«Նման խայտառակ դեպքից հետո իրավական, քաղաքակիրթ պետության մեջ արդարադատության նախարարը գոնե անմիջապես պետք է հրաժարական տար»
Հայաստանի արդարադատության համակարգը պատժիչ համակարգ է. ամեն ինչ արվում է, որ մարդիկ պատժվեն՝ առանց դատարանի վճիռն ուժի մեջ մտնելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը՝ խոսելով օրերս Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում մահացած 65-ամյա Ժորժիկ Բաղումյանի մասին: Վերջինիս պաշտպան Մուշեղ Շուշանյանը համոզված է, որ իր պաշտպանյալին կալանքի տակ պահելը կիրառվել է՝ որպես պատիժ. նրան ցանկացել են ունեզրկել և տիրանալ նրա ունեցվածքին:
Ժորժիկ Բաղումյանը մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերի հարկերի վճարումից խուսափելու և անօրինական զենք պահելու համար: Նախորդ տարվա հոկտեմբերի 27-ից նա գտնվում էր կալանքի տակ: Այս տարվա ապրիլի 25-ին Ժորժ Բաղումյանը մահացել է: Նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանն ասաց, որ դատարանը 3 անգամ քննել է կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը. ըստ պաշտպանի՝ Ժորժ Բաղումյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկար.
«Օրենքով, միջազգային պայմանագրերով նախատեսված բացառապես ոչ մի իրավական հիմք չկար նրան տևական կալանքի տակ պահելու համար: Նաև դատարանի ուշադրությունն եմ հրավիրել Ժորժ Բաղումյանի ուշադրության վրա: Ժորժ Բաղումյանը 2004-ին տարել էր ինֆարկտ, նա հիպերտոնիկ էր, նա տառապում էր շաքարային դիաբետով և նաև այլ հիվանդություններով, այսինքն՝ ուներ բազմաթիվ առողջական խնդիրներ, որոնք թույլ չէին տալիս, որ նա, այն էլ այդքան երկար ժամանակ, գտնվի քրեակատարողական հիմնարկում: Գաղտնիք չէ, հանրահայտ փաստ է, բոլորն էլ գիտեն, որ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի չէ ապահովել քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորների և դատապարտյալների պատշաճ բուժօգնության ցուցաբերումը: Դա փաստ է:
Այնուամենայնիվ, դատարանը թե՛ փետրվար ամսին որոշեց երկու ամսով երկարացնել կալանքի ժամկետը, թե՛ արդեն ապրիլի 22-ին: Ապրիլի 22-ին այդ հարցը շատ ավելի կտրուկ դրվեց իմ կողմից: Ես ուղղակի իմ առարկություններում, որոնք ես գրավոր ներկայացրել եմ դատարանին, նաև վերաքննիչ բողոքում, ուղղակի հայտարարեցի, որ, եթե դատարանը բավարարի քննիչի միջնորդությունը, Բաղումյանի նկատմամբ, ըստ էության, կայացվում է մահվան դատավճիռ, որովհետև Ժորժ Բաղումյանի առողջական վիճակը գնալով վատանում էր, և նա պարզապես ի վիճակի չէր լինի երկար ժամանակ գտնվել քրեակատարողական հիմնարկում՝ առանց պրոֆեսիոնալ, պատշաճ բժշկական օգնություն ստանալու»:
Մուշեղ Շուշանյանն ասաց, որ Ժորժ Բաղումյանը Նուբարաշենում գտնվել է քրեակատարողական հիմնարկի բուժմասում. բուժանձնակազմը, որքան հնարավոր է, օգնություն ցուցաբերել է, սակայն, ըստ պաշտպանի՝ նրան պարտավոր էին տեղափոխել դատապարտյալների կենտրոնական հիվանդանոց:
«1200 կալանավոր և դատապարտյալ ունեցող քրեակատարողական հիմնարկում ընդամենը 1 բուժակ կա: Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչի մասին է խոսքը: Դա խայտառակ վիճակ է: Իմ կարծիքով՝ դա ոչ թե տվյալ քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի պատասխանատվության հարցն է, այստեղ պետության մոտեցման հարցն է»,- ասաց Մուշեղ Շուշանյանը:
Նրա խոսքով՝ կան պոտենցիալ զոհեր, մարդիկ, ովքեր ունեն լուրջ առողջական խնդիրներ, ում պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում: Պաշտպանը որպես օրինակ՝ ներկայացրեց Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում գտնվող գործարար Բարեղամ Պետրոսյանին, ով, ըստ փաստաբանի, շնչառական դիմակով էր շնչում:
Ասուլիսին ներկա էր նաև Ժորժ Բաղումյանի եղբայրը՝ Սերժ Բաղումյանը, ում կարծիքով՝ իր եղբորը սպանել են: Նա նշեց, որ նաև իրենից, անձնական շահ հետապնդելով՝ գումար են պահանջել:
Մուշեղ Շուշանյանն ասաց, որ պահանջելու են գործ հարուցել և պատասխանատվության ենթարկել առնվազն հետևյալ անձանց՝ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի Քննչական վարչության քննիչ Էդգար Անտոնյան, տվյալ գործի նկատմամբ հսկողություն իրականացրած՝ Գլխավոր դատախազության Կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Բագրատ Պետրոսյան, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյան, ով 3 անգամ երկարացրել է Ժորժ Բաղումյանի կալանքի ժամկետը, վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արարատ Պետրոսյան, ով մերժել է պաշտպանական կողմի բողոքն ընտրված խափանման միջոցի վերաբերյալ:
«Եվ առհասարակ, ես կարծում եմ՝ նման խայտառակ դեպքից հետո իրավական, քաղաքակիրթ պետության մեջ արդարադատության նախարարը գոնե անմիջապես պետք է հրաժարական տար: Խայտառակություն է, երբ նման պայմաններում մարդ է մահանում, որը նախորդ օրերին 3-4 օր մահամերձ վիճակում է եղել: Անընդհատ շնչահեղձ է եղել, անընդհատ բժիշկ են կանչել, այդ բուժակը եկել, դեղ է ներարկել, որից հետո ժամանակավորապես վիճակը լավացել է»,- ասաց նա: