Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը Ազատության հրապարակում (ամբողջական)
Քիչ առաջ Ազատության հրապարակում ավարտվեց Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքը, որին կհաջորդի երթը Երևանի կենտրոնական փողոցներով: Րոպեներ առաջ իր ելույթն ավարտեց Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ներկայացնում ենք ելույթի ամբողջական տարբերակը ստորև.
«Սիրելի հայրենակիցներ,
Թեև այս հանրահավաքը նվիրված է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին, սակայն քանի որ մեր նախորդ հանրահավաքից անցել է գրեթե տաս ամիս, կարծում եմ հարկ կա, մինչև այդ հարցին անդրադառնալը, թեկուզ համառոտակի գնահատել նշված ժամանակամիջոցում Հայաստանում տեղի ունեցած մի ավելի կարևոր իրադարձություն։ Խոսքը, ինչպես վստահ եմ, արդեն իսկ կռահեցիք, վերաբերում է անցած նախագահական ընտրություններին։ Երկար-բարակ վերլուծության փոխարեն ես նպատակահարմար եմ համարում ձեր ուշադրությանը ներկայացնել այդ ընտրություններին վերաբերող հետևյալ ամփոփիչ արձանագրումները.
1. 2013թ. փետրվարի 18-ին Հայաստանի ավազակապետական ռեժիմին հերթական անգամ հաջողվեց համատարած ընտրակեղծիքների և ժողովրդի կամարտահայտության բացահայտ բռնաճնշման միջոցով պահպանել իշխանության լծակները և երկիրը հինգ տարի ևս անպատիժ կերպով թալանելու հնարավորություն ստանալ։
2. Դրա հետ մեկտեղ, ժողովրդի մեծամասնությունը ևս մեկ անգամ շառաչուն ապտակ հասցրեց ատելի ռեժիմին` պաշտոնական տվյալներով անգամ 42 տոկոս քվե ապահովելով ընդդիմության թեկնածուների օգտին, այն էլ ոչ թե, այսպես կոչված չար, այլ բարի ընտրությունների պարագայում, ինչից դժվար չէ պատկերացնել, թե ընտրակեղծարարության և բռնաճնշումների բացակայության դեպքում քանի իրական ձայն կստանար Սերժ Սարգսյանը։
3. Միջազգային հանրությունն ու դիտորդական առաքելությունները, ինչպես և սպասվում էր, նորից աչք փակեցին ընտրությունների ընթացքում կատարված համակարգային օրինախախտումների վրա և, առաջնորդվելով աշխարհաքաղաքական նկատառումներով կամ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները կայունությանը ստորադասելու սկզբունքով, կրկին սատար կանգնեցին Սերժ Սարգսյանին։ Ի դեպ, նշանակալից է, որ ի տարբերություն 2008-ի ընտրությունների, նրան այս անգամ շնորհավորեց նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը։
4. Հակառակ միջազգային հանրության դիրքորոշմանը, Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը, չի ընդունում անցած նախագահական ընտրությունների արդյունքները և, հետևաբար, Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության օրինակարգ նախագահ չի համարում, ինչպես չի համարել նրա կառավարման ողջ առաջին ժամկետում։ Ընդ որում, ընտրական գործընթացների նկատմամբ Հայաստանի ժողովրդի դրսևորած անվստահության փաստն այնքան ակնհայտ է, որ դա հարկադրված են ընդունել ու խիստ մտահոգիչ համարել նույնիսկ միջազգային կազմակերպությունները։ Մինչդեռ մտահոգիչ համարելուց բացի, սկզբունքային ու հետևողական լինելու դեպքում, այդ կազմակերպությունները տվյալ փաստից պետք է անեին բոլորովին այլ եզրակացություն, ինչը, սակայն, ըստ երևույթին, չի մտնում նրանց հաշիվների մեջ։
5. Կառավարման երկրորդ ժամկետում ձեռնարկած առաջին իսկ քայլերը, մասնավորապես Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում վերանշանակելու փաստը և Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում «վերընտրելուն» ուղղված ահռելի ջանքերը, ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանը, արբեցած ու ոգևորված միջազգային հանրության օրհնությունից, թքած ունի երկրի հասարակական կարծիքի վրա և ամենևին մտադիր չէ ոչ միայն հրաժարվելու ավազակապետության մինչ այժմ որդեգրած հանցավոր վարքագծից, այլև թեկուզ չնչին բարեփոխումների որևէ տրամադրություն ցուցաբերելու։ Ուստի կասկած չկա, որ առաջիկա տարիներին, ինչպես անցյալում, նա առաջնորդվելու է ոչ թե երկրի ու ժողովրդի շահերով, այլ 2018 թվականին որևէմի հարմար ժառանգորդի կերպարանքով ռեժիմի վերարտադրությունն ապահովելու անթաքույց նպատակադրությամբ։
6. Ասվածը չի նշանակում, անշուշտ, որ ռեժիմը չի զբաղվելու կեղծ-բարեփոխումների բեմականացմամբ կամ հանցավորության ու կոռուպցիայի դեմ պայքարի նմանակությամբ (իմիտացիայով)։ Ընդհակառակը, նման տիպի թատերական միջոցառումները գնալով շատանալու են` մի կողմից հասարակությանը մոլորեցնելու, մյուս կողմից` արտաքին աշխարհին հաճոյանալու ու նրա գովեստներին արժանանալու նպատակով։ Իրականում, սակայն, կեղծ-բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի քողի տակ Սերժ Սարգսյանը փորձելու է լուծել ռեժիմի ոչ-լոյալ տարրերից ազատվելու ու նրանց հաշվին սեփականության վերաբաշխման և երկրի հարստությունը իրեն հավատարիմ ավելի նեղ շրջանակի ձեռքում կենտրոնացնելու խնդիրը, այն դիտելով որպես վերը նշված միակ նպատակի իրագործման, այն է` 2018-ին ռեժիմի վերարտադրության, նույնն է թե, սեփական անձեռնմխելիության ապահովման գրավականը։
Այս արձանագրումները ես կատարում եմ ոչ թե հասարակության մեջ անելանելիության կամ հուսահատության սերմեր ցանելու, այլ բացառապես ընդդիմության քաղաքական հաշվարկները իրական ելակետերի վրա հիմնելու և Հայ Ազգային Կոնգրեսի առաջիկա գործունեության ընթացքում ճիշտ խնդիրներ դնելու ու հնարավոր ելքեր գտնելու նպատակով։ Անկախ կատարված արձանագրումներից, Սերժ Սարգսյանի շահած չակերտավոր երկրորդ «հաղթանակն» ամենևին չի նշանակում, թե նա այսօր ավելի ուժեղ է, քան իր կառավարման առաջին ժամկետում։ Ընդհակառակը, բոլոր հիմքերը կան պնդելու, որ այսօր նա շատ ավելի թույլ է, քան անցած հինգ տարիների ընթացքում, և որ օր-օրի նա ավելի է թուլանալու։ Դրա նշաններն են` նախորդ հնգամյակում կուտակված ձախողումների անթաքուցանելի բեռը, ռեժիմի և անձամբ Սարգսյանի դեմ անընդհատ խորացող համաժողովրդական ատելությունը, երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների բարդացումը, իշխանական ճամբարում սկիզբ առած և ծավալման միտումներ դրսևորող գզվռտոցը, ինչպես նաև ժառանգորդի թեկնածության շուրջ ծագելիք անխուսափելի հակամարտությունը։ Ուստի եթե դեռ կան մարդիկ, ովքեր Սերժ Սարգսյանի «վերընտրություն» կոչվածը հաղթանակ են համարում, ապա շուտով կհասկանան, որ դա ընդամենը պյուռոսյան հաղթանակ է, այն էլ` տարած ոչ թե հակառակորդի, այլ սեփական ժողովրդի նկատմամբ։
* * *
Երևանի ավագանու ընտրություններն, ըստ այդմ, պետք է դիտարկել ու իմաստավորել բացառապես վերը շարադրվածի կոնտեքստում, և քաղաքական ընդդիմության ռազմավարությունն ու գործնական քայլերի ծրագիրը կառուցել տվյալ հիմքի վրա, այլապես ո՛չ ընդդիմությունը, ո՛չ էլ հասարակությունը երաշխավորված չեն լինի հերթական սխալներից ու նոր հիասթափություններից։
Հակառակ ավագանու ընտրությունները չքաղաքականացնելու և Երևանի քաղաքապետի դերը աղբահանության գործառույթի հանգեցնելու ուղղությամբ իշխանության գործադրած ջանքերին, կարծում եմ, չկա մի բանական էակ, ով չհասկանա, որ դրանից ավելի կարևոր քաղաքական հարց այսօր Հայաստանում գոյություն չունի և գոյություն չի էլ ունենալու առաջիկա չորս տարիների ընթացքում, քանի որ ավագանու ընտրություններում լուծվելու է ոչ թե սոսկ քաղաքապետի, այլ, առանց չափազանցության, ռեժիմի ճակատագիրը։ Այսինքն, այն ինչ չհաջողվեց նախագահական ընտրություններում, քաղաքական ուժերի համերաշխ ու նպատակասլաց գործունեության և ժողովրդի առավել ակտիվության պարագայում կարող է հաջողվել այս ընտրություններում։ Ուստի որքան էլ չուզենան խոստովանել, Երևանի ավագանու ընտրություններն իշխանությունների համար նույնիսկ ավելին են, քան քաղաքական հարցը, քանի որ դրանք շոշափում են իրենց գոյության իսկ խնդիրը։
Ցավոք, սակայն, իմ տպավորությամբ, իշխանություններն ավելի լավ են հասկանում այս պարզ ճշմարտությունը, քան քաղաքական ուժերից շատերը։ Դրա վկայությունն է այն, որ վարչախումբը, մի կողմ դրած ընդամենը երեքամսյա հնություն ունեցող բարի ընտրություններ անցկացնելու մտադրությունը, կրկին վերադարձել է չար ու բռնի ընտրություններ անցկացնելու իր հին ու փորձված մեթոդին` գրեթե ամեն օր ոստիկանության և քրեական տարրերի միջոցով ահաբեկումներ ու սադրանքներ իրականացնելով ընդդիմության, մասնավորապես, Հայ Ազգային Կոնգրեսի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվիստների նկատմամբ։
Նկատի ունենալով Երևանի ավագանու ընտրությունների գերկարևորությունը երկրի ապագայի համար, հարկ եմ համարում մի վերջին անգամ բարեկամական կոչով դիմել բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին ու հասարակական կազմակերպություններին` մի կողմ դնել առկա անհամաձայնություններն ու փոխադարձ կշտամբանքները և, դառնալով մեկ միասնական բռունցք, մայիսի 5-ին վճռական ճակատամարտ տալ հանցավոր ռեժիմին` մայրաքաղաքը նրա ճիրաններից կորզելու և դրանով Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնումը մոտեցնելու համար։ Հավատացած եմ, որ նախագահական ընտրություններից ընդամենը երկուսուկես ամիս անց, երբ դեռ մարած չի լինելու ռեժիմի դեմ ծառացած ժողովրդի ընդվզման լիցքը, կա՛ այդ հնարավորությունը, և ընդդիմության կողմից հանցագործություն կլինի չօգտագործել այդ լիցքն ու կորցնել նման հնարավորությունը։
Չպետք է մոռանալ, որ ռեժիմի նկատմամբ համընդհանուր դժգոհությունից բացի, նրան մեծապես խոցելի է դարձնում նաև քաղաքապետի իշխանական թեկնածուի անձը։ Թեև Հայ Ազգային Կոնգրեսի հիմնադիր համագումարում ես իմ կուսակիցներին կոչ էի արել չանձնավորել նախընտրական քարոզչությունը, սակայն վերջինիս ներկայացրած եկամուտների ու ունեցվածքի հայտարարագիրը այնքան սպառիչ է բնութագրում նրա բարոյական նկարագիրը, որ թե՛ կուսակիցներիս, թե՛ նաև ինձ համար անհնար է դարձնում հետևել այդ կոչին։ Իր ողջ չափահաս կյանքում բացառապես վարչական պաշտոններ զբաղեցրած մարդը ոչ մի երկրում չէր կարող օրինական ճանապարհով դիզել այնպիսի հսկայական կարողություն, ինչպիսին 10–12 տարվա ընթացքում հաջողվել է, չգիտեմ ինչ տաղանդի շնորհիվ, դիզել ՀՀԿ-ական այդ հրաշամանուկ թեկնածուին։ Իսկ եթե դրան գումարենք նաև Հայոց Մեծերի պանթեոնում բոլոր մնացյալ աճյունների վրա գերիշխող նրա հոր հսկայածավալ սկյութական դամբարանը, ապա այդ անձնավորության կերպարը կատարյալ կդառնա։ Առանձին վերցրած այս երկու փաստերն արդեն լիակատար հիմք են` մայիսի 5-ին վճռական «ո՛չ» ասելու նրա գլխավորած հանրապետական ցուցակին։ Զարմանալ կարելի է, թե որքան ցինիկ պետք է լինի մի իշխանություն և որքան պետք է արհամարհի սեփական ժողովրդին, որպեսզի հասարակությանը ներկայանա ահա այսպիսի նկարագրի տեր թեկնածուով։
* * *
Ինչպես տեղյակ եք, վերակազմավորված Հայ Ազգային Կոնգրեսը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է թարմ, երիտասարդ, ինտելեկտուալ կազմով և քաղաքապետի այնպիսի փորձված ու արժանի թեկնածուով, ինչպիսին Վահագն Խաչատրյանն է, ով մայրաքաղաքի կառավարման վարչակազմը գլխավորել է նորանկախ Հայաստանի պատմության թերևս ամենադժվար տարիներին՝ պատվով դուրս գալով այդ ծանր պարտականության տակից և հետագայում մնալով ու ներկայումս էլ հանդիսանալով երկրի ամենահարգված ու պարկեշտ քաղաքական գործիչներից մեկը։
Քանի որ, դժբախտաբար, ընդդիմությանն ինչ-ինչ պատճառներով չհաջողվեց ընտրություններին մասնակցել դաշինքով կամ միասնական ցուցակով, բնականաբար, յուրաքանչյուր կուսակցություն ընտրողներին կոչ է անելու ձայն տալ սեփական ցուցակի և քաղաքապետի իր առաջադրած թեկնածուի օգտին՝ ենթադրելով, որ ընդդիմության դաշինքն ինքնըստինքյան կձևավորվի ընտրություններից հետո։ Ուստի հետևելով այս տրամաբանությանը, մենք նույնպես ժողովրդին կոչ ենք անում միահամուռ կերպով մասնակցել ընտրություններին և քվեարկել Հայ Ազգային Կոնգրեսի ցուցակի ու այն գլխավորող Վահագն Խաչատրյանի օգտին։
Գիտակցելով, որ ընդդիմության մաքսիմում-ծրագիրը պետք է լինի Երևանի ավագանու կազմում մեծամասնության ապահովումը, իսկ մինիմում-ծրագիրը՝ Հանրապետական կուսակցության համար 40%-ից ցածր քվեների արձանագրումը, Հայ Ազգային Կոնգրեսը միակողմանիորեն, առանց նախապայմանների, իր համար սահմանել է քարոզարշավային հետևյալ կանոնները.
– Քննադատության միակ թիրախ դարձնել իշխանական կոալիցիան ներկայացնող Հանրապետական և Օրինաց երկիր կուսակցություններին.
– Հակաքարոզչությամբ չզբաղվել ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ, նույնիսկ այն պարագայում, երբ նրանցից որևէ մեկը չի հարգի այս կանոնները.
– Չանել որևէ քայլ, որը կխանգարի ընտրություններից հետո ավագանու կազմում ընդդիմադիր դաշինքի ձևավորմանը։
Լինելով 1988 և 2008 թվականներին ձևավորված համաժողովրդական շարժումների ժառանգորդը՝ վերակազմավորված Հայ Ազգային Կոնգրեսը կարիք չունի ապացուցելու, որ հավատարիմ է իր դավանած արժեքներին ու քաղաքական ծրագրերին։ Դրա վկայությունն է ինչպես մեր անցած ուղին, այնպես էլ մեր սկզբունքային գործունեությունը Ազգային Ժողովի նույնանուն խմբակցության շրջանակում, որտեղ մենք ներդաշնակորեն համագործակցում ենք Հայաստանի ժողովրդական, Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան և Ազատություն կուսակցությունների ղեկավարների հետ, սիստեմատիկաբար հանդես գալով խմբակցության նախընտրական պլատֆորմից բխող միասնական քաղաքական և օրենսդրական նախաձեռնություններով։ Առիթն օգտագործելով, ուզում եմ հատուկ ընդգծել ՀԺԿ-ի ու նրա առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի առանցքային դերը ինչպես անցյալ հինգ տարիների մեր համատեղ գործունեության բնագավառում, այնպես էլ, անկասկած, մեր հետագա սերտ և բեղմնավոր համագործակցության կոնտեքստում։
Վերադառնալով Երևանի ավագանու ընտրությանը, հարկ եմ համարում շեշտել, որ այն ո՛չ մեր պայքարի սկիզբն է, ո՛չ էլ վերջը, այլ ընդամենն այդ պայքարի մի հանգրվանը, թեև, ինչպես արդեն նշվեց, չափազանց կարևոր հանգրվաններից մեկը։ Հետևաբար, իր կարևորությամբ հանդերձ, ինչպիսին էլ լինի ընտրության արդյունքը, այն բացարձակապես չի ազդի Կոնգրեսի հետագա նպատակասլաց, հետևողական, համառ ու տքնաջան գործունեության վրա։
Հասարակությունը կարող է համոզված լինել, որ ի դեմս Կոնգրեսի կա՛ ինստիտուցիոնալ առումով լիովին կայացած, հասուն, միաձույլ, վճռական քաղաքական ուժ, որը լինելու է իր մշտական ուղեկիցն ու երկրի ամենաազդեցիկ քաղաքական գործոններից մեկը, և որը երբեք չի հուսալքվելու, չի հոգնելու, երբեք հանցագործ իշխանությունների հետ խաղեր չի տալու՝ պայքարելով այնքան ժամանակ, քանի դեռ մեր երկիրը չի ազատվել ավազակապետության ճիրաններից և չի բռնել աշխարհի իրավական, ժողովրդավար ու բարգավաճ պետությունների շարքը դասվելու ճանապարհը։
Ով պատրաստ չէ անձնվեր, անշահախնդիր, երկարատև պայքարի, Կոնգրեսի շարքերում տեղ չունի։ Ով պատրաստ չէ մոռանալու սեփական ես-ը և զրկանքների գնով լծվելու երկիրը չարիքից ազատելու անհետաձգելի գործին, թող բարի լինի խանգարել մեզ ու շարունակի գուժել Կոնգրեսի մոտալուտ թաղումը։ Մենք սովոր ենք թե՛ ճակատից, թե՛ կողքից, և թե՛ թիկունքից հասցվող հարվածներին, բայց ոչ ոք թող հույս չունենա, որ դա կարող է մեզ թևաթափ անել ու ետ կանգնեցնել մեր պայքարից։
Պայքար, պայքար մինչև վերջ»։