Բաժիններ՝

Վարդանուշ Պետրոսյան. «Ո՞ր ուտելիքներից պետք է խուսափել հղիության ընթացքում»

Սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնտերոլոգ Վարդանուշ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է իր խորհուրդը հղի կանանց:

Կանայք և, հատկապես, հայ մայրիկները, հղիության բերկրանքը զգալու առաջին իսկ րոպեներից սկսում են տեղեկանալ, թե ինչ սնունդ է անհրաժեշտ ներառել իրենց սննդակարգում՝ առողջ երեխա լույս աշխարհ բերելու համար: Բայց, համոզված եմ, շատ քչերն են իրազեկված, թե որ սննդամթերքներից պետք է խուսափել կամ, գուցե և, իսպառ բացառել:

Հղիության ժամանակ սննդային թունավորման ռիսկայնությունն ավելի է մեծանում, իսկ պատասխանատվությունն առնվազն կրկնակի է դառնում: Այդ իսկ պատճառով սննդամթերքը մանրամասն լվանալու և թարմ օգտագործելու պարզ կանոններից զատ՝ պետք է ունենալ նաև այլ կարևոր տեղեկություններ:

Շատերը գիտեն, որ ծովային ուտելիքները հարուստ են պրոտեինի և օմեգա–3 յուղաթթվի պաշարներով, որոնք նպաստում են պտղի ուղեղի զարգացմանը: Բայց քչերը կիմանան, որ զուգահեռ սրան՝ գոյություն ունեն ձկնատեսակներ և կակղամորթեր, որոնց մեջ սնդիկի մեծ պաշար կա, որն էլ վտանգ է հանդիսանում երեխայի նյարդային համակարգի ձևավորման համար: Հաշվի առեք, որ որքան մեծ և ծեր է ձուկը, այնքան շատ է սնդիկի առկայությունը:

Կարդացեք նաև

hxi

Պետք է հիասթափեցնեմ սուշիի սիրահարներին՝ հայտնելով, որ հում կամ կիսահում ձկնեղենը, ինչպես նաև՝ ոչ թարմ մթերքը (իսկ մեր երկիր ներկրվելու համար ծովամթերքը երկար ճանապարհ է անցնում, հետևաբար՝ ինքներդ կարող եք դատողություններ անել), ոստրեները, ծխեցված և սառեցրած սաղմոնը հղիության ընթացքում կարող են վտանգավոր մանրէների աղբյուր հանդիսանալ: Հղիության ընթացքում սննդակարգից պետք է բացառել նաև թրաձուկը, թյունիկը կամ սկումբրիան, շնաձուկը:

Քիչ սնդիկ պարունակող ծովամթերքը վտանգ չի ներկայացնում, եթե այն օգտագործվում է չափավոր: Օրինակ՝ կարելի է շաբաթական մինչև 340 գրամ ցածր յուղայնությամբ պահածոյացված թյունոս օգտագործել, նույն շաբաթական չափաբաժինն ընդունելի է նաև ծովախեցգետնի, սաղմոնի, լոքոյի դեպքում, բարձր յուղայնություն ունեցող թյունոսի պահածոների օգտագործումը սահմանափակել մինչև շաբաթական 170 գ-ի չափով:

Մի զլացեք լավ եփել ծովամթերքը:

Անցնելով մյուս մթերքներին՝ հավելենք, որ այս դեպքում էլ երկար և լավ եփելն է, որ նորից մանրէներից խուսափելու երաշխիք է հանդիսանում:

Բացառեք կիսաեփ միսը, թռչնամիսը և ձուն:

Թռչնամիսը հատկապես վտանգավոր է դառնում, եթե նախապես լցոնված է. հում մսաջուրը խառնվելով լցոնի հետ՝ միկրոբների աճի համար լավ հիմք է ստեղծում:

Հում ձուն սալմոնելոզի աղբյուր կարող է դառնալ, եփեք մինչև դեղնուցի լավ պնդանալը՝ մոտ 15 րոպե. Այս դեպքում լավ տարբերակ է լորի ձուն, որը նույնիսկ հում վիճակում սալմոնելոզի վտանգ չի ներկայացնում:

Խուսափեք չպաստերիզացված սննդամթերքից, ինչպես, օրինակ, Մոցարելա պանիրն է:

Մի չարաշահեք А վիտամինը:

Մի չարաշահեք և կոֆեինը: Հիշեք, որ կոֆեինի մեծ քանակը կարող է ազդել երեխայի սրտի աշխատանքի վրա, իսկ որոշ բժիշկների պնդմամբ՝ նաև կարող է վիժման պատճառ դառնալ:

Կարծում եմ՝ կարիք չկա խոսելու ալկոհոլային խմիչքների վնասակարության մասին, բայց ա՛յ, որ խոտաբույսերով պատրաստած թեյերը կարող են վատ ազդեցություն ունենալ պտղի զարգացման վրա, երևի գրեթե բոլորիդ կզարմացնի: Այս ոլորտը դեռևս ուսումնասիրվում է: Որքան հնարավոր է՝ խուսափեք խոտաբույսերով թեյերից:

Առո՛ղջ սնվեք և առո՛ղջ բալիկներ պարգևեք ինքներդ ձեզ և ձեր սիրելիներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս