«Քեմբրիջն ինձ արմատապես փոխել է»
Ամալյա Կոստանյանը մասնագիտությամբ նանոճարտարագետ է, զբաղվում է նանոկառուցվածքների ստեղծմամբ, նախագծմամբ և ուսումնասիրությամբ: Նանոճարտարագիտության ոլորտում նա իր կրթությունը ստացել է Քեմբրիջի համալսարանում (Մեծ Բրիտանիա)` սովորելով այնտեղ բարձրագույն մագիստրոսական ծրագիրը, որը կոչվում է Master of Philosopy, այսինքն` փիլիսոփայության մագիստրոսի կոչում: Ըստ մեր զրուցակցի, այն պարզապես մագիստրոսի ծրագիր չէ, այլ ավելի շատ կարծես ասպիրանտուրայի առաջին տարին լինի, որն իր մեջ ներառում է ոչ միայն դասախոսություններ, այլև գիտահետազոտական աշխատանք: Նա նշում է, որ ուսման ընթացքում սովորել ու բացահայտել է իր համար նանոճարտարագիտության թեև` դժվարին, սակայն շատ հետաքրքիր աշխարհը, և առհասարակ ուսումնասիրել է դրանց կիրառությունը տարբեր ոլորտներում:
– Ինչպե՞ս հաջողվեց հայտնվել Քեմբրիջում, Ձեր ջանքերի շնորհի՞վ էր, թե՞…
– Կարծում եմ, ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես այստեղ` Հայաստանում, ինժեներ էի աշխատում, և այդ ընթացքում նաև 3 տարի AIESEC Հայաստան ուսանողական հ/կ-ում որպես կամավոր էի և տարբեր նախագծերում էի ներգրավված:
Մի պահ պարզապես զգացի, որ ինձ պակասում են այնպիսի ակադեմիական գիտելիքները, որոնք Հայաստանում չէի կարող ստանալ, ու, քանի որ մասնագիտությամբ ինժեներ էի (մինչ Քեմբրիջ գնալն ավարտել է Պոլիտեխնիկը.- Լ.Մ.), չէի ցանկանում հեռահար ուսուցման ծրագիր վերցնել: Ինժեներների համար շատ կարևոր է մի բան անել, թեկուզ փչացնել ու հասկանալ, որ դա այդպես է աշխատում կամ անգամ չի աշխատում: Այսինքն` իմ մասնագիտության մեջ կարևոր են ոչ միայն տեսական գիտելիքները, այլև փորձը. եթե ես ֆիզիկոս-տեսաբան լինեի, կարող էի շատ հանգիստ հեռահար ուսուցման ծրագիր վերցնել և մնալ այստեղ, սակայն ես բնավորությամբ այնպիսի մարդ եմ, որ սիրում եմ ինքս ինչ-որ բան սարքել: Ուստի հենց իմ ընտրած ծրագիրն էլ այնպես էի ընտրել, որ կարող էի մասնագիտանալ միաժամանակ նանոտեխնոլոգիաների 3 ոլորտներում` ֆիզիկա, քիմիա և ճարտարագիտություն, որոնցից պետք է ընտրեի իմը:
Նանոաշխարհն ամբողջովին նոր ոլորտ էր ինձ համար, երևի թե հենց դրա համար էի ես այսքան ձգտում բացահայտել այն:
Բայց մյուս կողմից` ես հաջողակ եղա` ընդգրկվելով սկզբում «Լույս» հիմնադրամի կրթաթոշակային ծրագրերում, իսկ հետո` «Զարգացնենք Հայաստանը» ծրագրում, որի ընթացքում ծանոթացա հայաստանյան շուկային և հնարավորություններին:
– Քեմբրիջում Ձեր առաջին տպավորություններն ինչպիսի՞ն էին: Առաջինը, որ փորձեցիք համեմատել Հայաստանում ստացած կրթությունը և այնտեղի` ո՞րն էր տարբերությունը:
– Առաջին բանը, որն ինձ շատ զարմացրեց, այն էր, որ, երբ նոր գնացել էի Քեմբրիջ, հենց առաջին շաբաթում երկու թեստ ունեցա: Այդ ժամանակ ես դեռ քաղաքը նորմալ չգիտեի, ու դեռևս վիզայիս հետ կապված խնդիրներ կային… սակայն այդպես, վերջին օրով, վերջին ժամին գնացի ու առաջին շաբաթում երկու թեստ հանձնեցի: Առաջինը` ընդհանուր մակարդակի թեստն էր, իսկ երկրորդը` անվտանգության մասին թեստը, քանի որ մենք գործ էինք ունենալու տարբեր քիմիական նյութերի հետ, ապա էլեկտրական կամ քիմիական վթարներից խուսափելու համար պետք է իմանայինք անվտանգության կանոնների մասին, քանի որ անզգուշության արդյունքում կարող էինք վնասել ոչ միայն մեզ, այլև մի ամբողջ շենքի ամբողջ հարկում գտնվող մարդկանց: Հատկապես կարևոր էր իմանալ, թե ինչ տիպի քիմիական նյութի վթարի դեպքում ինչ պետք է անել: Հիշում եմ` անգամ թեստի օրը մեզ չասացին, տվեցին նյութերը և ասացին` պատրաստվեք:
Երկրորդ բանը, որ ինձ զարմացրեց, դա երկրորդ դասախոսության ժամանակ էր` քվանտային մեխանիկայի դասին. ես առաջին շարքում նստած` լսում էի դասախոսությունը, իսկ այն վարում էր մի շատ խելացի մարդ, ով նաև շատ ճանաչված ֆիզիկոս է Քեմբրիջում: Դասամիջոցին նա մոտեցավ ինձ և ասաց. «Ամալյա, ինձ թվում է, որ դու ինչ-որ մի բան չես հասկացել, որովհետև քո հայացքից ես դա հասկացա, ուզո՞ւմ ես` քեզ այսօր բացատրեմ` ինչն այստեղ անհասկանալի էր քեզ համար»: Ես շատ էի զարմացել, որ այդ մարդը ոչ միայն իմ անունը գիտեր, այլև այդքան ուշադիր է, թե ես ինչպես եմ իրեն նայել, և, առհասարակ, դասախոսի վերաբերմունքը, ով պատրաստակամ է մնալ և ինձ օգնել` դասը հասկանալու համար: Իհարկե, ես համեստաբար ասացի` ինձ ուղղակի գրականություն տվեք, որը ես կարող եմ կարդալ, որովհետև շատ բաներ կար, որոնք, իրոք, ինձ համար անծանոթ էին:
Հաջորդ զարմանալի բանն այն էր, որ, օրինակ, պրոֆեսորները նեղանում էին, երբ իրենց դիմում էինք «պրոֆեսոր»-ով: Նրանք խնդրում էին իրենց դիմել կամ ազգանունով, կամ անունով:
Այս տեխնոլոգիական ժամանակաշրջանում զարմանալի էր նաև այն, որ այնտեղ շատ ավանդություններ դեռևս պահպանվում էին: Օրինակ, շատ բաներ դու չէիր կարող էլեկտրոնային փոստով ուղարկել, պետք է թղթային ուղարկեիր: Առհասարակ նրանք ավանդապաշտ էին և շատ ավանդույթներ պահում են մինչև հիմա: Օրինակ` համալսարանական երեկույթներին մասնակցելու համար հատուկ հագուստներ ունեին, առանց որի պարզապես երեկույթին ներկա գտնվել չէիր կարող: Կամ` 16-րդ դարից մինչ օրս էլ իրենք պահպանում են երեկույթի ճաշացանկը: Առհասարակ ավանդությունների պահպանման հարցում զարմանալի բաները շատ էին:
Սակայն ամենագլխավոր տարբերություններից մեկն այն էր, թե ինչպես էին ուսանողները մոտենում կրթությանը: Նրանք պարապում կամ սովորում էին ոչ թե նրա համար, որ իրենք դրա համար այդքան գումար էին վճարել, այլ ընդհանրապես, այնտեղ մի միջավայր էր, որտեղ մարդիկ գիտեին, թե ինչի համար են եկել և ինչ են ուզում մոտակա հինգ տարին:
Մինչդեռ Հայաստանում, երբ ես ուսանող էի` տարածված երևույթներ էին դասից փախչելը, համոզելը, որպեսզի գնահատական նշանակեն, և այլն, ինչն իրականում նույնիսկ ծիծաղելի է թվում: Որովհետև իսկապես հնարավոր է, որ դու` գնահատական, վերջում` կարմիր դիպլոմ ստանաս, բայց հետո չես կարող կայանալ` որպես մասնագետ: Քեմբրիջի ինժեներական ոլորտում 100 բալանոց համակարգ է գործում, և, եթե դու կարողանաս 60 բալ ստանալ` լրիվ նորմալ է: Մինչդեռ հիշում եմ, որ, օրինակ, Պոլիտեխնիկում բոլորը 98 և բարձր էին ստանում, ավարտում էին, սակայն աշխատում էին ոչ իրենց մասնագիտությամբ և ոչ էլ այդ մասնագիտությանն ինչ-որ կերպ առնչվող որևէ աշխատանքով. բոլորովին այլ ուղղությամբ էին աշխատում:
Այնտեղ ուսանողին վերաբերվում էին որպես հասուն մարդու, ով գիտե` ինչի համար է եկել և ինչ է ուզում: Այնտեղ լրիվ նորմալ է, երբ դու գիշերն էլ ես դաս սովորում, անգամ չես քնում: Այսինքն` պրոֆեսորադասախոսական կազմի վերաբերմունքն է այդպիսին, քանի որ նրանք վստահ են` դու եկել ես կայանալու` որպես մասնագետ, ուրեմն` պետք է սովորես, իսկ իրենք պատրաստ են քեզ աջակցել ամեն կերպ` որպես մասնագետ կայանալու հարցում: Պարզապես պետք է դու ցանկություն ունենաս: Այնտեղ, եթե չես սովորում` դուրս ես մնում, մինչդեռ Հայաստանում մոտեցումն այլ է. դասից փախչելու, դասը խանգարելու համար երկուս են նշանակում, սկսում են ջղայնանալ: Իսկ այնտեղ որևէ մեկը չի անհանգստանում նման բաներից: Չես ուզում` մի սովորի, այսինքն` այդ ամենն ամբողջությամբ մարդկանց գիտակցության վրա է դրված: Քեմբրիջում, ինչը շատ կարևոր է, հավաքվել են այնպիսի մարդիկ, ովքեր գիտեն` ինչի համար են եկել այնտեղ, և գիտեն, թե ինչի համար են այդ ամբողջ տարին չքնելու ու սովորելու: Երբ հիշում եմ այդ անքուն գիշերներըգ իրականում շատ դժվար էր, սակայն երկու ամիս անց ես հայտնաբերեցի, թե որքան գիտելիք եմ ձեռք բերել այդ կարճ ժամանակահատվածում:
– Քեմբրիջում սովորեցիք և եկաք Հայաստան, արդյոք Ձեր սովորածը և այդ համալսարանի անունը գնահատվե՞ց այստեղ, թե՞ Քեմբրիջում ուսանելու փաստն առանձնապես նշանակություն չունեցավ, խոսքը հատկապես գործատուների մասին է:
– Նախ` նշեմ, որ իմ ներկայիս մասնագիտական ուղղվածության` միկրոնանոտեխնոլոգիաների և նանոճարտարագիտության ոլորտում, Հայաստանում կոմերցիոն ընկերություններ չկան: Գործատուների հետ կապված, բնականաբար, մոտեցումներն են փոխվում, որովհետև հասկանում են, որ շատ դժվար է այնտեղ առհասարակ գնալը, ընդունվելը, սովորելն ու վերադառնալը: Փոխվել են մոտեցումները, սակայն մասնագիտական առումով այստեղ ես ինձ համար աճ չեմ տեսնում, չնայած այժմ որոշ չափով փորձում եմ իմ գիտելիքները զարգացնել Պետհամալսարանում` աշխատելով ինձ վրա` որպես գիտաշխատող:
Սակայն ընդհանուր առմամբ այստեղ ավելի շատ հնարավոր է լինում գիտության տեսական մասով զբաղվել, քան գործնական: Իհարկե, հասկանալի է, որ այդպես էլ պետք է լիներ, քանի որ մենք այստեղ հատուկ լաբորատորիաներ չունենք` նանոկառուցվածքների ուսումնասիրությամբ զբաղվելու համար. ընդամենն ունենք որոշ սարքավորումներ, իսկ ամբողջական լաբորատորիա չունենք, որտեղ կարող ենք աշխատել:
Այդ իսկ պատճառով` այստեղ որպես մասնագետ կայանալը շատ դժվար է: Իհարկե, եթե ես զբաղվեի զուտ տեսական գիտությամբ, միգուցե ինչ-որ բան ստացվեր, սակայն չեմ պատկերացնում` ինչպե՞ս կարելի է նանոտեխնոլոգիաներով տեսականորեն զբաղվել: Թեև այստեղ կան մարդիկ, ովքեր հենց տեսականորեն անում են որոշ բաներ, անգամ հոդվածներ են հրապարակում, իսկ ես չեմ պատկերացնում` ինչ-որ բան հրապարակել` չանելով փորձարարական աշխատանքներ:
– Այսինքն` եկել եք մի իրականություն, մի երկիր, որտեղ Ձեր գիտելիքը չեք կարող կիրառել, այդպե՞ս է:
– Չեմ կարող կիրառել գիտելիքը, սակայն այն մշակույթը, որն իմ մեջ զարգացել է այդ մեկ տարվա ընթացքում, դա ամբողջովին մտել է իմ մեջ, և, բնականաբար, դա կարող եմ կիրառել: Կարելի է ասել, որ այդ մեկ տարին ինձ արմատապես փոխել է, որովհետև երբ ես գնացի այնտեղ` լրիվ ուրիշ մարդ էի: Այնտեղ, բացի մասնագիտական դասերից, ես նաև բիզնեսի դասերի ամբողջ փաթեթ էի վերցրել, որը կոչվում էր` Management of technology and innovation: Այսինքն` տեխնոլոգիական ինովացիաների կառավարում, որտեղ պատրաստում էին տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցներ, որոնք էլ հետագայում կայանում էին` որպես ձեռներեց-գիտնականներ:
Դա շատ հետաքրքիր էր նաև այն առումով, որ յուրաքանչյուր շաբաթ մենք հանդիպում էինք Քեմբրիջում կայացած ընկերությունների տնօրենների հետ, ովքեր մեզ պատմում էին իրենց հաջողության պատմությունը, թե ինչպես են սկսել, երբ Քեմբրիջի ասպիրանտ էին և ինչ-որ գաղափար ունեինգ պատմում էին անգամ իրենց ձախողումների մասին: Հաճախ, անգամ մեծ բարձունքների հասած ընկերությունների տնօրեններն ասում էին` այն ժամանակ այսինչ բանը չստացվեց, որովհետև ես «դմբո» էի:
Հիշում եմ` մի անգամ մի քիմիկոս եկավ, ով ստեղծել էր «Վիագրան», և ներկայացնում էր, թե ինչ էր ուզում անել, երբ դեռ ուսանող էր, և ինչպես ստացվեց, որ ինքը դա հորինեց: Շատ հետաքրքիր էր զուտ իրենց հետ ծանոթանալը, և այդ փորձառությունն անգնահատելի է: Հետաքրքիրն այն էր, որ ավելի շատ շեշտադրումը դրված էր այն բանի վրա, թե նման հաջողությունների հասած մարդիկ ինչ դժվարությունների միջով են հասել այդ ամենին և ինչ ձախողումներ են ունեցել այդ ճանապարհին:
– Փաստորեն, շփումներն ավելի ազատ էին, և նրանք ավելի բաց էին Ձեզ հետ կիսվելիս:
– Այո, և հետաքրքիր էր այն, որ այսօր արդեն միլիոնատեր դարձած մարդիկ գալիս և ասում էին. «Ես դմբո էի, ես չէի հասկանում, թե սա ինչպես պետք է անեի…»:
– Մեզ մոտ գիտության և ընդհանրապես կրթության ոլորտում խնդիրների մասին շատ է բարձրաձայնվում, այնտեղ խնդիրներ չկայի՞ն, ի՞նչ խնդիրների եք հանդիպել:
– Ամենամեծ խնդիրներից մեկն այն էր, որ այնտեղ` համալսարանում, բյուրոկրատիան շատ էր, ու, քանի որ Քեմբրիջն ավանդույթներ շարունակող համալսարան է, անիմաստ բյուրոկրատիան շատ-շատ էր, այն էլ` ներկայիս տեխնոլոգիական դարաշրջանում: Բացի այդ, այնտեղ կային դասախոսներ, ովքեր շատ հպարտ էին, գուցե դա էլ իր բացատրությունն ուներ, քանի որ նրանց մանկուց հատուկ դպրոց են տարել և հատուկ սահմանների մեջ են դրել` ասելով, որ իրենք ապագա գիտնականներ են դառնալու: Մեկ այլ խնդիր էր նաև այն, որ ամեն ինչ շատ բարձր մակարդակից էին բացատրում, իսկ այդ ամենը հասկանալը շատ դժվար էր, քանի որ խմբում տարբեր մասնագիտացմամբ մարդիկ էին հավաքված, ու, որպեսզի ամեն ինչ հասցնեիր` պետք էր անընդհատ կարդալ ու լրացնել այդ ամբողջ բացը: Ժամանակի պլանավորումը բոլորովին այլ կերպ էի անում, միջավայրն էլ, ասես, քեզ ստիպում էր ուրիշ ձևով ապրել: Ասես ամբողջ միջավայրը ստեղծված էր այնպես, որ քեզ օգներ, որպեսզի դու կայանաս:
– Ինչպե՞ս եք Ձեզ պատկերացնում առաջիկա տարիներին, ինչո՞վ եք զբաղվելու և որտե՞ղ:
– Առաջիկա հինգ տարին լինելու եմ ակադեմիական համակարգում, զբաղվելու եմ հետազոտությամբ, բայց այնպես, որ հետագայում լուրջ մակարդակի հասնեմ: Կգնամ նորից Քեմբրիջ, ինչքան գիտելիք հնարավոր է` կկուտակեմ և, ամենայն հավանականությամբ, այդ ամենից հետո, ամեն դեպքում, կշարունակեմ աշխատանքս արդեն հավանաբար կոմերցիոն կազմակերպությունում` գիտահետազոտական լուրջ պաշտոնում: Եթե հաջողվեր որևէ վենչուրային հիմնադրամով Հայաստանում բացել նանոտեխնոլոգիական լաբորատորիա, դա արդեն ուրիշ բան կլիներ…
Ներկայիս Հայաստանը մեծ հնարավորությունների երկիր է, որտեղ մենք` ուսանողներով, ակտիվ հայ գիտնականների հետ կարող ենք շրջադարձային հեղափոխություն անել այս ոլորտում: Մարտահրավերը մեծ է, բայց ես մեծ հավատ ունեմ, որ մեզ կճանաչեն ոչ միայն մեր շախմատի հաջողություններով, այլև մեծ ներդրումներով գիտության մեջ:
«168 ԺԱՄ»