Ստյոպա Սաֆարյան. Այն տպավորությունն է, որ Տիգրան Ուրիխանյանը նկարվելու խնդիր ունի ու մուտիլովկա է անում

168.am-ի հարցազրույցը «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի հետ:

– ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը այսօր հայտարարել է, որ կուսակցություններ կան, որոնք «կուրծք են պատռում, ներողություն, արմունկներ են կրծում ընտրությունների որակի համար, ուզում եմ իրենց հարց ուղղել, և բնականաբար հարցն ուղղված է «Բարև, Երևան» դաշինքինԻնչո՞ւ են իրենց հանձնաժողովների տեղերը Հանրապետական կուսակցության անդամներով լցվում»: Իրականությանը համապատասխանո՞ւմ  է ԲՀԿ խոսնակի հայտարարությունը:

– Բացարձակ չի համապատասխանում իրականությանը, որովհետև ամբողջ Երևան քաղաքում ավելի քան 400 տեղամասերում, հանձնաժողովներում նշանակվել են բացառապես «Ժառանգության» կողմից նախկինում տարբեր մարզերում նշանակված անդամներ, որոնք ապահովել են լավագույն ցուցանիշներ»: Մենք վստահված անձինք ունենք Գյումրիից, Վանաձորից, Թալինից, Չարենցավանից և այլ քաղաքներից, ովքեր շատ լուրջ սկզբունքներով են ընտրվել: «Ժառանգություն» կուսակցությունը ոչ միայն ՀՀԿ-ին, այլև քաղաքական և ոչ մի կուսակցության՝ լինի դա թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական, իր տեղերը չի վաճառել: Մեր վստահված անձինք ընտրվել են որոշակի սկզբունքի վրա և բոլորն էլ նախկինում առնվազն չորս-հինգ և ավելի ընտրություններին մասնակցած աձինք են:

Նախագահական ընտրությունների օրը Խարբերդի տեղամասերից մեկում «Ժառանգություն» կուսակցության վստահված անձը, ինչպես հայտարարվեց հետո՝  աշխատում էր գործող իշխանության համար: Այս անգամ ինչպե՞ս եք ընտրել վստահված անձանց, որո՞նք են այդ լուրջ սկզբունքները, որոնց մասին ասացիք:

Կարդացեք նաև

– Առաջին  հերթին նայել ենք այն ցուցանիշներին, թե որքա՞ն հմուտ է վստահված անձը, քանի ընտրական գործընթացի է մասնակցել, նայել ենք մարդկանց երաշխավորումներն ու ըստ այդմ հասկացել: Եղել են ընտրատարածքներ, որտեղ մարդիկ ավելի քիչ փորձառություն են ունեցել, ում մենք փոխարինել ենք:

Ի դեպ, Տիգրան Ուրիխանյանի համար ասեմ՝ «Ժառանգության» վրա մուննաթ գալու փոխարեն, լավ կլինի բոլորը բացատրություն տան՝ ո՞ւր էին իրենց հանձնաժողովների անդամները նախագահական ընտրությունների ժամանակ: Ես խորին շնորհակալություն եմ հայտնում ոչ իշխանական ուժերի այն ներկայացուցիչներին, ովքեր առանձին-առանձին տարբեր տեղերում պահել են օրենքը: Իսկ սա, կներեք, բայց համատարած չի եղել:

Եթե «Ժառանգությունը» ինչ-որ տեղերում չի կարողացել պահել ձայները, նշանակում է, որ այդտեղ չեն եղել նաև մյուսները: Փոխանակ բացատրություն տան, թե նախագահական ընտրություններին ո՞վ ում տվեց իր տեղերը, ում օգտին էին աշխատում նրանց կողմից նշանակվածները, որոնք «Ժառանգության» անդամի փոխարեն չկարողացան պահել ժողովրդի ձայնը, չի կարելի նման հայտարարություններ անել: Ցավում եմ, որ Տիգրան Ուրիխանյանի կողմից նման հայտարարություններ է հնչում, ընդ որում՝ առանց անունների, ապացույցների: Նման հայտարարությունները պետք է անուններով լինեն:

Ի դեպ, րոպոներ առաջ Նոր Նորքի «Ժառանգության» շտաբում հավաքվել էինք ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի ներկայացուցիչներով ու տեղամաս առ տեղամաս բոլորս ներկայացրել ենք մեր անդամներին, տեղեկատվություն ենք միմյանց փոխանցել ու որևէ մտահոգություն՝ ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ ՀՅԴ-ն, ո՛չ ՀԱԿ-ը նշանակումների հետ կապված չեն հայտնել: Նմանատիպ աշխատանքներ են տարվում նաև վարչական մյուս շրջաններում: Հիմա եթե Տիգրան Ուրիխանյանը որևէ փաստերի է տիրապետում, կարող էր տրամադրել մեր նմանատիպ հանդիպումների ժամանակ: Բայց եթե նման տեղեկատվություն չի հայտնվել, նշանակում է, որ նա ընդհամենը շոու է անում:

– Պարոն Սաֆարյան, «Բարև, Երևանը» իր վստահված անձանց, հանձնաժողովի անդամների կուսակցական պատկանելությունը կամ տվյալ անձի քաղաքական նախասիրությունները գիտի՞:

– Կան հանձնաժողովի բազմաթիվ անդամներ, որոնք որևէ կուսակցությանը չեն հարում: Հանձնաժողովի անդամները պետք է ապահովեն օրենքի կիրառությունը ու կուսակցական շահ չեն ներկայացնում: Բայց կան հանձնաժողովի անդամներ, որոնց նշանակման համար կուսակցությունները ներկայացնում են ցուցակներ, որոնց մեջ ներառված մարդիկ քննություն են հանձնում ու ստանում լիցենզիա: Մեր հանձնաժողովի անդամները վերապատրաստում անցել են «Ժառանգության» ներկայացված հայտերով:

Որոշ մարզերում դպրոցի ուսուցիչներից շատերը, որոնք մեր համակիրներն են, հիմա անուններ չեմ տալու, հասցեներ չեմ ասելու, նրանց հարկադրաբար ներկայացրել են ՀՀԿ ցուցակով վերապատաստման, բայց նրանք միևնույնն է՝ «Ժառանգության» անդամ են: Եթե, օրինակ, մեր կառույցի նվիրված անդամի կնոջը ՀՀԿ-ից ցուցակներով պարտադրել են գնալ լիցենզավորման, մենք ասեինք՝ մի գնա՞:

Քանի որ հերքեցիք Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունը, պատրա՞ստ եք այդ թեմայով հրապարակային բանավիճել իր հետ, ինչպես առաջարկել էր ԲՀԿ խոսնակը, և դիտարկել փաստերը:

– Եթե ես ընդունեմ Տիգրան Ուրիխանյանի նետած ձեռնոցը, ԲՀԿ-ի հանձնաժողովի անդամների ցուցակը վերցրած իր հետ գնամ բանավեճի ու հրապարակային հայտարարություն անեմ, որ ԲՀԿ-ից հարյուրավոր հանձնաժողովի անդամներ վաճառվել են, արդյոք դա լինելո՞ւ է ճշմարտությունը: Տիգրան Ուրիխանյանն ընդհամենը ցեխ է արձակում «Ժառանգության» վրա: Ոչ մեկ չի ասում, որ մեր վստահված անձինք անթերի են: Բայց եթե ԲՀԿ-ն նախընտրում է մեզ տեղյակ չպահել հայտարարելուց առաջ կամ փաստեր չունենալով խոսել, ուղղակի վերջին օրով հետապնդում է շոուներ անցկացնելու միտմանը, ցավում եմ:

Տիգրան Ուրիխանյանի պահվածքից դուրս, ԲՀԿ շատ կառույցի անդամներ, առանց շոուների, իրենք են ցանկություն հայտնել միասին քննարկենք այդ հարցը:

Ես մի բանից եմ վախենում՝ չգիտեմ՝ ի՞նչ վիճակ կլինի, որովհետև գիտեմ, որ մեր հանձնաժողովների անդամներին անգամ հրավիրել են սուրճ խմելու, ինչ-որ խնդիրներ քննարկելու ու որևէ մեկս չենք կարող ասել, թե ոչ իշխանական ուժերի հանձնաժողովի այս կամ այն անդամը ինչպես կպահի իրեն ընտրության օրը, քանի որ նման փորձեր արվել են ոչ իշխանական բոլոր ուժերի հանդեպ:

Տիգրան Ուրիխանյանը՝  իմանալով այս մասին, պարզապես ալիբի է ստեղծում այն տեղամասերի հետ կապված, որտեղ հնարավոր է, որ ԲՀԿ անդամները խնդիրներ ունենան: Բայց պետք է ազնիվ լինել «Ժառանգությունը» երբեք չխուսափեց ասելու, որ որոշ տեղերում թույլ ենք եղել, մեր «պագոններն» էլ չեն ընկնի, եթե ասենք, որ մեր անդամներն, այո, խնդիրներ ունեցել են:

Բայց փոխանակ պատասխան տան, որտեղ էին նախագահական ընտրություններին, ընկել են մեկի հետևից: ԲՀԿ-ն կարող էր գալ ու ասել, որ ունեն այսպիսի տեղեկատվություն, բայց զբաղվում են մուտիլովկայով: Մինչ ԲՀԿ կուսակցության շատ անդամներ խնդիր են լուծում, Տիգրան Ուրիխանյանը մուտիլովկա է անում: Ինչպես բխում է հայտարարությունից, ԲՀԿ խոսնակի նպատակը ջուրը պղտորելն է: ԲՀԿ ղեկավարությունը պետք է մտածի այս վիճակի մասին: Որովհետև ոչ մեկս էլ չենք կարող ասել՝ ինչ կլինի մայիսի հինգին: Եթե ՀՀԿ-ն փորձում է գնել մեկին, չի կարող մյուսին չգնել:

Նույն վտանգը ԲՀԿին ևս սպառնո՞ւմ է:

– Իհարկե: Այն տպավորությունն է, որ Տիգրան Ուրիխանյանը վտանգը զգում է, որ ինչ-որ տեղ ԲՀԿ-ականներ, ՀԱԿ-ականներ, Ժառանգականեր, ՀՅԴ-ականներ կարող են գայթակղվել, նա հող է նախապատրաստում ԲՀԿ-ին այս ցուցակից սահուն հանելու համար: Հիմա եթե ապացույցներ ունի, պետք է ասի մեզ, որ ռիսկերը կրճատենք, ոչ թե շոու սարքի: Բայց եթե այս պահվածքի փոխարեն դեբատներ է ուզում անել… կներեք, բայց դեբատներով ժողովրդի ձայնը չես պահի, պարզապես կլոունադա կստեղծես, թատերական մի ներկայացում: Այն տպավորությունն է, որ Տիգրան Ուրիխանյանը նկարվելու խնդիր ունի, եթերով երևալու ցանկություն ունի, ինչ-որ էքսցենտրիկ պահվածք դրսևորելու խնդիր ունի: Իհարկե, եթե նա ընտրել է ինքնակայացման այդ ձևը, դա այլ հարց է, իսկ մենք զբաղված ենք գործով: Ու ուրախ եմ, որ ԲՀԿ-ում կան մարդիկ, որոնք մեզ հետ ձեռքի ձեռքի տված ընտրության վերահսկաման մեխանիզմներ են մշակում:

Տեսանյութեր

Լրահոս