
Ամերիկացի ցանցահենները մի քանի ժամում հափշտակել են 45 միլիոն դոլար

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում մեղադրանք է ներկայացվել 7 ցանցահենի նկատմամբ, որոնք հետաքննության տվյալներով՝ կարողացել են շրջանցել բանկային համակարգերի պաշտպանական մեխանիզմները և բանկոմատների միջոցով հափշտակել 45 միլիոն դոլար:
Հարձակումն իրականացվել է երկու փուլով, որոնցից առաջինը 2012 թվականի դեկտեմբերի 21-ին, իսկ երկրորդը՝ 2013 թվականի փետրվարի 19-ին: Յուրաքանչյուր փուլը տևել է մի քանի ժամ: Առաջին դեպքում չարագործները հափշտակել էին 5 միլիոն դոլար, իսկ երկրորդ դեպքում՝ 40 միլիոն դոլար:
Երկու դեպքում էլ չարագործները գործել են միևնույն սխեմայով: Առաջին հարձակումիկց տուժել է արաբական Rakbank բանկը, իսկ երկրորդ դեպքում՝ Օմանում գտնվող Bank of Muscat բանկը: Հարձակումների առանձնահատկությունը կայացել է նրանում, որ այն կրել է միջազգային բնույթ. գումարները հանվել են 27 երկրում՝ ներառյալ Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Ռումինիայում ու Ճապոնիայում, եղած բանկոմատներից:
Այդ հարձակումներն իրականացրած բոլոր 7 անձինք ԱՄՆ-ի քաղաքացիներ են՝ 22-35 տարեկան: Նրանց նկատմամբ մեղադրանք է ներկայացվել փողերի լվացման ու մեքենայությունների վերաբերյալ: Մեղադրող կողմը դա համարել է «պատմության մեջ կոտրման խոշորագույն դեպքերից մեկը»: