Բաժիններ՝

Երկկողմանի «սպարտակիադա». մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. ««Բա կոմունիստների ժամանակ այդքան վթարներ, այդքան աղետներ տեղի՞ էին ունենում»: Հաճախ այդպիսի հարց կարելի է լսել միջինից բարձր տարիքի մարդկանցից:

Իսկապես, 1985 թվականից հետո մենք ավելի հաճախ ենք լսում տարբեր տեսակի աղետալի պատահարների մասին: Բայց դա չի նշանակում, որ դրանից աոաջ աղետներ չեն եղել: Պարզապես դրանք խնամքով թաքցվել են՝ իշանությունը հնարավորություն ու ցանկություն ուներ խորհրդային մարդկանցից տհաճ իրադարձությունները թաքցնել՝ խնայելով այդ մարդկանց նյարդերը և փորձելով չփչացնել երկրի միջազգային իմիջը:

Մոտավորապես նույնատիպ խոսակցություններ այսօր լսում ենք Գյումրիի հետ կապված՝ «այս ի՞նչ է սկսվել քաղաքում»: Բայց դա ոչ այսօր է սկսվել, ոչ էլ երեկ, քրեական «ռազբորկաները» Գյումրիում առնվազն 15 տարվա պատմություն ունեն: Պարզապես այդ ընթացքում Գյումրիի քաղաքապետը Վարդան Ղուկասյանն էր, որը հակամարտող կլաններից մեկի ղեկավարն է, և բնական է՝ այն, ինչ հնարավոր էր թաքցնել, նա թաքցնում էր, այն քրեական գործերը, որոնք հնարավոր էր «ջրել», նա «ջրում էր»: Ճիշտ է, դրա հետևանքով նորմալ չեն քննվել և չեն բացահայտվել նաև իր կլանի և իր անձի դեմ կատարված հանցագործությունները, այդ թվում նաև՝ իր դեմ մահափորձը:

Վարդան Ղուկասյանը, երբ նրան և նրա ընտանիքին մեղադրում էին քրեական հակումներ ունենալու մեջ, խիստ վրդովվում էր, ասում էր, որ դրանք պատվերով գրող լրագրողների հորինվածքներ են, մինչդեռ նա և իր ընտանիքը աստվածապաշտության և խաչապաշտության մարմնավորում են: Մի անգամ էլ պարոն Ղուկասյանը գյումրեցուն հատուկ հումորով այսպես է հակադարձել այս մեղադրանքներին. «Իմ մոտ միայն Սպարտակն է (որդին), իսկ նրանց մոտ (Մարտունիկի կլանում)` մի ամբողջ սպարտակիադա»:

Իրականում, սակայն, երկու կողմերից էլ քրեական գործերում խառնված են մի քանի տասնյակ մարդիկ՝ բարեկամական և ընկերական կապերով՝ կրիմինալ շղթայով միացած: Այնպես որ՝ «սպարտակիադան» երկկողմանի է:

Այժմ Վարդան Ղուկասյանն այլևս քաղաքապետ չէ: Եվ, որը էական է, քաղաքապետ չէ նաև նրա հետ հակամարտող՝ Մարտունիկի կլանի ներկայացուցիշը: Դա հնարավորություն է տալիս բացահայտ, առանց որևէ բան թաքցնելու խոսել գոյություն ունեցող խնդրի մասին: Այսինքն՝ ընդունել, որ այդ երկու թիմերի միջև իրականացվում է արյունալի վենդետա, որին պետք է օր աոաջ վերջ տալ, քանի նոր զոհեր շեն եղել: Ինչպես նաև՝ բարձրաձայնել, որ այդ ավազակախմբերը հովանավորներ ունեն Ազգային ժողովում և իշխանական այլ շրջանակներում:

Ավելի քան ակնհայտ է նաև, որ ապրիլի 24-ին մարդ սպանած ինքնաձիգը միակը չէ, որը կա երկու կլանների տրամադրության տակ գտնվող հարուստ զինանոցում: Ավելին՝ նման անօրինական զինված խմբավորումներ ունեն Հայաստանում բոլոր օլիգարխները, և դրանք օգտագործվում են ոչ միայն միջկլանային պայքարում, այլև քաղաքական նպատակներով (օրինակ՝ մարտի 1-ին): ժամանակն է բոլորին զինաթափել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս