Այդպիսին է եղել հանրապետականների նախապայմանը, որոնք սպառնացել էին հակառակ դեպքում Կոնգրեսում արգելափակել ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնում Ջոն Բրենանի թեկնածության հաստատումը:
Դրանից առաջ էլ նրանք Օբամային հարկադրել էին հրաժարվել պետքարտուղարի պաշտոնում ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսի թեկնածության առաջադրումից: