Բաժիններ՝

Իրանը ներկայացրել է սեփական արտադրության նոր անօդաչու թռչող սարքը

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հայտարարել է նոր անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) ստեղծման մասին, որն անտեսանելի է ռադարների համար: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ահմադ Վահիդին:

Վերջինիս խոսքերով՝ ԱԹՍ-ն անվանվել է Epic, որն ունակ է մեծ բարձրությունների վրա կատարել հեռահար թռիչքներ և խոցել թշնամական թիրախները: Վահիդին այլ մանրամասներ չի ներկայացրել Epic ԱԹՍ-ի մյուս առանձնահատկությունների մասին:

Ապրիլի 18-ին էլ Իրանի ՊՆ-ը ներկայացրել էր միանգամից երեք մոդելի ԱԹՍ՝ ներառյալ Throne-ը, որն անտեսանելի է ռադարների համար և ունակ է օդում խոցել հակառակորդի թիրախները: Իրանի ՊՆ-ն այն ժամանակ հայտարարել էր, որ արդեն իսկ ստեղծել է նմանատիպ մի քանի տասնյակ ԱԹՍ:

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին իր հերթին հայտարարել է, որ Bayandor կատարելագործված էսկադրոնային ականակիրը ռազմածովային ուժերի տրամադրության տակ կվերադառնա մայիսի 24-ին:

Դա տեղի կունենա նավի կապիտալ վերանորոգումից և նորագույն սարքավորումներով, այդ թվում նաև հրթիռներով, տորպեդներով, հրետանային և հիդրոակուստիկ համալիրներով և այլ սարքերով հագեցվելուց հետո: Սայարին հավելել է, որ դրանից հետո էսկադրոնային ականակիրը պատրաստ կլինի բաց ծովում առաքելություն կատարելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս