Հրաչյա Ռոստոմյան. «Խնդրում եմ, էլի, առանց մեկնաբանությունների». մամուլ
Երեկ, երբ տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար, ԲՀԿ սառեցված անդամ Հրաչյա Ռոստոմյանը որոշել է «հրաժարական տալ», «Ժողովուրդը» զրուցեց նրա հետ: Դուք կրկնակի հրաժարակա՞ն եք տվել. «Ժողովուրդի» այս հարցին Ռոստոմյանը պատասխանեց. «Մենք հրաժարական տվել ենք ինագուրացիայի օրը»:
-«Այսինքն՝ Դուք այս պահին շարունակում եք ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի աշխատանքները կատարել»:
– «Ի՞նչ ասեմ»:
– «Դուք՝ որպես նախարարի պաշտոնակատար, հիմա աշխատո՞ւմ եք»:
– «Այս պահի դրությամբ այո՛, իհարկե»:
– «Բայց լուրեր կան, որ Սերժ Սարգսյանի խորհրդական Յուրի Վարդանյանն արդեն համաձայնել է Ձեր պաշտոնը ստանձնել»:
– «Խնդրում եմ, էլի, առանց մեկնաբանությունների, հիմա ինձ հարմար չէ, աշխատանքային պրոցեսի մեջ եմ, հետո կխոսենք»:
– «Իսկ ե՞րբ է Ձեզ հարմար հարցերին պատասխանել»:
– «Ժամը 6-ի-ն զանգեք»:
«Ժողովուրդ»-ը ժամը 18:00-ից հետո զանգահարել է Ռոստոմյանին, որն ասաց, թե այլևս չի ցանկանում որևէ բան մեկնաբանել. «NO COMMENT»:
Հավանաբար, արդեն գուժել էին, որ պետք է լքի նախարարի տաքուկ սենյակը, այլևս մեկնաբանելու բան չկար: Այսպիսով, ԲՀԿ-ն հրաժարվեց իր վերջին իշխանական պորտֆելից՝ խզելով բոլոր տեսակի կապերը ՀՀԿ-ի հետ: Միայն Գագիկ Ծառուկյանն է շարունակում մնալ Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ և ՀՀ անվտանգության խորհրդի անդամ: Հետաքրքիր է՝ մինչև երբ: