ՌԴ-ն ԱՊՀ-ի երկրներին կօգնի արտասահմանյան անձնագրերի պատրաստման հարցում. Պուտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի քաղաքացիների հետ «ուղիղ շփման» ժամանակ չի բացառել, որ Ռուսաստանը կարող է ֆինանսական օգնություն ցուցաբերել այն երկրներին, որոնց հետ նախատեսված է ներդնել արտասահմանյան անձնագրերով մուտք գործելու համակարգը:

Ռուսական օգնությունն ուղղված կլինի անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստմանը: Դաշնային ժողովին հղած իր ուղերձում Պուտինը հայտարարել է, որ մինչև 2015 թվականը օտար երկրների բոլոր քաղաքացիները Ռուսաստան պետք է մուտք գործեն բացառապես արտասահմանյան անձնագրով: Արդեն հայտնի է, որ Ռուսաստանն արտասահմանյան անձնագիր է պատրաստելու Ղրղզստանի համար, որը հետագայում անհրաժեշտ կլինի երկիր մուտք գործելու համար:

Պուտինին հարց է ուղղվել, թե ինչու է արտասահմանյան անձնագրերի համակարգի գործարկումը պլանավորված 2015 թվականից և ոչ թե դրանից շուտ, ինչին նախագահը պատասխանել է, որ մյուս երկրներին պարզապես ժամանակ է անհրաժեշտ՝ բառի ուղիղ իմաստով այդ անձնագրերը տպելու, համապատասխան բլանկները պատրաստելու համար.

Պուտինի խոսքերով՝ այդ աշխատանքները կտևեն առնվազն մեկուկես տարի. «Կարելի է փորձել արագացնել այդ գործընթացը, սակայն այդ ժամանակ մենք չենք կարող որևէ դժգոհություն ներկայացնել մեր գործընկերներին: Որպեսզի գործընթացը լինի քաղաքակիրթ, մենք ստիպված ենք մեր բյուջեից ֆինանսական օգնություն տրամադրել այդ փաստաթղթերի պատրաստման համար»:

Պուտինը պատասխանել է նաև օտար քաղաքացիների կողմից երկրի տարածք մուտք գործելու կարգի խստացման անհրաժեշտության մասին հարցին. «Ես նույնպես կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է քաղաքակիրթ դարձնել ու խստացնել օտար քաղաքացիների կողմից Ռուսաստան մուտք գործելու կարգը: Խոսքն առաջին հերթին գնում է միջինասիական հանրապետությունների քաղաքացիների մասին»:

Տեսանյութեր

Լրահոս