
Մեր վետերանների ամսական թոշակն ավելի քիչ է, քան՝ պարտված ֆաշիստներինը. ռուսական մամուլ

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 68-ամյակին հասած ռուս վետերանները 2010 թվականին կենսաթոշակների ինդեքսավորումից հետո միջին հաշվով ստանում են 27.000 ռուբլուց էլ պակաս գումար:
Հաշվի առնելով հավելյալ նյութական ապահովումը՝ Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների դրամական ամսական եկամուտը կազմում է 27.864 ռուբլի, իսկ զոհված զինծառայողի այրիներինը՝ 25.021 ռուբլի:
Միևնույն ժամանակ Московский комсомолец թերթը գրում է, որ Գերմանիայում պատերազմի մասնակիցներն ամսական ստանում են առնվազն 1000 եվրո: Ընդ որում, եկամուտը կարող է ավելի մեծ լինել, քանի որ հաշվի են առնվում նախկին զինծառայողների կոչումն ու նրա արժանիքները:
ԱՄՆ-ում Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների միջին թոշակը կազմում է 1500 դոլար, որին գումարվում է առնվազն 1200 դոլարի նպաստ: Բացի այդ, նրանք իրավունք ունեն արտոնյալ պայմաններով վերցնել հիփոթեքային վարկեր, լիովին օգտվել բժշկական ծառայություններից և անհրաժեշտության դեպքում՝ հաշմանդամային տեխնիկայից:
Մեծ Բրիտանիայում վետերանների կենսաթոշակային նպաստը կազմում է 2000-9000 դոլար՝ կախված կոչումից ու մարատադաշտում ստացած վերքերից: Վետերանները կարող են անվճար հիմունքներով օգտվել դեղամիջոցներից ու բուժումից: Իսրայելում վետերաններն ամսեկան ստանում են մոտ 1500 դոլար: