![](/banners/BeFunky-design.jpg)
Ամերիկացիները պարզապես ցանկանում են, որ մենք զոհվենք դանդաղ. Սիրիական ազատ բանակի ղեկավար
![](https://168.am/wp-content/uploads/2013/05/95.jpg)
The McClatchy մեդիահոլդինգին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայում ապստամբական ուժերի հրամանատար Սալիմ Իդրիսը խոստովանել է, որ իր զինված ստորաբաժանումները մասնատված են և չունեն ռազմական հմտություններ, որոնք անհրաժեշտ են նախագահ Բաշար Ասադին տապալելու համար:
Սիրիական ազատ բանակի ղեկավարը հայտարարել է, որ փորձում է բոլոր նահանգներում ստեղծել իր ուժերի ղեկավարման միավորված կառույց, սակայն չունի ո՛չ լուրջ ազդեցություն ապստամբների գործողության վրա, ո՛չ էլ ուղիղ վերահսկողություն՝ մի շարք խոշոր խմբավորումների նկատմամբ:
Դրա հետ մեկտեղ ապստամբների շրջանում գրեթե չկան արհեստավարժ զինվորականներ, ապստամբները չափազանց շատ գումարի կարիք են զգում: Իդրիսը հայտարարել է. «Մեզ չեն բավականացնում զենքն ու զինամթերքը: Բավական չեն նաև գումարները՝ լոգիստիկայի, վառելիքի գնման, ավտոմեքենաներով ջոկատներին համալրում հասցնելու համար: Մենք ոչինչ չենք կարողանում վճարել մարդկանց բողոքներին»:
ՄԱԿ-ում ցայժմ չեն դադարում վեճերը, թե արդյոք արժե՞ ապստամբներին զենք մատակարարել: Մարտի կեսերին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-ի գագաթաժողովում Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան առաջարկել էին վերացնել ապստամբներին զենք մատակարարելու վրա դրված բեռնարգելքը: Սակայն դա լուրջ քննադատության տեղիք էր տվել:
Նշվում է, որ ԱՄՆ-ը և Թուրքիան պայմանավորվել են ստեղծել համակարգ՝ սիրիացի ապստամբներին 123 միլիոն դոլարի ոչ ռազմական տեխնիկա հատկացնելու համար: Սիրիական ընդդիմությունը ծիծաղելի է համարել ամերիկյան այդ օգնությունը. «Մեզ անհրաժեշտ է զենք: Ինչպես ասում է մեր հրամանատարներից մեկը, ամերիկացիները պարզապես ցանկանում են, որ մենք զոհվենք դանդաղ»: