Բաժիններ՝

Ջոն Հեֆերն. Պետությունները պետք է գիտակցեն մտավոր սեփականության իրավունքը և այն հարգելու կարևորությունը

Ապրիլի 26-ին նշվում է մտավոր սեփականության համաշխարհային օրը, որով ամեն տարի նշանավորվում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հիմնադրումը (WIPO) 1970թ.: Շատերի համար այս օրն աննկատ է անցնում, սակայն արժե մի պահ մտածել, մի պահ պատկերացնել, թե ինչպիսին կլիներ կյանքն առանց այնպիսի գյուտերի ու նորամուծությունների, ինչպիսիք են՝ համացանցն ու բջջային հեռախոսը,  որոնք այժմ դարձել  են մեր առօրյայի անբաժանելի մասնիկը:

Աշխարհի տարբեր ծայրերում աշխատող գիտնականներն ու գյուտարարներն իրենց աշխատանքին շատ ժամանակ ու միջոցներ են հատկացնում, և, որպեսզի նրանք միջոցներ ունենան իրենց գոյության ու հետագա գործունեության համար, անհրաժեշտ է, որ նրանց վճարվի կատարված աշխատանքի դիմաց, իսկ դա անելու հնարավորություն տալիս է մտավոր սեփականության իրավունքը:

Այդ պաշտպանությունը, որը խթաններ է ապահովում, որպեսզի  մարդիկ ժամանակ և միջոցներ տրամադրեն նորամուծությունների համար, այնքան մեծ կարևորություն ունի Միացյալ Նահանգներում, որ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությունը նախատեսվում է ԱՄՆ Սահմանադրության 1-ին հոդվածով:

Այս մոտեցմամբ մենք միակը չենք: Բազմաթիվ եվրոպական երկրներում մտավոր սեփականության իրավունքի պաշտպանվածությունն ապահովված է արդեն հարյուրավոր տարիներ, իսկ աշխարհի շատ երկրներ պարտավորություն են ստանձնել պաշտպանել մտավոր սեփականության իրավունքը՝ 1994թ. ստորագրելով Մտավոր սեփականությանն առնչվող առևտրային հարցերի շուրջ համաձայնագիր Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ (TRIPS): Սակայն բոլորը չէ, որ կատարել են իրենց պարտավորությունները, ուստի մտավոր սեփականության իրավունքների գործնական կիրառումը շարունակում է մնալ՝ որպես խոշոր մարտահրավեր:

Այս տարի Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության կողմից այս օրը նշվում է «Ստեղծարարությունը և հետագա սերունդները» խորագրի ներքո: Սա տոնն է բոլոր ազգերի հարուստ կամ աղքատ  գյուտարարների, գիտնականների ու հետազոտողների, ովքեր մեր շփումներն ու առօրյան կազմակերպելու նոր ուղիների կերտման առաջամարտիկներն են: Այստեղ Հայաստանում ամենամյա  մի շարք միջոցառումների ընթացքում ներկայացվում են նորարարների հաջորդ սերնդի ձեռքբերումներն ու նվաճումները:

Միկրոէլեկտրոնիկայի տարեկան օլիմպիադան, որ հովանավորվում է «Սինոփսիս» ընկերության կողմից, ներկայացնում է Հայաստանի մինչև 30 տարեկան լավագույն ու ամենաշնորհալի  երիտասարդ ճարտարագետներին: «Մայքրոսոֆթի» կողմից «Երևակայության գավաթ» համաշխարհային ուսանողական մրցույթի անցկացումը Հայաստանում խրախուսվում է, որպեսզի երիտասարդներն իրենց ողջ խանդավառությունը, երևակայությունն ու ստեղծարարությունը գործի դնեն՝ տեխնոլոգիայի ոլորտում ստեղծելով այնպիսի նորամուծություններ, որոնք կարող են ողջ աշխարհը փոխել: Մրցույթի մասնակից երիտասարդները Հայաստանի վաղվա ձեռնարկատերերն են, ստարտափ ընկերություններ հիմնողները և հետագա մեծ գաղափարներ կյանքի կոչողները՝ մի նոր Instagram կամ Skype ստեղծողները:

Այս երիտասարդ գյուտարարներին մենք ասում ենք՝ դուք պետք է օրինակ ծառայեք ձեր սերնդակիցներին: Ապագայի մեր հույսերը դուք եք մարմնավորելու: Ուստի, դուք պետք է այնպես անեք, որ ձեր ընկերներն ու գործընկերները հասկանան և պաշտպանեն մտավոր սեփականության  իրավունքը, դուք պարտավոր եք դա անել, ինչպես պետությունները դա պետք է անեն: Դրա համար ձեզ անհրաժեշտ է իմանալ երեք բան:  Առաջինը՝ պետք է իմանալ, որ մտավոր սեփականության իրավունքը աշխարհագրական հիմքեր ունի: Դուք ձեր պատենտը պետք է գրանցեք բոլոր այն երկրներում, որտեղ մտավոր սեփականության պաշտպանություն եք ակնկալում:

Երկրորդ՝ պետք է իմանալ, թե որքանով են արդյունավետ մտավոր սեփականության պաշտպանություններն այն երկրում, որտեղ դուք իրականացնում եք հետազոտություն, որտեղ դուք աշխատում, արարում և վաճառում եք ձեր գյուտերը, որպեսզի դրանք պաշտպանված լինեն: Կարող եք ընթերցել Առևտրի հարցերով ԱՄՆ ներկայացուցչի հատուկ 301 զեկույցը, որտեղ գնահատական է տրվում մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության ու իրականացման վիճակին աշխարհում: Մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ  առանձին երկրների գործելաոճը կարող եք ուսումնասիրել՝ այցելելով STOPfakes.gov  կայքը, ինչպես նաև՝  Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության կայքի երկրների բնութագրերի բաժինը: Հարկ է նշել նաև, որ Միացյալ Նահանգներն ունի մտավոր սեփականության պաշտպանության ամենաարդյունավետ ու ամենաթափանցիկ ռեժիմներից մեկն ամբողջ աշխարհում, ուստի բազմաթիվ գիտնականներ, գյուտարարներ ու ձեռներեցներ (հուսանք, որ դուք նույնպես) պատենտի համար դիմում են ներկայացնում հենց Միացյալ Նահանգներում:

Երրորդ, մի գոհացեք սոսկ ձեր նորամուծությունները պաշտպանելով, այլ նաև հանդես եկեք մյուսների ստեղծածը պաշտպանելու դիրքերից: Կեղծված պայուսակը կամ ֆիլմի հենային տարբերակը գուցե և գրավիչ լինեն, բայց դրանց վաճառքի արդյունքում ձեզ նման ինչ-որ մեկը տուժում է: Տնտեսությունն է տուժում: Սա ալիքաձև ազդեցություն է ունենում: Եվ դա ձեր գործն է, որպեսզի պատասխանատվություն ստանձնեք և այնպես անեք, որ ձեր բարեկամները, ընտանիքները, գործընկերները, պետությունները գիտակցեն մտավոր սեփականության իրավունքը և այն հարգելու կարևորությունը:

Մտավոր սեփականության համաշխարհային օրվա առիթով և հանուն գյուտարարների ու ստեղծարարների հաջորդ սերնդի՝ մենք կոչ ենք անում, որ յուրաքանչյուր ոք հարգի մտավոր սեփականության իրավունքը, և յուրաքանչյուր պետություն վերահաստատի բիզնեսի համար պարզ, հասկանալի և կիրառելի իրավական դաշտ, այդ թվում՝ մտավոր սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանություն ապահովելու իր հանձնառությունը:

ՋՈՆ ՀԵՖԵՐՆ
Հայաստանում ԱՄՆ դեսպան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս