Բաժիններ՝

Լեհական պատվիրակությունն ԱԻՆ-ում

Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում ընդունել են հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի պատվիրակությանը, որտեղ ընդգրկված էին ներկայացուցիչներ Լեհաստանի պաշտպանության, էկոնոմիկայի, ֆինանսների, շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարություններից։

ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց միջպետական համագործակցության հանձնաժողովի 3-րդ նիստի արձանագրության մեջ նշված ոլորտներում իրականացված աշխատանքները.
– Վերջերս մեր սեյսմիկ պաշտպանության ծառայությունը, համագործակցության նպատակով, կապ է հաստատել Լեհաստանի գիտությունների ակադեմիայի Երկրի ֆիզիկայի ինստիտուտի հետ և տնօրենին հրավիրել Հայաստան։ Վերջինս արագ արձագանքել է և պատրաստակամություն հայտնել միասին աշխատելու։ Լեհաստանի հետ փոխգործակցության մյուս ուղղությունը շրջակա միջավայրի պահպանությունն է` մասնավորապես պեստիցիդների ոչնչացումը։ Այս ոլորտում ՀՀ ԱԻ նախարարությունն աշխատել է Գլոբալ էկոլոգիական ֆոնդի (GEF) և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ։ Զգալի աշխատանք է կատարել նաև լեհական «Էկոտեխ» ընկերությունը` ուսումնասիրելով Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վիճակը։ Ներկայումս ԵԱՀԿ աջակցությամբ մի հոլանդական ընկերություն մշակում է պեստիցիդների ոչնչացման հնարավոր տարբերակները, որոնք մեզ կներկայացվեն աշնանը։

Ս. Ազարյանը նշեց նաև, որ մեր երկրները շատ ընդհանրություններ ունեն և կարող են համագործակցել այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են հրշեջ և փրկարար ծառայությունների, ճգնաժամային կառավարման կենտրոնների փորձի փոխանակումն ու միջազգային չափանիշներին համապատասխան որոնողափրկարարական թիմերի պատրաստումը։

Լեհական պատվիրակության ղեկավար, էկոնոմիկայի փոխնախարար Տոմաշ Տոմչիկևիչը վստահություն հայտնեց, որ Երկրի ֆիզիկայի ինստիտուտի և ՍՊԾ գործակալության միջև կծավալվի արդյունավետ համագործակցություն, և իր հերթին ՍՊԾ մասնագետներին հրավիրեց Լեհաստան` ծանոթանալու իրենց տեխնոլոգիաներին։

Շրջակա միջավայրի պահպանության նախարարի տեղակալ Ստանիսլավ Գավլովսկին հավելեց, որ «Էկոտեխ» ընկերությունը կարող է շարունակել աշխատանքները` կապված պեստիցիդների ոչնչացման հետ, քանի որ Լեհաստանում վերջին տարիներին բազմաթիվ նմանատիպ աշխատանքներ են իրականացվել և իրենք պատրաստ են կիսվել իրենց օգտակար փորձով։

ՓԾ տնօրեն Ս. Ազարյանն ընդգծեց, որ թունաքիմիկատների գերեզմանոցում առկա են սողանքային երևույթներ, ինչը բարդացնում է խնդրին վերջնական լուծում տալու գործընթացը և հիմնավոր ուսումնասիրություններից ու բոլոր տարբերակների քննարկումից հետո միայն պետք է ընտրվի խնդրի լուծման ամենաարդյունավետ ու անվտանգ եղանակը։

Հանդիպման ավարտին լեհական պատվիրակության անդամները եղան ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում` ծանոթանալով դրա կառուցվածքին, առաքելությանը, գործունեության սկզբունքներին ու տեխնիկական հնարավորություններին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս