
Ջոն Քերիից հետո Սիրիայի հարցով Վլադիմիր Պուտինի մոտ է գալիս Դևիդ Քեմերոնը

BBC-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ժամանում է Սոչի՝ հանդիպելու համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ վերջինիս նստավայրում: Իր այս այցի մասին Քեմերոնը հայտարարել էր միայն չորեքշաբթի:
Ելույթ ունենալով երկրի խորհրդարանում՝ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Պուտինի հետ իր հանդիպման ժամանակ քննարկելու է Սիրիայում տիրող իրավիճակը, ուր արդեն իսկ ավելի քան երկու տարի է, ինչ մարտեր են ընթանում կառավարական ուժերի ու զինված ընդդիմության միջև:
Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքերով՝ անհրաժեշտ է արագացնել Սիրիայում իշխանության քաղաքական փոխանցումը՝ բռնություններին վերջ դնելու համար: Ակնկալվում է նաև, որ հանդիպման ժամանակ Պուտինն ու Քեմերոնը քննարկելու են հունիսին Հյուսիսային Իռլանդիայում կայանալիք G8-ի գագաթաժողովի և սեպտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք G20-ի գագաթաժողովի հարցերը:
BBC-ի թղթակից Սթիվ Ռոզնբերգն ընդգծել է, որ Քեմերոնի այս այցը շարքային այց չէ, քանի որ նա, հանուն Պուտինի հետ մի քանի ժամյա զրույց ունենալու, պետք է հաղթահարի մոտ 2000 մղոն (ավելի քան 3000 կիլոմետր) տարածություն: Հաջորդ շաբաթ էլ Քեմերոնը մեկնելու է Վաշինգտոն՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ քննարկելու համար Սիրիայի հարցը: