Էներգետիկայի նախարարը արդարադատության նախարարին չի հասկանում
Կառավարության՝ մայիսի 2-ի նիստի օրակարգում էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ներկայացրել է մի որոշման նախագիծ, որով «Բեկոր» ՓԲԸ-ին կթույլատրվի մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ: «Բեկոր» ՓԲԸ-ն լեռնահանքային արդյունաբերության մեջ պայթեցման աշխատանքներ իրականացնող մասնագիտացված ընկերություն է և կառավարության կողմից պարբերաբար ստանում է վերոնշյալ նյութերի ներկրման թույլտվությունը:
Ամենահետաքրքիրը, սակայն, վերոնշյալ որոշման նախագծի վերաբերյալ գերատեսչություններից ստացված դիտողությունների և առաջարկությունների ամփոփաթերթն է: Միակ առարկություն ներկայացնողը արդարադատության նախարարությունն է, որն առաջարկում է «նախագծի 2-րդ կետը հանել, քանի որ հիշյալ կետում նախատեսված են համապատասխան պետական կառավարման մարմինների կանոնադրական խնդիրներին վերաբերող դրույթներ»: Բանն այն է, որ այդ 2-րդ կետով բնապահպանության, առողջապահության, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարներին, ազգային անվտանգության ծառայության տնօրենին, ոստիկանության պետին և պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարվում է «սահմանված կարգով ապահովել «Բեկոր» ՓԲԸ կողմից ներմուծվող արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը»:
Ինչպես երևում է ամփոփաթերթից, արդարադատության նախարարության առարկությունը (որը չի ընդունվել), զայրացրել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը: Ներկայացնում ենք վերջինիս պատասխանը. «Պարզ չէ, թե ինչով է պայմանավորված որոշման նախագծի 2-րդ կետը «համապատասխան պետական կառավարման մարմինների կանոնադրական խնդիրներին վերաբերող դրույթներ» նախատեսելու հիմքով հանելու առաջարկությունը, քանի որ հիշյալ կետում նշված գերատեսչական մարմինների կանոնադրությունները չեն ներառում պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ներմուծման հետ կապված վերահսկողության որևէ դրույթ, հետևաբար, կրկնության փաստը բացառվում է:
Հավելենք նաև, որ պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ներմուծման թույլտվություն տալու մասին որոշումների նախագծերի քննարկման փուլում, մասնավորապես ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից, 23.09.2011թ. №1/02.2/1861-11, 21.10.2011թ. №1/06.2/2123-11, 29.09.2012թ. №1/4185-12, 12.06.2012թ. №1/02.4/1655-12, 28.09.2012թ. №1/4144-12 և նույնաբովանդակ այլ գրություններով բազմիցս պահանջ է ներկայացվել որոշման նախագծերի 2-րդ կետը լրացնել նոր վերահսկողական գործառույթներով, որը չի ընդունվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից, ինչին դեմ չի եղել նաև ՀՀ արդարադատության նախարարությունը:
Բացի այդ, հաշվի առնելով, որ մինչ այժմ տարիներ շարունակ պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ ներմուծելու թույլտվություն տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծերը ներկայացվել են նույն կարգով, իսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասը արգելում է վարչական մարմիններին անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, ներկայացված առաջարկության ընդունումը կդիտվի որպես կամայականություն, ուստի ընդունվել չի կարող»: