
Վրաստանը նախկինի նման հավատարիմ է եվրոինտեգրման ուղղվածությանը. Շտեֆան Ֆյուլե

Грузия Online-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ չնայած ոչ վաղ անցյալում տեղի ունեցած իշխանափոխությանը՝ Վրաստանը նախկինի նման հավատարիմ է եվրոպական ինտեգրման ուղղվածությանը:
Ֆյուլեն հավելել է, որ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած նոր կառավարությունը խոսքով ու գործով հաստատում է իր հետաքրքրությունն այն ուղու նկատմամբ, որը վերջին հաշվով նրան բերելու է ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի մոտ:
Ֆյուլեն գոհունակություն է հայտնել համագործակցության առաջին ցուցիչների ի հայտ գալու կապակցությամբ, որոնք նշմարվել են Բիձինա Իվանիշվիլիի և նախագահական ժամկետն ավարտող Միխեիլ Սաակաշվիլիի միջև: Ֆյուլեի կարծիքով՝ դա դրսևորվում է արտաքին քաղաքականությանն ու արդարադատության առնչվող խնդիրների լուծման ժամանակ:
Շտեֆան Ֆյուլեն ևս մեկ անգամ հաստատել է, որ ԵՄ-ը շարունակում է հավատարիմ մնալ իր դիրքորոշմանը՝ կապված Վրաստանի տարածքային ամբողջականության հետ և Ռուսաստանին կոչ է արել հարգանք ցուցաբերել ստանձնած պարտավորվածությունների նկատմամբ ու հրաժարվել ինքնահռչակ Աբխազիայում ու Հարավային Օսիայում ռազմաբազաներ կառուցելուց: