Բաժիններ՝

Խատուտիկ՝ արևի հետ արթնացող բուժարարը

Աստղածաղկավորների ընտանիքին պատկանող բազմամյա բույս է։
Հայրենիքը Եվրասիան է, տարածված է նաև Ամերիկայում և Ավստրալիայում։ 1859թ. հրապարակվել է գիտնական Բոնյերի աշխատանքը, որտեղ բերվել են ապացույցներ, որ նույն բույսի սերմերից` կախված շրջակա միջավայրի կլիմայական և այլ պայմաններից, ստացվում են ձևով և չափերով տարբերվող այլատեսակներ։ Այս երևույթին մենք ականատես ենք լինում` թեկուզ շրջելով մեր սիրելի մայրաքաղաք Երևանում։ Խատուտիկի օրինակով մենք կարող ենք համոզվել, որ բույսերը նույնպես ունեն ցավի զգացողություն` սնամեջ ծաղկացողունից կտրված երկայնային հատվածը կծկվում է, ինչպես զսպանակը։

Խատուտիկի ծաղկման շրջանը բավականին երկար է, բնության իրական հրաշք են խատուտիկի սերմերը, որոնք կառուցվածքով շատ նման են օդապարիկի։ Հետաքրքիր է, որ սերմը կարող է զարգանալ նույնիսկ առանց լիարժեք բեղմնավորման` ընդամենը մեկ բույսը կարող է մեծաքանակ սերունդ տալ։

Խատուտիկն ընդգրկված է բազմաթիվ երկրների դեղաբանական ցանկերում, գիտական բժշկությունը հիմնականում օգտագործում է բույսի արմատները` որպես լեղամուղ միջոց խոլեցիստիտի, անացիդ ստամոքսաբորբի, քրոնիկ փորկապության բուժման համար։
Արմատում շատ է ինուլինը, պարունակվում են նաև սպիտակուցներ, օրգանական թթուներ, լորձ, եթերային յուղեր, վիտամիններ, կալիում և կալցիում, բույսին բնորոշ գլիկոզիդներ։

Ծաղիկները և տերևները պարունակում են ասկորբինաթթու, կարոտին, B խմբի վիտամիններ` B1, B2, նիացին, քոլին, նաև պրոտեին, գլիկոզիդներ, սապոնին, դառնանյութ, սպիրտներ, կաուչուկ, երկաթ, մարգանեց և այլն։
Որպես բուժիչ հումք` մթերում են արմատները, որոնք հավաքում են աշնանը` տերևների թառամելուց հետո, չորացնում են տաք, լավ օդափոխվող տարածքում, մինչև դադարի կաթնային հյութի արտադրանքը։ Աշնանն ինուլինի պարունակությունն արմատներում հասնում է 40 տոկոսի։
Ժողովրդական բժշկությունը կիրառում է նաև ծաղիկները և տերևները, որոնք ուտելի են։
Զգուշացում։ Խատուտիկը կլանում է մթնոլորտից վնասակար նյութերը, հատկապես` կապարը։ Հավաքեք մայրուղիներից հեռու վայրերում` 30 կմ և ավելի։
Տերևն ունի հակամանրէ, հակաբորբոքային, արյունարգել, վերքամոքիչ, լեղամուղ հատկություններ։ Իսկ արմատը` քրտնամուղ, լեղամուղ, լուծողական, թույները հեռացնող (հակատոքսիկ), հակասկլերոտիկ, հանգստացնող, հակաալերգիկ հատկություններ։

Կարդացեք նաև

Բուժում է խատուտիկի հյութը
xatutikՄեծ կիրառում ունի խատուտիկի հյութը, որը հարգի է` որպես օրգանիզմն ամրացնող և տոնուսը բարձրացնող միջոց։ Հյութը ստանում են բույսի բոլոր մասերից, հումքը նախապես (մոտ 30 րոպե) թրջեք թույլ աղաջրի մեջ (1 թ/գ աղ, 400 մլ ջուր), որպեսզի լուծվեն դառնանյութերը, որից հետո ընկղմեք եռջրի մեջ, աղացեք և մզեք հյութը։

Հյութի պահպանման առավելագույն ժամկետը սառնարանում ընդամենը 24 ժամ է, այն կարելի է պահեստավորել. 1 լ հյութը խառնեք 200 մլ օղու հետ, խմեք 1-ական ճ/գ` օրը 2-3 անգամ, որպես արյունը մաքրող միջոց։
Այս յուրահատուկ «լիքյորը» կարելի է խմել 1 ճ/գ կիտրոնի հյութի կամ կես թ/գ մեղրի հետ։ Օգտագործեք վարիկոզի, թութքի, փորկապության և այլ դեպքերում։
Հիպերտոնիա. Խմեք 20-ական մլ թարմ հյութ, օրը 3 անգամ` տաք ջրի հետ։ Շարունակեք 2 շաբաթ։
Միգրեն. Խառնեք գազարի, սպանախի և խատուտիկի հյութերը (3։1։1)։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Կոկտեյլն ունի հակավարակային հատկություն, խորհուրդ է տրվում գրիպի, բրոնխիտի, թոքաբորբի դեպքում։

Զգուշացում։ Սպանախն օգտակար է թոքերին և ամրացնում է օրգանիզմը, սակայն հակացուցված է հոդատապի, նեֆրիտի, կոլիտի, լյարդի և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների դեպքում։
Ստամոքսի քաղցկեղ. Աղացեք գազար, խատուտիկ, շաղգամ (10։3։2 քաշային հարաբերությամբ), խառնեք հյութերը։ Խմեք 50-ական մլ` օրը 10 անգամ` երկուական ժամ ընդմիջումներով։ Շարունակեք 1 ամիս։
Վահանագեղձի հիվանդություններ. Խմեք 3-ական ճ/գ հյութ` օրը 3 անգամ։ Խորհրդակցեք բժշկի հետ։
Օստեոպորոզ. Խառնեք խատուտիկի արմատի, շաղգամի և նեխուրի տերևների, գազարի հյութերը (3։2։2։1)։ Խմեք 50-ական մլ` օրը 2-3 անգամ։
Մաշկային ցան, կորյակներ. Խմեք 2-ական ճ/գ խատուտիկի արմատից ստացված հյութ` օրը 3 անգամ։
Արյունը մաքրող, անեմիա. Խառնեք խատուտիկի և եղինջի արմատից կամ եղերդակի տերևներից ստացված հյութերը (1։1)։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3 անգամ, գոլ ջրի հետ։

  •  100 մլ խատուտիկի արմատից ստացված հյութի մեջ լուծեք 1-ական ճ/գ բժշկական գլիցերին, 90 տոկոսանոց սպիրտ և զտված ջուր, քամեք թանզիֆով։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 1 անգամ։ Շարունակեք 14 օր, կրկնեք 1 ամսից։

Լյարդի հիվանդություններ. Լուծեք տերևից ստացված հյութը ջրի մեջ (1։1)։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 2 անգամ։

Բուժում է խատուտիկի մեղրը
Մեղրը ոսկեդեղին է` թանձր, մածուցիկ, արագ է բյուրեղանում, պարունակում է մոտ 35 տոկոս գլյուկոզա, 40 տոկոս ֆրուկտոզա, ունի փափկեցնող, ցավերը մեղմացնող և թույլ լուծողական հատկություն։ Խատուտիկի մեղրը ճնշում է աղիների ախտածին միկրոօրգանիզմների զարգացումը և չի ազդում նորմալ միկրոֆլորայի վրա։
Դիսբակտերիոզ, կոլիտ. 80 գ մեղրը լուծեք 200 մլ սառը ջրի մեջ, խմեք 90-100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
Քրոնիկ փորկապություն. Բյուրեղացած մեղրը լուծեք գոլ կաթի մեջ (3։40)։ Խմեք 1-2 ճ/գ` քնելուց առաջ։
Աղիները մաքրող. Մանրացրեք եգիպտացորենի չոր մազմզուկները, խառնեք խատուտիկի մեղրի հետ (1։2)։ Խմեք 1-ական թ/գ, օրը 3-5 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ։

Ժողովրդական դեղատոմսեր` արմատով, տերևով և ծաղիկով
Այրվածք. Մանրացրեք թարմ արմատը, 100 գ հումքը 40 օր թրմեք արևոտ տեղում` 500 մլ արևածաղկի յուղի մեջ, պարբերաբար խառնեք, 40 րոպե տաքացրեք եռացող ջրային բաղնիքի վրա, քամեք սառը վիճակում, պահեք սառնարանում։ Մշակեք վերքերը, թարախային խոցերը, կորյակները։
Ախորժակի անկում. 2 թ/գ արմատը 8 ժամ թրմեք 200 մլ` նախօրոք եռացրած, սառը ջրում։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ։
Սակավարյունություն. 1 թ/գ արմատը կամ արմատի և տերևի խառնուրդը (1։1) 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում, տաք տեղում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց առաջ։
Փորկապություն, կարծրախտ. Փոշիացրեք խատուտիկի արմատը։ Խմեք կեսական թ/գ` օրը 3 անգամ։
Հոդացավ. Մանրացրեք խատուտիկի ծաղիկները, 12 օր թրմեք օղու մեջ (1։1), մութ տեղում, պարբերաբար թափահարեք, խառնեք, մզեք հումքը ոգեթուրմի մեջ։ Շփեք հոդերը, մինչև զգաք ջերմություն, տաք պահեք։
Ռադիկուլիտ. Ապակե տարայի ողջ ծավալը լցրեք գլանաձև, մանր կտրատած խատուտիկի ցողունով, մնացածը լրացրեք անուշադրի սպիրտով, 7 օր թրմեք, քամեք։ Շփեք մեջքին, ունի արագ ցավազրկող ազդեցություն։
Ջրգողություն, այտուցներ. Արմատը 12 օր թրմեք օղու մեջ (1։10), քամեք, մզեք հումքը։ Խմեք 30-ական կաթիլ, օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ` 1 ճ/գ ջրի հետ։
Նիհարեցնող. 1 ճ/գ չոր (2 ճ/գ թարմ) տերևը 8 ժամ թրմեք 200 մլ եռջրում, ջերմապահի մեջ, քամեք։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 8-10 անգամ։
Դիմադրողականությունը բարձրացնող. Խառնեք 200 հատ ծաղիկ, մեկ մանր կտրատած կիտրոն (կեղևով, առանց կորիզների), 1 լ ջուր, 10 ժամ թրմեք, քամեք։ Թուրմի մեջ լուծեք 1 կգ շաքար, 1,5 ժամ եփեք թույլ կրակի վրա։ Կերեք 1-ական թ/գ` օրը 3 անգամ։
Ավիտամինոզ. 1 ճ/գ չոր տերևը 10 րոպե թրմեք 400 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ։
Լեղամուղ. Խառնեք 1-ական թ/գ անմեռուկ ավազուտայինի ծաղիկ, խատուտիկի և եղերդակի արմատներ, 6 ժամ թրմեք 200 մլ ջրում, քամեք։ Խմեք 60-ական մլ` ուտելուց 30 րոպե առաջ։

Շաքարային դիաբետ. Խառնեք հապալաս սևի և եղինջի տերևներ, խատուտիկի արմատ (4։3։3), 2 ճ/գ հումքը թրմեք 250 մլ ջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։

Ճարպակալում. Խառնեք բեկտենի սովորականի կեղև, մաղադանոսի և հոռոմ-սամիթի սերմեր, խատուտիկի արմատ, դաղձի տերև (10։4։4։3։3)։ 1 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, ջերմապահի մեջ, քամեք։ Խմեք նախաճաշից 1-2 ժամ հետո։ Շարունակեք 14 օր։

Հակաբորբոքային, թոքերի հիվանդություններ (էմֆիզեմա). Խառնեք գիհի սովորականի պտուղ, կեչու կեղև, խատուտիկի արմատ (1։1։1)։ 2 ճ/գ հումքը 15 րոպե եփեք եռացող ջրային բաղնիքի վրա, 200 մլ եռջրում, 45 րոպե թրմեք, քամեք, մզեք հումքը, վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Նյութափոխանակությունը լավացնող. 1 ճ/գ արմատը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում` տաք տեղում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Մաշկային հիվանդություններ. 1 ճ/գ արմատը 15 րոպե եփեք 300 մլ ջրի մեջ, քամեք, մզեք հումքը եփուկի մեջ, վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
Էկզեմա. Խառնեք 1-ական ճ/գ խատուտիկի և կռատուկի չոր արմատներ, 8 ժամ թրմեք 600 մլ ջրում, 10 րոպե եփեք, 20 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 5 անգամ։
Չոր մաշկի խնամք. 1 ճ/գ արմատը 10 րոպե եփեք 400 մլ եռջրում, 20 րոպե թրմեք, քամեք, խառնեք 50 մլ օղի։ Մաքրեք դեմքն առավոտյան և քնելուց առաջ։
Լոսյոն. Խատուտիկի արմատը և վերգետնյա մասը կտրատեք, 10 օր թրմեք օղու մեջ (1։1 ծավալային հարաբերությամբ), մութ տեղում, կիպ փակված տարայի մեջ, քամեք։ Ոգեթուրմը լուծեք ջրի մեջ (1։2)։
Ճարպոտ մաշկ. Մանր կտրատեք տերևը։ 10-15 րոպե պահեք դեմքի վրա, կատարեք շաբաթը 1-2 անգամ։
Մազերն ամրացնող. 1ճ/գ տերևը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Ներմերսեք գլխամաշկին։

Սնունդը` դեղ
Որոշ երկրներում խատուտիկը մշակում են` Ֆրանսիայում կան ընդարձակ ցանքադաշտեր։
Հայտնի է Ֆրանսիայի արքա Ֆիլիպ Բ-ի առաջարկած դեղատոմսը, որն օգտակար է տղամարդկանց.

  • Խառնեք 3 ճ/գ կակաոյի փոշի, 2 հատ վանիլի պատիճ (առանց սերմի), 1 ճ/գ թարմ աղացած սև պղպեղ։ Հումքը լուծեք 200 մլ գոլ ջրի մեջ։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 1-2 անգամ։

Ֆրանսիացիները լայնորեն օգտագործում են խատուտիկն աղցանների մեջ։ Օրինակ. մանր կտրատեք 100 գ մատղաշ տերևներ, խառնեք 4 ճ/գ ընկույզի մանրացրած միջուկ, 1 ճ/գ հեղուկ (գոլ) մեղր և 3 ճ/գ ձիթապտղի յուղ։ Սոուսով համեմեք աղցանները։
Խատուտիկով պատրաստված աղցանների հեղինակն է համարվում հանճարեղ բանաստեղծ և իմաստասեր Գյոթեն, նա համարել է, որ խատուտիկն առողջություն է պարգևում։

Ժամանակակից գիտնականները խորհուրդ են տալիս ուտել խատուտիկի տերևով պատրաստված աղցանները` լյարդի և ենթաստամոքսային գեղձի օնկոլոգիական հիվանդությունների կանխարգելման համար և բուժման ընթացքում։

  • 100 գ տերևը կես ժամ պահեք աղաջրի մեջ (1 ճ/գ աղ, 1 լ ջուր) մանր կտրատեք և խառնեք վարունգի, այլ կանաչեղենի հետ։

Լյարդը մաքրող. Աղաջրի մեջ թրմված տերևից մզեք հյութը, լուծեք ջրի մեջ (1։1)։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 2-3 անգամ։

«168 ԺԱՄ»

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը:
Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ»
(Աբովյան 20) գրախանութներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս