
Թուրքիան կարող է ինքնուրույն կառուցել իր երրորդ ատոմակայանը. Էրդողան

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է ինքնուրույն կառուցել իր թվով երրորդ ատոմակայանը.
«Թուրքիան այսօր կարող է մոտ 35-40 միլիարդ դոլար ներդնել օդանավակայանի կառուցման մեջ (նկատի է առնվում Ստամբուլի երրորդ և խոշորագույն օդանավակայանի կառուցումը):
Դա նշանակում է, որ մենք ինքներս կարող ենք ամբողջովին կառուցել երրորդ ատոմակայանը երկրում: Երրորդ ատոմակայանի կառուցման համար Թուրքիան պատրաստում է տեղական կադրեր և ուսում ստանալու նպատակով նրանց ուղարկում է արտասահման»:
Էրդողանը հավելել է, որ ատոմակայանների կառուցման գործընթացում Թուրքիան ապահովում է անվտանգության բարձր մակարդակ, սակայն ոչ ոք ապահովագրված չէ դժբախտ դեպքերից:
Թուրքիայի առաջին ատոմակայանը կառուցվելու է միջերկրածովյան Աքքույու վայրում, իսկ երկրորդ ատոմակայանը՝ սևծովյան Սինոպում: Առաջին ատոմակայանը կառուցելու է Ռուսաստանը, իսկ երկրորդը՝ Ճապոնիան:
Երրորդ ատոմակայանը, ամենայան հավանականությամբ, կառուցվելու է Թուրքիայի եվրոպական հատվածում՝ Բուլղարիայի սահմանից ոչ հեռու ընկած Իղնեադա վայրում: