Ռուսաստանը փորձում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը հանել սառեցված վիճակից. Սերգեյ Մարկով
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և դրանում Ռուսաստանի դերակատարությանը.
«Ռուսաստանը ոչ մի կերպ չի հրաժարվում այդ հակամարտության կարգավորման գործընթացում իր դերից և անկասկած է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր՝ շարունակելու է ջանքեր գործադրել դրան նպաստելու համար:
Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը ցանկանում էր կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը, իր համար նման առաջադրանք էր ստանձնել, սակայն, ծախսելով մեծ էներգիա, չհասավ նպատակին: Հակամարտությունը չի կարող հավերժ մնալ սառեցված վիճակում: Ռուսաստանը փորձում է այդ գործընթացը հանել սառեցված վիճակից:
Միևնույն ժամանակ մենք չպետք է թույլ տանք հակամարտության ապասառեցում և ռազմական գործողությունների սկսում: Քաղաքական կարգավորման հետ մեկտեղ անհրաժեշտ է ապահովել նաև տնտեսական, մշակութային ու հումանիտար համագործակցություն: Դրա համար էլ մենք հանդես ենք գալիս տարածաշրջանում սահմանների բացման օգտին, որպեսզի երկրների ու ժողովուրդների միջև սկսվի փոխհամագործակցություն»: