
Վրաստանն ու Ռուսաստանը քննարկելու են վիզային ռեժիմի դյուրացման հարցը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ առաջիկա հանդիպման ժամանակ քննարկվելու է վիզային ռեժիմի դյուրացման ու տրանսպորտային հաղորդակցության հարցերը.
«Մենք Ռուսաստանից պատասխան ենք ակնկալում, թե նրանք ինչ են կարծում վիզային ռեժիմի դյուրացման մասին՝ նախատեսված Վրաստանի որոշակի կատեգորիայի քաղաքացիների համար: Դրա հետ մեկտեղ կողմերը կարգավորում են գոյություն ունեցող տրանսպորտային խոչընդոտների հարցը:
Ես, մասնավորապես, նկատի ունեմ «Կազբեգի-Զեմո Լարս» անցակետի հարցը, որը հունիսի 1-ից աշխատելու է շուրջօրյա ռեժիմով: Թուրքիան շահագրգռված է Սոչիի օլիմպիական խաղերի համար բեռները Վրաստանով Ռուսաստան առաքելու մեջ»:
Աբաշիձեի ու Կարասինի երրորդ հանդիպումը պլանավորված է հունիսի 4-5-ին, Պրահայում, ուր մարտի 1-ին տեղի էր ունեցել նախորդ հանդիպումը: Առաջին հանդիպումը տեղի էր ունեցել դեկտեմբերի 14-ին, Ժնևում, ուր կողմերը պայմանավորվել էին հանդիպել երկու ամիսը մեկ անգամ:
Վրաստանի ու Ռուսաստանի միջև վիզային ռեժիմը մտցվել է 2000 թվականին, ինչի նախաձեռնողը եղել է ռուսական կողմը՝ կապված Չեչենական երկրորդ պատերազմի հետ: 2012 թվականի փետրվարի 29-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրամանով միակողմանիորեն վերացվեց Ռուսաստանի հետ գործող վիզային ռեժիմը: