Ինչո՞ւ է 10 տարվա արտգործնախարարը ցանկանում դառնալ քաղաքապետ

Այսօր «Մեդիա» կենտրոնում հրավիրված ասուլիսին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանից, ով Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում գլխավորում է ԲՀԿ-ի ցուցակը, հետաքրքրվեցին, թե արդյոք նախկին արտգործնախարարը, ով մասնագիտացած է եղել արտաքին քաղաքականության մեջ, ծանո՞թ է Երևան քաղաքի խնդիրներին և ի՞նչ հմտություններ ունի դրանց լուծման համար:

Ի պատասխան, Վ. Օսկանյանը նշեց. «Եթե Երևանի քաղաքապետի պաշտոնը դիտարկենք և ընկալենք այնպես, ինչպես իշխող կուսակցությունն է ներկայացնում, որ դա զուտ կենցաղային խնդիրներ լուծելու համար է, միգուցե ճիշտ եք ասում, բայց խնդիրն այն է, որ մենք այդպես չենք ընկալում, իշխող կուսակցությունն է այդպես դարձրել, իրենց այդպես է պետք` այնտեղ դնել մի մարդ, ով իրենց կուսակցությունից է, ինչ որ կուսակցությունը որոշի, իրեն կասեն, ինքը կանի»:

Վ. Օսկանյանը նշեց, որ ԲՀԿ-ն ավագանու ընտրությունները համարում է և´ քաղաքական, և´ տնտեսական, և´, բնականաբար, քաղաքային նշանակության:

«Եթե քաղաքին մոտենաս որպես ոչ միայն Հայաստանի բնակիչների, այլ ողջ հայության մայրաքաղաք, քաղաքին վերաբերվես որպես Հայաստանի տնտեսության գլխավոր շարժիչ ուժերից մեկը, որ Երևան քաղաքով էլ կարելի է երկրի զարգացման խթան հանդիսանալ,այն ժամանակ ընկալելի կլինի, թե ինչու 10 տարվա արտգործնախարար եղած մարդ պիտի ուզենա հավակնել քաղաքապետի պաշտոնին»,- բացատրեց պարոն Օսկանյանը` ավելացնելով, որ քաղաքապետի պաշտոնը «այնպես չէ, որ իրենից ցածր պաշտոն է», իսկ կենցաղային հարցերի լուծման համար կան վարչություններ, մասնագետներ: Ի դեպ, Վ.Օսկանյանը շեշտեց, որ Երևանի քաղաքային բյուջեի գրեթե հավասար է Արտգործնախարարության բյուջեի ծախսերին, և դրանց միջոցով կարելի է խթանել երկրի տնտեսության զարգացմանը:

«Բարգավաճ Հայաստանի» ցուցակի առաջին համարը ևս մեկ անգամ խոսեց սպասվող ընտրությունների քաղաքական նշանակության մասին` նշելով, որ դրանք իրոք քաղաքական են, քանի որ, իր խոսքերով, այսօր Հայաստանի զարգացման գլխավոր խոչընդոտը քաղաքական մենաշնորհն:

«Եթե ինձ կարող եք տալ ժողովրդավարական մի երկրի օրինակ, որտեղ մենատիրություն է, մի կուսակցություն 20-30 տարուց ավել իշխել է և տնօրինել է իշխանության բոլոր հնարավոր թևերը` օրենսդիր, գործադիր, դատական, նախագահ, մարզեր, պետական հիմնարկներ` մինչև դպրոցներ, եթե կա այդպիսի ժողովրդավարական պետություն, որն առաջընթաց է արձանագրել, խնդրեմ, ինձ օրինակները տվեք, չկա,- շեշտեց Օսկանյանը,- Այնպես որ, այս մենաշնորհն ինչ-որ տեղ փոխելու, տարրալուծելու 1-ին ընձեռնված մեծ հնարավորությունը մայիսի 5-ի ընտրություններն են, հաջորդ հնարավորությունը գալու է 4-5 տարի հետո` խորհրդարանական, նախագահական ընտրություններին, իսկ երկիրը, իմ կարծիքով, հաջորդ 4-5 տարիներին մենաշնորհի արդյունքում այսպիսի լճացման մեջ չի կարող մնալ:

Այսօրվա հրամայականները մեր առաջ շատ ավելի սուր են դրվել. ժողովուրդը շատ հստակ բողոքի ալիք է բարձրացրել, դա արտահայտվեց նախագահական ընտրությունների ընթացքում, դրան գումարվում են վերջերս սոցիոլոգիական հարցումները, որ մեր բնակչության 40 տոկոսը պատրաստ է ճամպրուկը կապել և գնալ»:

Տեսանյութեր

Լրահոս