Դիլիջանի ոստիկանները բացահայտել են տարիներ առաջ տեղի ունեցած խոշոր չափի գողության դեպքը

Ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները օրերս բացահայտել են 2011 թ.-ին տեղի ունեցած առանձնակի խոշոր չափի գողության դեպք: Դիլիջանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի և քննչական բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս ոստիկանություն են բերման ենթարկել Մխիթար Բաղրամյանին և Կարեն Հովհաննիսյանին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք կասկածվում են 2011 թ. սեպտեմբերի 8-ին Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող Լիաննա Խալաֆյանի տնից մեծ քանակի ոսկյա և արծաթյա զարդեր գողանալու մեջ: Մ. Բաղրամյանը Կարեն Հովհաննիսյանից տարիներ առաջ գնել է «ВАЗ 21 06» մակնիշի ավտոմեքենա, որի չվճարած գումարը փակելու նպատակով 2011-ի սեպտեմբերին նրան նյութապես շահագրգռելու միջոցով դրդել է քեռակնոջ՝ Լիաննա Խալաֆյանի բնակարանից գողանալ ոսկյա և արծաթյա զարդերը:

Մ. Բաղրամյանը նախապես հայտնել է, որ երկուշաբթիից շաբաթ՝ մինչև կեսօր, տանը ոչ ոք չի լինում և նրան տվել է բնակարան մտնելու սխեման՝ ինչպես նաև՝ հայտնել գողոնի տեղը: Ու արդեն սեպտեմբերի 8-ին Կ. Հովհաննիսյանը լուսամուտից ներս է մտել Լ. Խալաֆյանի տուն և այնտեղից գողացել 10 կտոր ոսկյա զարդեր, 4 կանացի մատանիներ, 1 զույգ ականջօղ, 1 վզնոց, 2 թևնոց, 1 ժամացույց, որոնց ընդհանուր գումարը կազմում է մոտավորապես 987 800 դրամ:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Դիլիջանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. Օր.-ի 38-րդ հոդվածի 4-րդ մասի (Հանցակիցների տեսակները, դրդիչ է համարվում այն անձը, ով մեկ ուրիշ անձի դրդել է հանցանք կատարելու՝ համոզելու, նյութապես շահագրգռելու, սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով) և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով:

Քննիչ Արթուր Գևորգյանի կողմից նշված անձինք ձերբակալվել և տեղափոխվել են Ոստիկանության Դիլիջանի բաժնի ժամանակավոր պահման մեկուսարան:

Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների վաղը՝ մայիսի 11-ին, քննիչ Ա. Գևորգյանը միջնորդությամբ պետք է դիմի Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի 2-ամսյա կալանավորումը:

Դիլիջանցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնել են, որ միևնույն է՝ դատարանը չի կալանավորի առանձնապես խոշոր չափի գողություն կատարողին ու դրդիչին, իսկ քննչական մարմինն էլ գործը կկարճի՝ կիրառելով տարիներ առաջ ՀՀ նախագահի կողմից համաներման մասին օրենքը, քանի որ Մ. Բաղրամյանը Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանի մոտ ազգականն է:

Տեսանյութեր

Լրահոս