«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ը հաղթեց
Գ.Բերոյանը և Գ.Մաթոսյանը հայց են ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի` վերջնահաշվարկ կատարելուն հարկադրելու և աշխատավարձի բռնագանձման պահանջների վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, դիմելով դատարան` հայցվորները հայտնել են, որ 1993 թվականից աշխատել են Ընկերությունում: Աշխատելու ընթացքում Ընկերությունն իրենց հասանելիք աշխատավարձը կամ չի վճարել կամ վճարել է մասնակի: 2002 թվականին ազատվել են աշխատանքից, սակայն մինչև օրս Ընկերությունն իրենց հետ վերջնահաշվարկ չի կատարել, աշխատանքային գրքույկները չեն հանձնվել իրենց: Ընկերությունը թողել է անպատասխան իրենց բազմաթիվ դիմումները` հասանելիք աշխատավարձը ստանալու պահանջի վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հանձնարարականով կատարված ստուգումների արդյունքում 10-ը նոյեմբերի 2003 թվականին կազմված ակտի և դրա հիման վրա տրված եզրակացության համաձայն` Գ.Բերոյանին հասանելիք աշխատավարձի պարտքը կազմում է 9.309.800 ՀՀ դրամ, իսկ Գ.Մաթոսյանինը` 3.765.500 ՀՀ դրամ:
Հայցվորները նշել են, որ Դատարանի 06-ը օգոստոսի 2005 թվականի վճռով Գ.Մաթոսյանի հայցն ընդդեմ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության` աշխատավարձի բռնագանձման պահանջի մասին, բավարարվել է:
Վճիռը 06-ը օգոստոսի 2005 թվականի Ընկերության կողմից բողոքարկվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան: Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09-ը նոյեմբերի 2009 թվականի վճռով վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Գ.Մաթոսյանի հայցը մերժվել:
Թեև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` դատավորը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, սակայն Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09-ը նոյեմբերի 2009 թվականի վճիռը օրինական ուժի մեջ չի մտել` Գ.Մաթոսյանի կողմից վճռաբեկ բողոքը հետ վերցնելու հետևանքով: Բացի դա, տվյալ հայցով հայցվոր է նաև Գ.Բերոյանը, նախկին` աշխատավարձի բռնագանձման պահանջի փոխարեն ներկայացված են նոր` վերջնահաշվարկ կատարելուն հարկադրելու, աշխատավարձի բռնագանձման և աշխատանքային գրքույկներ տրամադրելու պահանջներ:
Դատարանը գտել է, որ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հանձնարարականով կատարված ստուգումների արդյունքում 10-ը նոյեմբերի 2003 թվականին կազմված ակտի չի կարող դիտվել որպես Գ.Բերոյանի վկայակոչած` իրեն հասանելիք աշխատավարձի պարտքը 9.309.800 ՀՀ դրամ կազմելու, փաստը հավաստող ապացույց, քանի որ այն կնքված չէ, ստորագրված չէ Ընկերության պաշտոնատար անձանց կողմից և չի հանդիսանում «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ընդունված ակտ:
Գ.Բերոյանն իր վկայակոչաց փաստի վերաբերյալ Դատարանին չի ներկայացրել որևէ իրավահավաստող ապացույց, որով Դատարանը հաստատված կհամարեր, որ վերջինս պատասխանող Ընկերությունում աշխատելու ժամանակահատվածում պետք է ստանար 9.309.800 ՀՀ դրամ աշխատավարձ, սակայն չի ստացել: Հետևաբար` Դատարանը գտնել է, որ հայցապահանջը` Ընկերությունից հօգուտ Գ.Բերոյանի 9.309.800 ՀՀ դրամ, որպես չվճարված աշխատավարձի գումար, բռնագանձելու մասով անհիմն է և ենթակա է մերժման:
Հայցվորների վկայակոչած այն փաստարկը, որ տվյալ հայցապահանջի վրա հայցային վաղեմություն չի տարածվում նաև, քանի որ հասանելիք աշխատավարձը չվճարելն իրենց` որպես սեփականատիրոջ իրավունքների խախտում է, Դատարանը գտնում է անհիմն:
Դատարանի եզրահանգմամբ հայցապահանջը` Ընկերությունից հօգուտ Գ.Մաթոսյանի 3.765.500 ՀՀ դրամ` որպես չվճարված աշխատավարձի գումար բռնագանձելու մասով քաղաքացիական գործի վարույթը ենթակա է կարճման` հետևյալ պատճառաբանությամբ: Տվյալ դեպքում, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 06-ը սեպտեմբերի 2005 թվականին կայացված վճռի համաձայն` Գ.Մաթոսյանի հայցապահանջն ընդդեմ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության` աշխատավարձի պահանջի մասին բավարարվել է: Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած 09-ը նոյեմբերի 2005 թվականի վճռով հայցը մերժվել է: Փաստորեն, նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ:
Ներկայումս սույն գործի քննությունը շարունակվում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում: