Նոր կառավարության հին դեմքերը

Նախագահ Սերժ Սարգսյանը նոր կառավարության առաջին նիստից առաջ, երեկ հանդիպեց վարչապետի և նորանշանակ նախարարների հետ, շնորհավորեց նրանց կառավարության կազմում ընդգրկվելու կապակցությամբ և մաղթեց հաջողություններ:

«Այս կառավարությունից սպասելիքները շատ մեծ են, և արդյունավետ աշխատելու համար էլ որևէ խոչընդոտ չեմ տեսնում: Ընդհակառակը` ես կարծում եմ, որ ստեղծվել են նպաստավոր պայմաններ: Քանիցս ասել ենք, որ մենք մեր աշխատանքով անցած տարիներին հիմքեր ենք նախապատրաստել լավ առաջընթաց ունենալու համար: Այս կառավարության աշխատանքը գնահատվելու է միայն արդյունքներով` խիստ որոշակի արդյունքներով»,- ասել է Սերժ Սարգսյանը` ավելացնելով, որ նախորդ տարի կառավարության առջև խնդիր դրվեց` ապահովել նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ, ինչը նրա խոսքով` լուծվեց:

Ըստ նրա` ընթացիկ տարում էլ նույն խնդիրն է դրված, բայց այսուհետ կառավարության գործունեությունից պետք է ակնկալել որակական ցուցանիշներ, կառավարության գործունեության արդյունավետության և սոցիալական խնդիրների լուծման կոնկրետ ցուցիչներ, չափելի ու տեսանելի արդյունքներ: Ս. Սարգսյանը նաև հույս է հայտնել, որ կառավարության անդամները, այլ բոլոր գերատեսչությունների աշխատողները պատասխանատվության մեծ զգացումով կաշխատեն: Հիշեցնենք, որ Վաչե Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, Յուրի Վարդանյանը նշանակվել է Սպորտի և Երիտասարդության նախարար, Դավիթ Սարգսյանը` Ֆինանսների նախարար, իսկ Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահրամ Ավանեսյանը:

Քաղաքական ուժերը` նոր նշանակումների ու վերանշանակումների մասին

ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխությունները զգալի չեն, միաժամանակ ընդգծեց, թե չի շտապում գնահատականներ հնչեցնել նոր կառավարության գործունեության արդյունավետության մասին: Վ. Բոստանջյանը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, Հայաստանի առջև ծառացած խնդիրները լուծելու համար Կառավարությունը կաշխատի ավելի հետևողականորեն:

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ յոթ տոկոս տնտեսական աճ ապահովելով հանդերձ, այնուամենայնիվ, ՀՀ կառավարությունում փոխվեցին հենց տնտեսական ոլորտի պատասխանատուները: Ի պատասխան` Բոստանջյանը նշեց. «Փաստորեն, ըստ էության, տոկոսային աճերի առումով նրանք էական նշանակություն չունեն: Մենք ունենք ոչ հզոր տնտեսություն, ու փոքրիկ փոփոխություններն անգամ կարող են բերել աճի: Բայց բոլոր պարագաներում այդ աճը ես չէի ցանկանա պայմանավորել անձերով ու մեկի փոփոխությունը կամ նորի առաջադրումը, կարծում եմ, չի կարող էականորեն փոխել իրավիճակը: Ես հակված եմ մտածել, որ ամեն դեպքում պետք է հետևողական աշխատանք իրականացնել ու լուծել մեր իրականության մեջ առկա բազմաթիվ կնճռոտ հարցերը, որոնք արտահայտվում են հատկապես չզսպվող արտագաղթի մեջ, որի ահագնացող տեմպերը` ազգային անվտանգության տեսանկյունից, պահանջում են ավելի նոր, արդյունավետ, առարկայական աշխատանքի իրականացման. այլ տարբերակ չկա»:

Հարցին, թե Ձեր կարծիքով` ինչո՞ւ նախարարների մեծ մասը վերանշանակվեց, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ գոհ էին իրենց աշխատանքից, Վարդան Բոստանջյանը ժպտալով պատասխանեց.«Չափազանց, սարսափելի գոհ էր ամբողջ հասարակությունը»:

ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն էլ նախարարների փոփոխության մասին խոսելն «անիմաստ» համարեց:

«Եթե մի կառավարություն գլխավորել է Տիգրան Սարգսյանը, ապա սրանով ամեն ինչ ասված է: Եթե Տիգրան Սարգսյանը վարչապետ է, ուրեմն` անիմաստ եմ համարում կառավարության, նախարարների մասին խոսելը: Դա անիմաստ զբաղմունք է:

Տիգրան Սարգսյանն այն մարդն է, որը ոսկին վաճառեց` թուղթ դրեց: Գնացեք մի հատ հարցրեք` ո՞ւր է մեր հանրապետության ոսկին, որից հետո ոսկին միայն թանկացել է: Նրա գործունեության արդյունքում մենք Հայաստանում ունենք 39 տոկոս աղքատություն, իսկ իրենց թվերով` աղքատությունը, վստահ եմ, 40-ն էլ կանցնի: Մի մարդու աշխատանքի արդյունքում, եթե ՀՀ քաղաքացին մենակ աղքատացել է` ի՞նչ նախարարի կամ Կառավարության մասին կարելի է խոսել. գլուխն է հոտած, գլուխը պետք է փոխել»,- նշեց նա` ավելացնելով, որ տնտեսության մեջ Տիգրան Սարգսյանը խայտառակ հետագիծ ունի:

Ի պատասխան մեր դիտարկմանը, թե ըստ պաշտոնական վիճակագրության` 7 տոկոս տնտեսական աճ է գրանցվել ՀՀ-ում, Գուրգեն Եղիազարյանը շեշտեց. «Էդ 7 տոկոս տնտեսական աճը թող տան իրենց գլխներին: Դուրս եկեք մարդկանց հարցրեք` իրենց կենցաղի մեջ գոնե մի դրական էլեմենտ ավելացե՞լ է, թե՞ ոչ: Այսօր քաղաքացին շատ ավելի աղքատ է, քան այն ժամանակ, երբ Տիգրան Սարգսյանը դեռ վարչապետ չէր դարձել: Մարդիկ հիմա ավելի աղքատ են, քան սրանից մեկ տարի առաջ: Իրենց կեղծ վիճակագրությամբ 12 տոկոս աղքատության շեմ կար, իսկ հիմա 40 տոկոսի մասին է խոսք գնում»:

Մեր հարցին, թե ի՞նչ պետք է անել, որպեսզի Կառավարության աշխատանքն արդյունավետ դառնա, ՍԴՀԿ անդամը պատասխանեց. «Պետք է ժամ առաջ պրծնել էդ Տիգրան Սարգսյանից»: Հարցին, թե` դրանով ամեն ինչ կլուծվի՞, Գ. Եղիազարյանը բացասական պատասխան տվեց. «Հայաստանին պետք են արմատական համակարգային փոփոխություններ: Եթե ցանկանում ենք նորմալ երկիր դառնալ, ապա պետք է նորմալ ընտրություններով նախագահ ունենանք, որ ՀՀ քաղաքացին իմանա, որ իր ձայնը տեղ է հասել: Այսօր պաշտոնները նշանակում է խուժանը, ոչ թե ՀՀ քաղաքացին: Դրա համար ունենք այն, ինչ ունենք»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ կարծում է, եթե նույնիսկ «տասը նախարար էլ փոխեին, միևնույն է, համակարգի վրա որևէ ազդեցություն դրանք չէին ունենա»: Ըստ նրա` կառավարման տրամաբանությունը շարունակում է մնալ նույնը, իսկ սոցիալ-տնտեսական թվերն էլ վկայում են իրավիճակի վատթարացման մասին: «Մեր կառավարման տրամաբանությունն այնպիսին է, որ այն այլևս դրական ուղղությամբ շարժվել չի կարող:

Ընդամենը կենտրոնացվածության աստիճանն է մեծանալու: Բնականաբար, մենք այս համակարգով` կառավարման նմանատիպ գործիքակազմով չենք կարողանալու այն զարգացումն ապրել, որն անհրաժեշտ է մեր պետության համար»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:

Վերջինիս խոսքով, մեր պետությունը` հասարակության աղքատացման առումով, անկման փուլում է, իսկ իշխանություններն էլ` աճի. «Իշխողների եկամուտներն այս ժամանակահատվածում ևս աճել են, ինչը նաև իրենց եկամուտների հայտարարագրերից է ակնհայտ երևում: Իսկ փոխարենը` հասարակության աղքատացումն ակնհայտ մեծանում է»: Ինչ վերաբերում է հարցին` եթե պաշտոնական վիճակագրության համաձայն` կառավարությունը 7 տոկոս տնտեսական աճ է ապահովել, ինչո՞ւ փոխվեցին հատկապես տնտեսական ոլորտի պատասխանատուները, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Իմ կարծիքով, իրենց փոփոխությամբ որևէ ազդեցություն չենք ունենալու: Դրա համար էլ իրենց փոխեցին:

Ինչ վերաբերում է 7 տոկոս աճին` որքանո՞վ է այդ աճը համապատասխանում իրականությանը. տնտեսական ակտիվությունն ու տնտեսական աճը տարբեր թվեր են: Տնտեսագետներից շատերն էլ հիմնավորեցին, որ տնտեսական աճն այդքան չէ: Կան նաև տնտեսագիտական վերլուծություններ այն մասին, որ Հայաստանում մինչև 10 տոկոս տնտեսական աճի պայմաններում եկամուտների անհավասարաչափ բաշխվածության, տնտեսական շուկայի մոնոպոլացման պատճառով, հասարակությունը չի կարողանալու օգտվել այդ աճից: Դրանից կօգտվեն միայն մի խումբ մոնոպոլիստներ, բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Հասարակությունը միայն 10 տոկոսից հետո կարող է դրական փոփոխություն զգալ»:

Հարցին էլ, թե` ինչո՞ւ չփոխեցին մյուս նախարարներին, արդյո՞ք դա նշանակում է, որ գոհ էին նրանց աշխատանքից, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Իշխանությունները, բնականաբար, շատ գոհ են: Ինչի համար նախատեսված է այս համակարգը` այդ նախարարները լուծում են այդ խնդիրները: Իսկ համակարգը լուծում է մի խումբ մարդկանց գերշահույթներ ապահովելը, կառավարման համակարգը ծառայեցնում են մի խումբ մարդկանց համար, երկրի ռեսուրսները մի խումբ մարդկանց համար ապահովում են: Այնպես որ, բնական է, որ պետք է այսպես լիներ»:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս