Բաժիններ՝

Թուրքիայում ծրագրել էին Կոստանդնուպոլսի գրավման օրը սպանել Պոլսո Հունաց պատրիարքին

Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում բացահայտվել է Պոլսո Հունաց պատրիարք Բարդուղեմիոսի դեմ ծրագրված մահափորձը: Քայսերիի (Կեսարիա) դատախազությունը ստացել է մի նամակ, որում նշված է եղել Բարդուղեմիոսի դեմ մահափորձի ծրագրման մասին:

Նամակում ուշադրություն էր հրավիրված, որ մահափորձն իրականացվելու է մայիսի 29-ին, ինչը համընկնում է օսմանյան սուլթան Մեհմեթ Ֆաթիհի (թարգմանաբար՝ նվաճող) կողմից 1453 թվականին Կոստանդնուպոլսի գրավման օրվան: Այս նամակի ի հայտ գալուց հետո Ստամբուլի ոստիկանությունն ու հետախուզական կառույցներն անմիջապես գործի են անցնել:

Նրանք տվյալ գործի շրջանակներում արդեն իսկ ձերբակալել են ոմն Սերդարի, որի ազգանունը չի նշվում: Նշվում է, որ այս տարվա մարտին Սերդարը մահափորձի նախապատրաստման շրջանակներում հետախուզական գործունեություն է ծավալել Ստամբուլում: Սերդարը հայտնի է որպես ազգայնամոլ և քրդերի հանդեպ իր սպառնալիքներով:

Ոստիկանությունը կարծում է, որ տվյալ գործում ներառված է ևս երկու մարդ: Անկարայի հանրապետական դատախազությունն արդեն իսկ սկսել է զբաղվել այս գործի քննությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս